
Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար․ Հաջիև
Ադրբեջանը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի հարավում ցամաքային միջանցք ստեղծելու համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևի խոսքով՝ Բաքուն ցանկանում է միայն Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային կապեր ստեղծել, ինչը, ըստ նրա, օգուտ կբերի երկու երկրներին և տարածաշրջանին:
«Ադրբեջանը չունի ռազմական նպատակներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, դա միանգամայն դուրս է Ադրբեջանի օրակարգից»,- ասել է նա Reuters-ին։
«Մեր առաջարկը Հայաստանին շատ խաղաղ եղանակով կապի ուղիներ, տրանսպորտային գծեր ստեղծելն է», - ասել է նա՝ Բրյուսելում ՀՀ անվտանգության խորհրդի քրատուղար Արմեն Գրիգորյանի և եվրոպացի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Նախիջևանից վերադառնալիս հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը ռազմավարական խնդիր է:
«Այս միջանցքը, որը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ռազմավարական խնդիր է և դրա իրագործումը պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենան կամ գնացքը կկարողանա անմիջապես Կարս հասնել։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շատ ավելի կուժեղանա:Հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել», - ասել էր Էրդողանը:
Ըստ Էրդողանի՝ եթե Հայաստանը աշխատանք չկատարի միջանցքի բացման ուղղությամբ, ապա այն անցնելու է Իրանի տարածքով։
«Իրանը հիմա սրան դրական է նայում, և քանի որ դրական է նայում, այժմ հնարավոր կլինի Իրանից անցում կատարել Ադրբեջան»,- ասել է Էրդողանը: