«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը

23/11/2020

Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։

Ermenihaber-ի հաղորդմամբ, նոյեմբերի 19-ին Բունդեսթագում քննարկման է դրվել օրենքի երկու նախագիծ, որոնցից մեկը ներկայացվել է Ձախակողմյան կուսակցության, իսկ մյուսը` Կանաչների կուսակցության և Ազատ դեմոկրատների կողմից։

Գերմանիայում կառավարություն ձևավորած «Քրիստոնեական միություն կուսակցությունը», «Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը», ինչպես նաև «Կանաչների կուսակցությունը» և «Ազատ դեմոկրատներ կուսակցությունը» աջակցություն են հայտնել  և ընդունել երկրորդ օրինագիծը։

Ընդունված օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար։

Նշենք, որ Գերմանիայում կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունները պատկանում են Ներքին գործերի նախարարությանը։ Բունդեսթագում ընդունված նշյալ որոշման վերաբերյալ Գերմանիայի ՆԳՆ-ն դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։

Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության»  կազմում կա 170 կազմակերպություն՝ շուրջ 7․000 անդամով։ Այս համադաշնությունը ամենամեծ ծայրահեղական-աջակողմյան կազմակերպությունն է այդ երկրում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

Աղբյուր` Փաստինֆո