«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ԳԻԾ ՄԵԿՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ. ԱՇՈՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ

03/10/2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն իր կշռադատված գործելավոճով  օր օրի ապացուցում է իր առաջնորդի պահանջված հատկանիշներով հիրավի օժտվածությունը, այսօր արշալույսին հայտարարեց, որ մեկնում է առաջնագիծ՝ հատուկ ստորոբաժանումների հետ կատարելու իր մարտական պարտականությունները: Եթե նա այս քայլը չաներ էլ,  ոչ մեկը նրան չէր մեղադրի, որովհետև որպես Արցախի Հանրապետության նախագահ և բանակի գերագույն հրամանատար, նա փայլուն կերպով կատարում է իր դերը՝ թիկունքում ունենալով Հայաստանը: Կազմակերպչական, ոգու ներշնչման, առանց որի չի կարող լիարժեք հաջողություն ունենալ ոչ մի կազմակերպչական աշխատանք, սառնասրտության և նաև ռազմական դիվանագիտության առումով, նա իրոք պահանջված բարձունքի վրա է: Բայց նա գնում է Ստեփանակերտից առաջնագիծ՝ հատուկ ստորաբաժանումներով: Նրա մեկնելն իրոք հիմնավորվում է,  մեր կարծիքով, հետևյալ պատճառներով.

Առաջին. Ակնհայտ է վաղուց, հենց պատերազմի առաջին օրվանից, որ, հայկական կռվող ուժերը ձախողելով հակառակորդի ծրագրերը, փայլուն ինքնապաշտպանական մարտերով կանգնեցրին նրան, իսկ հաջորդ  օրերին սկսեցին նաև հակագրոհ, հարկավ ոչ ողջ ռազմաճակատային գծի երկայնքով: Այսօր արդեն պարզ է, որ հակառակորդը խուճապի մեջ, ջղագրգիռ վիճակում է, և կատաղությամբ կռվի դաշտ է նետում իր վերջին ուժերը, որոնք արդեն կարծես զերծ են տրմաբանությունից, մեկ հրթիռակոծվում են քաղաքացիական հաստատությունները, մերթ ՀՀ սահամանամերձ շրջանները, իսկ ռազմաճակատային գիծ գալիս են կռվողներ և զրահատեխնիկա, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, բառից բուն իմաստով հայկական կրակահերթերի հունձքն են միայն «վայելում»: Իսկապես ակնհայտ է արդեն, որ խուճապն իշխում է Բաքվում ,և չի արդարացնում նաև թուրքական օգնությունը, որը չի կարող վերածվել նրա կողմից ՀՀ դեմ բացահայտ պատերազմի, որի դեպքում, ինչպես բազմիցս նշել ենք, արդեն ամենաշահագրգիռ ուժերը հայտարարություններից կանցնեն կտրուկ գործողություննների: Ուրեմն մեր հրամանատարությունը արդեն, մեր կարծիքով, պետք է մասնակի հակագրոհները փոխարկի ընդհանուր հակագրոհի:

Երկրորդ. Շահագրգիռ տերությունները արդեն փորձելու են չսահամանափակվել սոսկ հայտարարությւոններով, այլ պատերազմի դադարեցման խնդրով անցնել կտրուկ դիվանագիտական միջոցների: Պատահական չէ, որ Թուրքիա է մեկնում ՆԱՏՕ – ի գլխավոր քարտուղարը: Արդեն Թուրքիան և Ադրբեջանը կպնում են գերտերությունների  խիստ զգայուն կողմին, մասնավորապես Իրանի և Ռուսատանի, որոնք չեն կարող անտարբեր գտնվել սիրիական ահաբեկիչների ռազմաճակատային գիծ տեղափոխելու խնդրի նկատմամբ: Դա իրոք խիստ մտահոգիչ է:

Երրորդ. Եթե դիվանագիտական ճնշումներ գնան պատերազմի դադարեցման համար, ինչին արդեն հաստատ ձգտում է Ալիևը և, որը համաձայնվի դրան, ապա այս դեպքում արդեն հայկական կողմը պետք է շարունակի գրոհը առանց դա հաշվի առնելու: Իսկ եթե կանգ առնի, ապա պետք է շարունակվեն բանակցությունները, դարձյալ անպտուղ: Ուրեմն անհրաժեշտ է անհապաղ խնդիրն ավարտել:

Այս երեք ծանրակշիռ պատճառներից ելնելով՝  Արայիկ Հարությունյանը ճիշտ է վարվում, եթե հատուկ ստորաբաժանումներով մեկնում է սկսելու համընդհանուր հակագրոհը, որից հետո արդեն կսկսվի թշնամու անձնատվությունը: Հակառակ դեպքում պետք է մտածել, թե հատուկ ստորաբաժանումները մեկնում են մարտ՝ ելնելով մեր իրավիճակի բարդությունից: Բայց նման մտածելակերպը արդեն մանուկների կամ մանկամիտների դաշտում է: Եվ վերջապես, կարելի է մտածել, որ նա կարող էր չմեկնել ստորաբաժանումների հետ: Բայց այստեղ կարևոր է ոգին, զինվորի հետ լինելու գիտակցութունը, գլխավոր հրամանները տալուց բացի նրա կողքին լինելու անհրաժեշտությունը: Հիշենք, թե ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին ծարավ զորքի առաջ շուռ տվեց միայն իրեն տված սաղավարտով ջուրը, ասելով՝ եթե ես խմեի զորքը կբարոյալաքվեր: ԱՀ նախագահի չգնալով՝ մեր զորքը չի բարոյալքվի, բայց առավել ոգևորությունը հարցի արագ լուծմանը  օգնող չափազանց կարևոր հանգամանք  է: