
Ազգայնացնելով ՀԷՑ-ը՝ պետությունը երկար չի կարողանա այն պահել, գուցե հետագայում ավելի լավ պայմաններով նորից մասնավորեցվի. տնտեսագետ
ՀԷՑ-ի պետականացման տնտեսական հետևանքների, պետական կառավարման համակարգն արդյո՞ք ավելի արդյունավետ կկառավարի, քան մասնավորը: Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ:
Տնտեսագետի կարծիքով՝ նախ պետք է արվի պարտադիր տեխնիկական աուդիտ, պետք է հստակ գնահատվի համակարգի վիճակը և միայն այդ տվյալների հիման վրա հնարավոր կլինի հաշվարկել, թե ինչ ռիսկեր է ստանձնելու պետությունը։ Առանց այս նախնական քայլերի, պետականացումը վտանգավոր է։
- Պարո՛ն Մակարյան, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով հնարավոր կլինի պետականացնել ՀԷՑ-ը: Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ տնտեսական հետևանքներ կարող են լինել ՀԷՑ-ի պետականացման արդյունքում:
- Հայաստանում այն կազմակերպությունները, որոնք հանրային ծառայություններ են մատուցում, իրենց գործունեությունը շատ կարևոր է պետության ներսում՝ ժողովրդի, բիզնեսի, տնտեսության համար և պատահական չէ, որ դրանք կանոնակարգվում են ՀԾԿՀ-ի կողմից: ՀԷՑ-ի դեպքում կան մի քանի խնդիրներ: Այդ խնդիրները որոշ չափով կրկնվում են նաև ԳԱԶՊՐՈՄ-Վեոլիա ջրի մոտ, որոնք էլի նույն ծառայությունների համակարգի մեջ են գտնվում: Ինչո՞ւ, որովհետև իրենց պարտավորվածությունները պետության առաջ և նաև հանձնաժողովի գործունեության շրջանակում իրենց նկատմամբ մոնիտորինգը պետք է լինեն այնպիսին, որ համակարգերը լավ ու անխափան աշխատեն:
90-ական թթ-երին, երբ ՀԷՑ-ը ձևավորվեց, շատ ինժեներական աշխատանքներ արվեցին, հետո մնացին այդ մակարդակի վրա: Հիմա տարվել են ահռելի աշխատանքներ, որոնք ուղղված են եղել համակարգի բարելավմանը: Նրանք իրենց սեփական միջոցներից, վարկերի միջոցով ներդրումներ են կատարել, Էլէներգիայի գնի էական թանկացում չի եղել, մինչդեռ նախկինում, երբ ռուսական կողմն էր կառավարում, գների թանկացման հարցեր կային:
Այս բոլորը մանրամասն թվարկում եմ, որովհետև ՀԷՑ-ն ունի էական պարտավորություններ, և երբ պետությունն այն ցանկանում է պետականացնել, բնականաբար, նաև պետք է մարի այդ պարտքերը, նաև շարունակի ներդրումներ կատարել, որ համակարգը լավ աշխատի:
Տեսե՛ք, երեկ հետաքրքիր բան եղավ ԱԺ-ում, երբ որ հանձնաժողովում քննարկվում էր հարցը, ՏԿԵ նախարարը «Վեոլիա»-ի մասով ասաց, որ հավատարմագրման է տրված, ընդամենը և այդ ամբողջ ջրագծերը պատկանում են պետությանը: Այսինքն, դրանք գտնվում են ջրային կոմիտեի բալանսի վրա, բայց 70% «Վեոլիա» ջուրը ցույց է տալիս կորուստներ։ Այսինքն, մի կողմից պետությունն ինքն այդ ջրագծերի կոյուղու և ջրագծերի տերն է, բայց խմելու ջրի 70% կորուստներ կան, որովհետև խողովակաշարերը հին են, փոխված չեն և այլն, և այլն:
- Այս ամենն արդյո՞ք խոսում է այն մասին, որ այդուհանդերձ պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ չի կարողանա կառավարել ՀԷՑ-ը, քան՝ մասնավորը:
- Այո, իհարկե: Պետության տիրապետության տակ գտնվող «Վեոլիա»-ի տարբերակը մենք տեսնում ենք, այն դեռևս ունի մեծ խնդիրներ: Հարց է ծագում՝ արդյո՞ք էլի խնդիրներ չեն առաջանա, եթե ՀԷՑ-ը պետականացվի, բնականաբար, պետության համար կլինի բեռ և լրացուցիչ ծախսեր:
Բացի այդ, մենք արդեն ունենք պետական կառավարմամբ բարձրավոլտ էլեկտրական ցանց, որը նույնպես չի փայլում արդյունավետությամբ։ Եթե պետական կառավարման մոդելը հսկում է մի համակարգ և այնտեղ խնդիրներ կան, ապա մեծ հավանականությամբ նման խնդիրներ կունենանք նաև ՀԷՑ-ի պետականացման դեպքում։ ՀԷՑ-ը շատ մեծ կազմակերպություն է՝ հազարավոր աշխատակիցներով, լայն ենթակառուցվածքով։ Եթե կառավարությունը չունի հստակ ծրագիր, համակարգը կարող է փլուզվել։ Հաճախ ԲԷՑ-ի պատճառով արված անջատումը վերագրվում է ՀԷՑ-ին, որովհետև ՀԷՑ-ը վերջին մատակարարն է, ու քանի որ հոսանքն ինքն է տալիս մարդկանց կամ բիզնեսին, բոլորի մոտ տպավորություն է անընդհատ, որ ՀԷՑ-ն է և որակը, և անջատումները և այլն:
- Լրացուցիչ բեռ կընկնի՞ պետության վրա ՀԷՑ-ի պետականացումով:
- ՀԷՑ-ը, որոշ ներդրումներ կատարելով, փորձել է համակարգն ահագին փոխել, բայց համակարգը շատ մեծ է, շատ ծանր համակարգ է ու բավականին էլ թանկ է հիմա՝ իր վերցրած վարկերով, պարտավորություններով բավականին մեծ գումար է՝ գրեթե 700-800 միլիոն դոլարի է հասնում։ Այսինքն, պետությունը, կարծում եմ, որ վերցնելով ՀԷՑ-ը, երևի երկար չկարողանա պահել, գուցե հետագայում ավելի լավ պայմաններով կփորձի մասնավորեցնել:
- Այսինքն, չե՞ք բացառում որ հիմա ՀԷՑ-ը կպետականացվի, որոշ ժամանակ անց նորից կմասնավորեցվի՞:
- Այո, դա չի բացառվում։ Կարող է պետությունը վերցնի, որոշ ժամանակ շահագործի, իսկ հետո կրկին փորձի վաճառել՝ գուցե այլ պայմաններով։ Բայց այդ դեպքում էլ պետք է հստակ իմանա՝ ինչ համակարգ է փոխանցում, ինչ խնդիրներով, ինչ գնի դիմաց։
- Պարո՛ն Մակարյան, կա՞ն հաջողված միջազգային օրինակներ, երբ էլեկտրացանցերը պետականացվել են։
- Գործնականում քիչ են այդ օրինակները։ Մեծ մասում՝ մասնավոր մատակարարներն են համակարգը ղեկավարում, բայց պետական վերահսկողությունը՝ շատ խիստ և խելացի մոդելով է արվում։ Մեզ մոտ, եթե խնդիրներ կան, պետությունը պետք է առաջ գնալու փոխարեն մտածի՝ ինչով աջակցել մասնավորին՝ օրինակ զրոյական տոկոսով փոխառություններ տալով, որպեսզի նա կարողանա ավելի արագ կատարել ներդրումներ։
- Ինչպե՞ս կազդի ՀԷՑ-ի պետականացումը ներդրումային միջավայրի վրա։
- Սա շատ զգայուն հարց է։ Նման գործողությունները կարող են վատ ազդել ներդրողների վստահության վրա՝ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա։ Եթե մի ոլորտում այսօր պետականացնում են, ներդրողները կարող են վախենալ, որ նույնը կարող է պատահել իրենց ոլորտում։ Պետք է գործել ծայրահեղ հաշվարկված կերպով։
- Որքա՞ն պատասխանատու է ՀԾԿՀ-ն այն պայմաններում, երբ կառավարությունը մեղադրում է ՀԷՑ-ին սաբոտաժի մեջ։ Թերացե՞լ է հանձնաժողովը։
- Եթե հանձնաժողովը ունի ակտեր, խորը դիտողություններ, տուգանել է ինչ-որ դեպքերում, պետք է ասի՝ ինչի համար։ Բայց եթե չի ասել, կամ չի վերահսկել, նշանակում է՝ լավ չի վերահսկվել, իսկ դա նշանակում է՝ հանձնաժողովն էլ մեղք ունի։ Եթե հանձնաժողովը ձայն չի հանում, պետք է կառավարությունը նաև հանձնաժողովին պատժի։ Կառավարությունը ասում է՝ սաբոտաժ է, բայց հանձնաժողովը չի խոսում, ոչինչ չի պարզաբանում։ Հետևաբար, այստեղ հնարավոր է ոչ միայն ՀԷՑ-ն է մեղավոր, այլ նաև՝ հանձնաժողովը, որ տարիներ շարունակ կուտակված խնդիրների վրա աչք է փակել։
- Եվ վերջում, պարոն Մակարյան, եթե ամփոփենք՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն նախքան ՀԷՑ-ը պետականացնելը։
- Նախ՝ պարտադիր պետք է արվի տեխնիկական աուդիտ։ Պետք է հստակ գնահատվի համակարգի վիճակը՝ լարերը, ենթակայանները, սարքավորումների տարեթվերը, վերանորոգման ծավալը։ Միայն այդ տվյալների հիման վրա հնարավոր կլինի հաշվարկել, թե ինչ ռիսկեր է ստանձնելու պետությունը։ Առանց այս նախնական քայլերի, պետականացումը վտանգավոր է։
Այս գործընթացը մեծ ռիսկեր ունի և պահանջում է լրջագույն նախնական վերլուծություն։ Պետականացումը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, և առանց համակարգային, հաշվարկված մոտեցման՝ այս որոշումը կարող է վերածվել նոր խնդիրների աղբյուրի։