«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիները չհասկացան, որ այս շրջափակումը մեզ ավելի ուժեղ է դարձնում. պետնախարարը հանդիպում է ունեցել Մարտունիում

18/12/2022

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Մարտունի, Արցախի հերոս Արթուր Աղասյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցել բնակիչների հետ:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պետնախարարը կարևորել է Արցախի համար բարդ ու ճգնաժամային այս իրավիճակում բնակչության հետ կապը՝ ընդգծելով, որ այն հաղթահարելու այլ տարբերակ, քան համախմբվելն է, չկա: Այդ գիտակցումով են նախաձեռնվել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ համատեղ այս հանդիպումները՝ փոխանցելու համար Արցախի կառավարության և խորհրդարանի միակամությունը:

Հանդիպմանը պետնախարարը և պատգմավորները հիմնականում լսել են բնակիչների մտահոգությունները, պատասխանել նրանց բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախի անվտանգությանը, սուբյեկտայնությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարման ուղիներին: «Նրանք չհասկացան, որ այս շրջափակումը մեզ համախմբում է, և մենք ավելի ուժեղ ենք դառնում։ Իրենք հիմա են միայն հասկանում, որ մեզ ուժ տվեցին։ Այս շրջափակման շնորհիվ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է, որ կողք կողքի լինենք։ Կան ծրագրված քայլեր, գործը արվում է, ընդ որում՝ և՛ երևացող, և՛ չերևացող»,- ընդգծել է պետնախարարը։

Նա նշել է, որ շրջափակումով պայմանավորված խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն կազմակերպվածությամբ և կարգապահությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունը, և անձամբ ինքն ամեն ինչ անելու են թափանցիկ աշխատելու և ժողովրդի հավատն ու վստահությունը վերականգնելու համար: Հանդիպման մասնակից մարտունեցիները նույնպես վստահեցրել են, որ չեն պատրաստվում ընկրկել դժվարությունների առջև և պատրաստակամ են իրենց կողմից ամեն ինչ անել՝ դիմակայելու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին: