«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Մենք ամենքս պարտք ունենք մեր նահատակ հերոսների հանդեպ». 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. (Ֆոտոշարք)

02/12/2021

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը։ Դեկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված և մեկ տարի անց Հայաստանին վերադարձրած 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց նահատակ քաջորդիների սգակիր ընտանիքներին և ներկաներին։ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր հավաքվել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ դեպի հավերժություն ճանապարհելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջազուն որդիներին: Մեր խիզախ զինվորների նվիրական մասունքների առջև խոնարհում ենք բերում նրանց լուսավոր հիշատակին, հիշում նրանց արիությունն ու սխրանքները: Հրաժեշտի այս պահին վերհիշում ենք արցախյան պատերազմի ողբերգական իրադարձությունները, մեր ողջ պատմության ընթացքում մեզ պատուհասած աղետներն ու արհավիրքները, գոտեպնդվում փորձություններին դիմակայելու մեր ժողովրդի զավակների զորեղ կամքով, աննկուն տոկունությամբ ու վճռականությամբ։

Պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չսպիացած վերքերը մեր սրտերում, խոնարհում ենք բերում մեր ազգին արժանավոր որդիներ պարգևած, սնած ու դաստիարակած ծնողներին։ Սուրբ Հոգու մխիթարությունն ենք խնդրում պատերազմում ծնող, ամուսին, զավակ և կամ հարազատ կորցրած սգացյալ ընտանիքներին, որոնք անասելի ցավ կրեցին. ցավ ու կորուստ, որ ամենքինս է: