«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական հայատյաց քաղաքականությունը

15/04/2021

Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի ցուցահանդես–պուրակ»-ը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության ցայտուն դրսևորումն էր: Հայ զինվորներին և ռազմագերիներին  պատկերող անմարդկային, նվաստացուցիչ  տեսարանների  ականատեսը եղանք: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Հայտրարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանական վերնախավի նմանօրինակ վերաբերմունքը  ոչ միայն անտեսում և ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև վկայում է 1994թ. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի՝ ազգամիջյան թշնամանքով շաղախված ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության շարունակությունը:

2020թ. աշնանային պատերազմի ավարտից  հետո Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը իր հայտարարություններից մեկում նշել է, որ ինքն  այնպիսի հայատյաց սերունդ է աճեցրել, որն էլ վճռել է  պատերազմի ելքը:

Այդպես Ադրբեջանն  ակնհայտորեն  ցույց է տալիս իր հակահումանիստական  և հակաբարոյական կեցվածքը, դրանով իսկ բացահայտելով ադրբեջանական  բանտերում հայ  գերիների ու պատանդների  նկատմամբ  իր վայրագությունները:

Հիմնովին դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայակործան գործունեությունը և կոչ ենք անում միջազգային մարդասիրական հանրությանն ու շահագրգիռ կառույցներին  պատշաճ գնահատական տալ ազգային արժանապատվության ոտնահարման և նվաստացման իրողություններին: