«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ. Ո՞Վ ՀԱՂԹԵՑ, Ո՞Վ ՊԱՐՏՎԵՑ․Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

13/06/2022

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի թեման, պատերազմի արդյունքների շուրջ բանավեճ/բախումը շուրջ երկու տարի ուղղորդում է Հայաստանի ներքաղաքական կյանքը: Անընդհատ պտտվում է նույն սկավառակը Ադրբեջանի հաղթանակի և Հայաստանի պարտության մասին, բայց հաղթանակն ու պարտությունը դեռ պարզելու և հասկանալու կարիք ունեն: Փորձենք  հստակեցնել ստեղծված նոր քաղաքական իրադրությունը տարածաշրջանում   և ավելի սթափ պատասխանենք  ո՞վ հաղթեց և ո՞վ պարտվեց հարցին։  
Համեմատելով և հետազոտելով առկա տեսակետները պատերազմի արդյունքների մասին՝ կարող ենք նշել, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը  չի կարելի առանց վերապահումների գնահատել։ 
Վերապահում առաջին:  
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, զգալի տարածքային կորուստներով  հանդերձ, կարողացավ այնուամենայնիվ պահպանվել և շարունակում է  դուրս  մնալ Ադրբեջանի կազմից:  Ադրբեջանական  զորքերը Շուշիի գրավումից հետո կանգ են առել Ստեփանակերտից հաշված կմ հեռավորության վրա և չեն գրավել կարևորագույնը՝ Ստեփանակերտ մայրաքաղաքը:  Այստեղ գլխավորն այն է, որ Բաքվին չհաջողվեց լիակատար վերահսկողություն հաստատել ողջ Ղարաբաղի նկատմամբ:
Վերապահում երկրորդ:
Մինսկի խմբի ձևաչափով 26 տարուց էլ ավելի տևած երկար ու ձիգ բանակցային գործընթացում համանախագահող երկրների քաղաքական ղեկավար այրերի թաքուն հետաքրքրության ու շահերի բախման առարկա էր խաղաղապահության հարցը: Դա առաջին հայացքից է թվում թե խաղաղապահության հարց է, իրականում հույժ կարևորը  այս տարածաշրջանում դա ռազմական ներկայության ապահովման և ստրատեգիական առավելության հասնելու հարցն է: Պատահական չէ Թուրքիայի ձգտումը ջանասիրաբար մասնակցել խաղաղապահությանը, իսկ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձգտումը՝ կանխել Ռուսաստանի մենաշնորհը այս հարցում: Գաղտիք չէ այն կարևոր ռազմավարական և կենտրոնական դիրքը, որն ունի Ղարաբաղը Հարավային Կովկասում: Հիմա ինչ ստացվեց, հաղթող կողմը իր սահմանին ստացավ բավականին հզոր ռուսական ռազմական խմբավորում: Պատահական չէ, որ Ադրբեջանում արևմտամետ, ազգայնական ընդդիմությունը  երկրի իշխանություններին մեղադրում է "ազգային շահերը դավաճանելու" մեջ։ Նրանք կարծում են, որ  խաղաղապահները լուրջ խոչընդոտ կլինեն Ադրբեջանի վճռական գործողությունների ճանապարհին: Նոյեմբերի 9-10-ի ստորագրված խաղաղ համաձայնագիրն ամրապնդում է Ռուսաստանի համար տարածաշրջանում գերիշխող ուժի կարգավիճակը, ինչպես նաև նրա ազդեցությունը երկու երկրների վրա, որոնք այժմ ավելի շատ են կապված Մոսկվայի հետ: Եռակողմ հայտարարությունը Մոսկվային աշխարհաքաղաքական հաղթանակ ապահովեց։ Ռուսաստանը գլխավոր հաղթող է, որովհետև նրան հաջողվել է  կրկին մրցավար դառնալ տարածաշրջանում, իսկ Պուտինը կրկին իր ձեռքում է պահում վերջնական կարգավորման բանալիները: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմ մտցնելու արդյունքում Ռուսաստանն ապահովել է իր զինված ուժերի իրական ներկայությունը ադրբեջանական տարածքի առանձին հատվածների, այդ թվում Լաչինի միջանցքի նկատմամբ: Դա նրան լծակներ է տալիս ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու համար։ Չնայած Արևմուտքի ակտիվ դիմադրությանը, Ռուսաստանը փաստորեն Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գոտում երեք ռուսական ռազմաբազաները՝ Հայաստանում, Ցխինվալիում, Սուխումիում համալրեց ևս մեկով, այժմ արդեն՝ Ղարաբաղում։ 

Վերապահում երրորդ: 
Եթե առաջին երկու վերապահումները Ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ էին, երրորդն ուղղված է ՀՀ-ՌԴ դաշինքի դեմ: Պետք է խոստովանել, որ պատերազմի ընթացքն ու արդյունքները որոշ չափով վնասեցին հայ-ռուսական հարաբերություններին և բազմաթիվ հարցերի և ոչ ցանկալի իադարձությունների պատճառ դարձան: Լինելով Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը Մոսկվան ուղղակիորեն չի միջամտել ռազմական հակամարտությանը։ Դրա համար էլ մի շարք հայ քաղաքական գործիչներ, մտավորականներ ու լրագրողներ ՌԴ ղեկավարությանը մեղադրում են Հայաստանին ռազմական օգնություն չցուցաբերելու մեջ: Այս մեղադրանքներին ի պատասխան հնչում է այն հիմնավորումը, որ ռազմական գործողություններն ընթացել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս և ռուսական կողմը իրավունք չուներ ուղղակի մասնակցել մարտական գործողություններին և  կարող էր հանդես գալ միմիայն որպես  միջնորդ  Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Չխորանալով այս բանավեճի մեջ, նշենք հիմնական արդյունքը. Հայաստանը պարտվեց, բայց դա նաև Ռուսաստանի պարտությունն էր և ՀԱՊԿ-ի հեղինակազրկումը, այստեղ միջազգային իրավունքով արդարանալը նույնպես միամտություն է: Համոզված եմ, որ ժամանակ անց հայկական կողմի պարտությունն ու տարածքային կորուստները Կրեմլի համար կգնահատվի որպես լուրջ դիվանագիտական և ռազմաքաղաքական սխալ:
Մեծ թվով վերլուծաբաններ ռազմական գործողություններին չմիջամտելը բացատրում են ՌԴ-Ադրբեջան հարաբերություններով: Այս հարցում Մոսկվայի դիրքորոշումները գնահատելիս կարևոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ Ռուսաստանը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում այն, որ նրա հետ Ռուսաստանն ունի երկար պետական սահման։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործում է 1997 թվականին կնքված պայմանագիրը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են միմյանց դեմ ագրեսիվ գործողություններ չձեռնարկել։ Նրանց միջև կնքվել է նաև համաձայնագիր Ադրբեջանին ռուսական սպառազինության, տեխնիկայի մատակարարման մասին  և այլն: Պետք է ընդունել նաև այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է, բայց ոչ Ադրբեջանի թշնամին: Ադրբեջանին դեպի եվրասիական ռուսակենտրոն կառույցներ տանելը Կրեմլի ռազմավարության կարևոր նպատակն է: Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել այն ակնհայտ փաստը, որ Ռուսաստանն իր գործողություններով բառացիորեն փրկեց Հայաստանին և Ղարաբաղին լիակատար աղետից, որը կարող էր և ճակատագրական լինել  հենց հայկական պետականության համար։ Ըստ երևույթին, ճիշտ են այն վերլուծաբանները, որոնց կարծիքով Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի համար կանխեց Սերբական Կրայինայի ճակատագիրը։

Վերապահում չորրորդ: 
Թուրքիան Ադրբեջանին հաջողությամբ տարավ հաղթանակի, բայց ինչ որ տեղ նաև պարտվեց: Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասի խոշոր և ազդեցիկ խաղացողներից մեկը Թուրքիան է, որը Ռ.Էրդողանի գլխավորությամբ իրականացնում է թուրքախոս ժողովուրդների միավորման պանթուրքիստական նախագծեր: Սակայն  եռակողմ հայտարարություն/համաձայնագիրը ստորագրվեց առանց Ռ. Էրդողանի մասնակցության, հնարավոր է  նաև առանց այդ կարևոր իրադարձության մասին նրան տեղյակ պահելու։ Այդպիսով Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային հանել խաղաղապահ գործողությանը ուղղակի մասնակցությունից։ Փոխարենը Անկարայի ամբիացիաները բավարարելու համար, Թուրքիային յուրօրինակ զիջում արվեց,: Ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ կենտրոն, որը կոչված է վերահսկելու եռակողմ հայտարարության հիմնական դրույթների կատարումը։ 

