«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ադրբեջանը ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը. ՀՀ ՄԻՊ

28/11/2020

Շարունակվում են ՄԻԵԴ ներկայացվել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր՝ հայտնել է կառույցում Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ էլ՝ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը, շարունակում դաժան վերաբերմունքը:

Արման Թաթոյան (ՀՀ ՄԻՊ) - Մի դեպքում ինչ-որ նշվում են, թե դիակների փոխանակման պրոցեսի ավարտից հետո, մի դեպքում՝դա էլ ընդհանրապես խոչընդոտներ են առաջացնում: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով դիմել է միջազգային հանրությանը: Պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ադրբեջանական աղբյուրներն անընդհատ հրապարակում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես են անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

Արման Թաթոյան - Սա ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է: Սա դիտարկում եմ ես ատելության կազմակերպված քարոզի շրջանակում:

Գերեվարված անձանց վերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների ծավալների վերաբերյալ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը: Պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկացրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Անհետ կորածների և մարմինների հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում Մեյթրոն կարևոր է համարել Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած՝ կոնկրետ տեղանքների նշումներով քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Աշխատանքների առավել արագ իրականացմանը խոչընդոտում են ականապատ տարածքներն ու եղանակային վատ պայմանները:

Գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների, զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի հատուկ կարևորությունն է ընդգծել Հայաստանի պաշտպանության նախարարը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպմանը: Նշվել է, որ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի` Բաքվի թույլ տված խախտումների դեպքերով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է քննչական կոմիտեում.

«Անձինք, ովքեր համացանցում տարածված տեսագրություններում ճանաչել են իրենց հարազատներին, և դեռ նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել, դիմեն կոմիտեի քրեագիտական վարչություն»:

Քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Հեղինակ`Վահե Կոստանդյան, 1Lurer.am