«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ես կտրականապես դեմ եմ Ադրբեջան ցանկացած մահաբեր զենք ուղարկելուն. Սենատոր Մենենդես

02/02/2023

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը այսօր նամակ է հղել առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին, ուր կտրուկ դեմ է հանդես եկել առևտրի նախարարության ակնհայտ ծրագրերին՝ դեպի Ադրբեջան հրացանների արտահանման թույլատրման արտոնություն տրամադրելու մասին, ներառյալ գրոհային կամ դիպուկահար կիսաավտոմատ զինատեսակներ:

Նամակում սենատորը մատնանշել է հայկական կողմի դեմ Ադրբեջանի գործողությունները, ներառյալ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, 2022 թվականի հարձակումը Հայաստանի սահմանների երկայնքով, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը: Մենենդեսը քարտուղար Ռայմոնդոյին հորդորել է ոչ մի տեսակի մահաբեր զենք չուղարկել Ադրբեջանում որևէ անձանց կամ կազմակերպություններին:

«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում հարևանի դեմ, շրջափակում է խոցելի բնակչությանը և թույլ է տալիս մարդու իրավունքների համատարած խախտումներ իր երկրում, համահունչ չէ ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ վարչակազմի հանձնառությանը», – գրել է Մենենդեսը: «Ես կտրականապես դեմ եմ Ադրբեջան ցանկացած մահաբեր զենք ուղարկելուն»:

Անհապաղ պատասխան և երաշխիքներ պահանջելով քարտուղար Ռայմոնդոյից, որ ԱՄՆ-ի զենքերը չեն օգտագործվում Ադրբեջանի կողմից հայերի դեմ հնարավոր նոր բռնություններ իրականացնելու համար և չեն տրամադրվելու ռազմական, անվտանգության կամ կիսառազմական պետական ուժերին, սենատոր Մենենդեսը նաև հետաքրքրվել է, թե որքանով է Առևտրի նախարարությունը խորհրդակցել ԱՄՆ պետքարտուղարության հետ՝ Ադրբեջանին արտահանման լիցենզիա տրամադրելու հարցում։

«Այս արտահանման լիցենզիայի դիտարկումը ավելի է խորացնում իմ անհանգստությունը, որ վարչակազմը շարունակում է թույլատրել հարձակողական ոճի և դիպուկահար հրացանների արտահանումը արտերկիր, նույնիսկ եթե պաշտպանում է գրոհային զինատեսակների արգելքը երկրի ներսում, և խորացնում է իմ վերապահումները առևտրի նախարարության իրավասության վերաբերյալ նման արտահանումների հարցում»,- հավելել է սենատոր Մենենդեսը: «Ինչպես գիտեք, իմ խորին համոզմունքն է, որ նման իրավասությունը պետք է վերադարձվի պետքարտուղարությանը, որպեսզի ապահովվի համապատասխան արտաքին քաղաքական առանձնահատկությունները, որոնք անբաժանելի են նման որոշումների հաշվին»: