Հինգշաբթի, Հունվարի 21, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց

13/01/2021 32

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:  

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: 

Նախարարը մանրամասնեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում ևս մասնագիտացվածությունն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորով: 

Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն, ըստ Բադասյանի, կունենա 10 դատավոր:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորով:

Բադասյանն ասաց, որ նախագծով նախատեսվում են Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավորների նշանակման խիստ սահմանափակումներ: Դատավոր չի կարող նշանակվել վերջին 5 տարում կարգապահական պատասխանատվության ենթարկված անձը:  

Հարցին՝ Արգիշտի Քյարամյանը կարող է հավակնել Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնին, Բադասյանն ասաց, որ տեսականորեն այո, նա համապատասխանում է սահմանված չափորոշիչներին, սակայն լինելու է մրցութային հանձնաժողով, որն էլ կընտրի դատարանի նախագահին: «Պարոն Քյարամյանի հետ կապված հարցն անպայման շահարկման առարկա կդառնա, բայց սա անլուրջ խոսակցություն է, քանի որ դատարանի նախագահն ընտրվելու է մրցույթով»,- նշեց նախարարը: 

1Lurer.am