«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով․ Թուրքիայի տրանսպորտի նախարար

14/10/2024

Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով;

Ազատության  փոխանցմամբ, այս մասին երեկ Kanal7-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով՝ առաջին դեպքում խոսքը 61 կմ երթուղու մասին է, երկրորդ դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի։

Անկախ երթուղու վերջնական որոշումից, ըստ թուրք նախարարի, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ այնուամենայնիվ կստեղծվեն։

«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է», - ասել է Ուրալօղլուն։

Թուրք նախարարի խոսքով՝ որևէ երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն։ «Պարզապես անխոհեմ է նման գաղափարին ընդդիմանալը»,- ընդգծել է Ուրալօղլուն՝ շեշտելով՝ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերականգնման բանակցություններին, սակայն մշտական կապի և համակարգման մեջ է Բաքվի հետ։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում Իրանի բացասական դիրքորոշմանը՝ Ուրալօղլուն կարծիք է հայտնել, թե «Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը հնարավոր է բացառապես իրանական տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկության մասին է»։