
Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է վերջանական փուլ. Փորձագետ
Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է վերջանական փուլ, այո փուլ, այն դեռ շուտ չի ավարտվի հաստատ, սակայն վերջաբանը երեւում է։
Կան բավականին կասկածելի և հետաքրքիր նյուանսներ ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններում։ Վաշինգտոնը չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանը ոչ մի ռազմական խաղաքարտ չունի այսօր։ Մոսկվայի միակ ռազմաքաղաքական խաղաքարտը Կուրսկն էր, որը հետ տրվեց նրան ԱՄՆ-ի աջակցությամբ։ Թրամփը միտումնավոր անջատեց ամերիկյան հետախուզական տվյալների հոսքը, Ուկրաինային զրկեց ռուսական կուտակումների հարվածելու հնարավորությունից, ինչպես նախորդ տարի այս ամիսներին նաեւ Խարկովի ուղղությամբ էր, ռուսները մտան թիկունք եւ ստացան իրենց հիմնական խաղաքարտը։ Սա միակ խաղաքարտն է, քանի որ Դոնբասյան ուղղությամբ ոչ մի էական հաջողություն չկա, մարտերը դանդաղել են, ուկրաինական զորքերը տեղ տեղ հակահարձակումներ են գրանցում, օդային հարվածները որոնց վրա միլիարդներ փոշիացվեցին, ոչինչ չտվեցին։ Ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքները կենսունակ են, իսկ որեւէ ռազմավարական օբյեկտ շարքից դուրս չի եկել, ավելին ուկրաինայի հարվածները պակաս ցավոտ չեն։ Պատահական չէ, որ Պուտինը այցելել է Կուրսկ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղությամբ սա ներկայացվի մեծ հաղթանակ։
ԱՄՆ-ը լավ գիտի, որ Մոսկվան գրեթե ոչինչ չունի։ Դա հաշվի առնելով, որևէ բանական մարդ, իսկ Թրամփի նման փորձառու գործիչն առավելևս, չի կարող ճնշել միայն Կիևին, ասելով, թե Զելենսկին խաղաքարտ չունի։ Եվ այստեղ կարելի է ենթադրել, որ սա կամ ի սկզբանե լավ մտածված պայմանավորվածություն է Թրամփի ու Զելենսկու միջև, կամ Թրամփն ակեդվատ չէ, սակայն թիմում կան մարդիկ, ովքեր իրականում հենց իրենք են այս ամբողջ խաղը տանում Զելենսկու հետ միասին, առանձնապես ուշադրություն չդարձնելով Թրամփի հայտարարություններին։ Այն, որ ուկրաինական ԶՈՒ–ն դուրս է գալիս ՌԴ Կուրսկի մարզից, ենթադրաբար, Զելենսկու զիջումն է, որը նրանից կորզել է Վաշինգտոնը, որպեսզի Մոսկվային բերի բանակցային սեղանի շուրջ։ Սա Մոսկվային տված մեծ խաղաքարտ է։ ՌԴ–ի համար Կուրսկը միշտ կարմիր գիծ է եղել, առանց այդ տարածքները հետ բերելու նա երբեք չի գա բանակցությունների։ Այժմ, ըստ էության, ուկրաինացիները կարող են գրագետ խուսանավելով նահանջել և պահել իրենց դեմքը, ինչը և անում են։ Միաժամանակ ռուսները չունեն այնքան ներուժ, որպեսզի Կուրսկին զուգահեռ, մեկ այլ հատվածում որևէ գոնե գումարտակի մակարդակի առաջխաղացում ապահովեն։ Դրան հակառակ Ուկրաինացիները գրագետ հակագրոհներ են կազմակերպում Պոկրովսկի հատվածում։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա նրա ռազմավարությունը բավականին պարզ ու հասկանալի է։ Գուցե զարմանալի թվա, սակայն նա ԱՄՆ գլոբալ քաղաքականության մեջ էական փոփոխություն չի մտցնում։ Այդ գլոբալ ուղեգիծն նույնն էր ինչպես դեմոկրատների իշխանության օրոք, այնպես էլ հիմա։ Այն է՝ Ռուսաստանին չպետք է այնքան թուլացնել, խեղճացնել, որ նա ստիպված լինի նետվել Չինաստանի գիրկը։ Ռուսներին