«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պահանջել է Ռուսաստանի համար հատուկ տրիբունալ ստեղծել

22/09/2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «խաղաղության բանաձև», որի կետերից մեկը ենթադրում է պատժել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու համար։ Այդ մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի պատվիրակներին ուղղված տեսաուղերձում։

«Ուկրաինայի դեմ հանցագործություն է կատարվել, և մենք պահանջում ենք արդար պատիժ… Ուկրաինան պատիժ է պահանջում մեր տարածքը գողանալու փորձի համար։ Պատիժ կանանց և տղամարդկանց խոշտանգումների և նվաստացման համար։ Պատիժ այն աղետալի տուրբուլենտության համար, որը Ռուսաստանը հրահրեց իր անօրինական պատերազմով, և ոչ միայն մեզ՝ ուկրաինացիներիս, այլ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին կոչ է արել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մեկուսացնել երկիրը միջազգային կազմակերպություններից մինչև պատերազմի ավարտը և զրկել ձայնի իրավունքից, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը։ Ըստ նրա՝ պետք է նաև Ռուսաստանի կատարած հանցագործությունների գործով հատուկ տրիբունալ ստեղծել և վնասի փոխհատուցման մեխանիզմ մշակել։

«Ռուսաստանը պարտավոր է այս պատերազմի համար վճարել իր ակտիվներով։ Սա նույնպես պատիժ է։ Սա ամենավատ պատիժներից մեկն է ռուս պաշտոնյաների համար, ովքեր ամեն ինչից բարձր են գնահատում փողը»,- կարծում է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը» ենթադրում է ևս 4 կետ՝ կյանքի պաշտպանություն, անվտանգության և տարածքային ամբողջականության վերականգնում, անվտանգության երաշխիքներ և պաշտպանվելու վճռականություն։ Նրա խոսքով, այս բանաձևը կարող է գործել ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ երկրների համար, որոնք կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակում։

Նախագահն ընդգծել է, որ ռազմական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն ուկրաինական «խաղաղության բանաձևի» հիման վրա։