«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տղաներին քնեցրել են. հրդեհից մահացած զինվորի ծնողները չեն հավատում բենզինի վարկածին

24/01/2023

 Ինժիներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած Ռոստոմ Ասրյանի (https://t.me/armeniasputnik/36837) ծնողները չեն հավատում տղաների մահվան պաշտոնական վարկածին։  «Հրապարակը» զրուցել է նրանց հետ։ Ի դեպ, Ռոստոմին երեկ են հուղարկավորել։ 

Հայրը թերթին պատմել է, որ դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում։ 

«Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,–ասում է Արտակ Ասրյանը։ 

Իսկ Ռոստոմի մայրն ասել է, որ իրենք էլ կարծում են, որ երեխաները քնած են եղել, բայց չեն հավատում բենզին լցնելու վարկածին.«Մենք ապրում ենք գյուղում։ Ձեզ մի հասարակ բան ասեմ։ Եթե վառարանն օրվա մեջ վառվում, երեկոյան հանգում է, մոխիրը մի քիչ առաջ ես բերում, մի երկու թուղթ ու փայտ ես դնում, թեկուզ բարակ, ու հնարավոր չէ, որ դա չկպնի։ Բենզինով ոչ ոք փեչ չի վառում, էն էլ 5 լիտրանոց բալոնով։ Բոլորը գիտեն, որ դա կյանքի համար վտանգավոր է, իսկ նա հասուն տղամարդ է եղել, սպա»։