պետք է այնքան եւ այնպես թուլացնել, որ նա գա ԱՄՆ գիրկը, որ հետո նրան օգտագործեն Չինաստանի դեմ։ Կարելի է խոսել դեմոկրատների ու հանրապետականների մեթոդների տարբերության մասին, սակայն մեծ հաշվով հայեցակարգը նույնն է։ Այս ռազմավարության տարրերն ակնհայտ էին դեռ 2022 թվականին, սակայն այն ժամանակ քչերն էին այս մասին խոսում։ Ընդ որում արդյունքները կարող են ի հայտ գալ տարիներ հետո։ Այժմ փորձենք հասկանալ, թե որն է Թրամփի՝ Ուկրաինային ամեն գնով բանակցային սեղան բերելու փորձերի պատճառը։ Խնդիրը նրա տեսակետից հետևյալն է՝ Կիևը լուրջ ռազմական հաջողություններ չունի։ Լուրջ ռազմական հաջողություններ չունի նաեւ Մոսկվան, այսինքն ճահիճ է, որտեղ մեծ գումարներ են մսխվում եւ զոհեր։ ԱՄՆ նախագահը խոսում է Ռուսաստանի՝ մարտի դաշտում հաջողությունների մասին։ Սակայն իրականում որևէ լուրջ հաջողություն ռուսները ևս չունեն, ինչպես վերը նկարագրեցինք։ Թրամփի հայտարարություններն ավելի շատ Պուտինի սիրտը շահելու նպատակ են հետապնդում այս պահին՝ հետագայում ՌԴ նախագահից ավելի մեծ զիջումներ կորզելու համար։ Թրամփն այլևս չի տեսնում որևէ ռացիոնալ պատճառ շարունակելու ֆինանսավորել պատերազմը Կիևին զինելու և ֆինանսավորելու միջոցով։ ԱՄՆ-ն միևնույն է այնքան զենք չի տա Ուկրաինային, որպեսզի նա ՌԴ-ին պարտության մատնի։ ԱՄՆ դա կարող է կազմակերպել օրերի ընթացքում եւ այս պատերազմի ընթացքում նման շանսեր եղել են մի քանի անգամ։ Սակայն այդ պարագայում ռուս-չինական մերձեցումն անխուսափելի կլինի, իսկ Կիևին օգնել այնքան, որպեսզի նա պարզապես չպարտվի, ևս անհեռանկարային է՝ լավագույն դեպքում ծանր ու հյուծիչ մարտերից հետո ռուսները կգրավեն ևս մեկ պայմամանական Պոկրովսկ կամ Կուրախովո, ինչը կհյուծի երկու կողմերին էլ, և արդյունքում դարձյալ կշահի Չինաստանը, որը եւս անգործ նստած չէ, ըստ անհրաժեշտության օգնում է երկուսին էլ, որպեսզի Ռուսաստանն ավելի մեծ կախվածության մեջ ընկնի։ Ահա սա է Թրամփի ամբողջ մեսիջը։ Երեկ տարի գործող խաղի կանոններն այլևս ձեռնտու չեն ԱՄՆ-ին։ Թրամփի համար կարևոր է, որ ռուսները ցանկանում են գալ բանակցությունների, նույնքան կարևոր է, որ այնքան խեղճացած ու անկյուն քշված չեն, որ ստիպված լինեն ծայրահեղ քայլերի գնալ, օրինակ միջուկային զենք կիրառել։ Ավելին նա Պուտինին նվիրել է Կուրսկը, որը վերջինս մեկ տարի է չէր կարողանում հետ վերցնել։ Եվ ուրեմն, Սպիտակ տանը կարծում են, որ ճիշտ ժամանակն է հասնել իրենց նպատակին։ Զելենսկին համաձայնել է հրադադարի մեկամսյա ժամկետին եւ գլոբալ կհամաձայնի նաեւ պատերազմի ավարտին։ Նրա համար հնարավոր առավելագույնը նա ստանում է։ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական օգնությունը, օգտակար հանածոների պայմանագրով ըստ էության երկարաժամկետ երաշխիքներ է ստանում, մնացածը այս կամ այն կերպ մնում է ապագային, որտեղ արդեն գերակտիվության նշաններ են ցույց տալիս Եվրոպայի ծանրաքարշները եւ ոչ միայն նրանք։ Հիմա գնդակը ռուսական դաշտում է, որտեղ քայլ անելու համար առանձնապես մեծ ազատություն չունեն։
Զելենսկին փաստացի հաղթած, կամ ավելի ճիշտ չպարտված նախագահ է, ով կարող է նաեւ գնալ ընտրությունների եւ վերստին հաղթել ընտրությունները։
Վան Սեբաստացի