Վերապահում հինգերորդ: 
Ադրբեջանը հաղթեց շնորհիվ Թուրքիայի երկարատև բազմակողմանի օգնության: Բայց այս կյանքում, առավել ևս միջազգային գործերում, ոչինչ անվճար չի լինում: Ամեն ինչի համար պետք է վճարել: Ալիևը բացառություն չէ: Համոզված եմ, որ արդեն առանց Էրդողանի համաձայնության նա այլևս չի կարող իր ուզած ձևով ծախսել միլիարդների հասնող նավթադոլարները: Ադրբեջանն ավելի է ընկել թուրքական թելադրանքի տակ, որն ստիպելու է ռուսական կողմին քայլեր անել այդ ազդեցության նվազեցման ուղղությամբ և սառեցնել Բաքվի էյֆորիան: Եվ պատահական չէ, որ կրկին բարձրաձայնվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որն այս պահին համընկնում է հայկական շահերին: Ղարաբաղյան խաղաքարտը կրկին սեղանին է, որն էականորեն նսեմացնում է թմբկահարվող հաղթանակը: 

Վերապահում վեցերորդ:
Պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարություն/համաձայնագիրը նախատեսում է բոլոր կապուղիների բացում և ապաշրջափակում: Իհարկե կոմունիկացիաների բացումից բոլոր կողմերը կարող են շահել: Բայց այստեղ ևս բարդություններ կան: Բավական է արձանագրել, որ այդ  օգուտները բավականին գայթակղիչ են թղթի վրա, բայց դրանք չափազանց դժվար է կյանքի կոչել։ Հաղթանակած Ադրբեջանի և պարտություն կրած Հայաստանի համար իրավիճակն այնքան էլ պարզ չէ, ինչպես դա կարող է թվալ առաջին հայացքից, շատ հարցերի շուրջ իրավիճակը մնում է անորոշ, ինչը հղի է լուրջ դժվարություններով երկու պետությունների վերջնական հաշտեցման և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման ճանապարհին ։
Մեկ կարևոր հանգամանք ևս: Թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը և Բաքվում Էրդողանի ու Ալիևի կողմից շռանդալից շքերթի կազմակերպումը որոշակի մտահգությունների տեղիք է տվել Մոսկվայում: Հետխորհրդային պետություններում ռուսական գերիշխանության վերականգնման Կրեմլի գլխավոր արտաքին քաղաքական ռազմավարության համար թյուրքախոս պետությունների ընդգրկումը վճռորոշ նշանակություն ունի: Դժվար է պատկերացնել ԵԱՏՄ-ի ապագան առանց Ղազախստանի և միջինասիական պետությունների: Նրանց վրա աչք ունի ոչ միայն Թուրքիան, այլև Չինաստանը, Տաջիկստանի վրա էլ Իրանը: Հաղթանակի էյֆորիան կարող է նպաստել ռուսակենտրոնության դեմ շարժումներին: Կարելի է կանխատեսել, որ Կրեմլում աշխատելու են շարունակաբար ինչքան հնարավոր է նսեմացնել թուրքական հաղթանակը: 
Այնպես որ, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց հարցերի շարանը  միանշանակ պատասխաններ չունի: Հաղթանակ կա, որ հետո ծանր բեռ է դառնում, պարտություն էլ կա, որ վերելքի սկիզբ է նշանավորում: Չմոռանանք, որ ներկա գերզարգացած Գերմանիան և Ճապոնիան  երկրորդ աշխարհամարտում կապիտուլացված երկրներ էին, որոնք երեսուն տարի անց առաջ էին անցել հաղթողներից: Իսկ այժմ նրանք իրենց հեգեմոնիան են հաստատել մեկը Եվրոպայում, մյուսն էլ ասիական, հեռավորարևելյան և բազմաթիվ այլ տարածաշրջաններում: 

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am