«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատմական արդարությունը «երկակի ստանդարտների» տիրույթ է․ փ․ գ․ թ․, դոցենտ Նաիրա Ղազարյան

25/08/2022

Generalnews.am-ի հյուրն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Ղազարյանը։

- Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Պատմական արդարության սահմանումները փիլիսոփայության պատմության մեջ շատ են, սակայն պրակտիկ մեկնաբանմամբ՝ պատմական արդարությունն այն է, որն, ըստ ժողովրդի մեծ մասի կարծիքով, պետք է վաղուց տեղի ունենար և /կամ/ ունեցել է։ Պատմական արդարության կատեգորիան առավելապես առնչվում է պատմական իրադարձություններին, հանգամանքներին, որոշ դեպքերում նաև՝ պատմություն կերտած անհատներին, սակայն նախ և առաջ դրա էության բացահայտումը թաքնված է փիլիսոփայական ուսմունքներում։ Տիկին Ղազարյան, կխնդրեի համառոտ ներկայացնել ի՞նչ ասել է պատմական արդարությունը փիլիսոփայության մեջ։
- Արդարության, մասնավորապես պատմական արդարության գաղափարն ու նրա մեկնաբանությունը խիստ արդիական, ցավոտ ու զգայուն թեմա է հատկապես այսօր և հատկապես մե՛զ համար, հատկապես հիմա և հատկապես այստեղ մեր ազգն իր մաշկի վրա է զգում վերջինիս  ակնհայտ խաթարման ու կոպիտ ոտնահարման հետևանքները: Սակայն ես չէի ուզենա գայթակղվել քննարկվող հասկացության պատմաքաղաքական վերլուծությամբ` թողնելով այդ առաքելության բեռը պատմաբանների, քաղաքագետների, իրավաբանների և այլ` տարբեր հետաքրքրություններ և նպատակներ հետապնդող վերլուծաբանների ուսերին և կջանամ հարցը քննարկել փիլիսոփայության տիրույթում, քանզի փիլիսոփայությունն է ի վիճակի ներկայացնել տվյալ գաղափարի առավել ընդհանրական և ամենաէական կողմերի համապատկերը: Իհարկե, այստեղ էլ մենք կարծես անխուսափելիորեն բախվում ենք «անչափելին չափելու» և «անկշռելին կշռելու» անհրաժեշտությանը: Սակայն այս հանգամանքը չի նվազեցնում հարցը գիտական չափանիշներով ու պրակտիկ հիմնավորումներով քննարկելու հնարավորությունը:
Արդարությունը, մանավանդ պատմական արդարությունը, ինչպես Դուք իրավացիորեն նկատեցիք, հաճախ սուբյեկտիվ է, տեղային է, պայմանական է և այլն, և դրանով էլ հաճախ դուրս է ճշգրիտ-գիտական ոլորտից և ավելի շատ «շեղվում է/ շեղված է» դեպի հասարակության կյանքի բարոյական և հոգեբանական ոլորտը: Դրանով հանդերձ, մենք կարող ենք մեզ իրավունք վերապահել քննել այն տարբեր չափանիշներով` գիտակցելով նրա ըմբռնման կարևորությունը թե՛ առանձին պետությունների ու ազգերի, թե՛ առանձին անհատների ճակատագրում: Բանն այն է, որ պրակտիկայում հաճախ առնչվում ենք պատմական արդարության` ցավեցնելու չափ «անարդար» դրսևորումների: Դրա պատճառն անկասկած այն է, որ պատմական արդարության գաղափարը կամա թե ակամա խարսխվում է կոնֆլիկտների և բևեռացումների վրա, օբյեկտիվորեն ծնունդ է առնում հակասությունների և հակադրությունների բախման հետևանքով` առնվազն երկու, իսկ հաճախ էլ ավելի կողմերի ու միտումների միջև, և դրանով էլ նրա ընկալումը միանշանակ չէ, իսկ նրա սոցիալ-քաղաքական և բարոյական գնահատականը հաճախ տրամագծորեն ծայրահեղացված է և ապացուցողականությունից զուրկ:  Իսկ սա իր հերթին նշանակում է, որ պատմական արդարության հասկացությունը  դժվար է համարել գիտական կատեգորիա, և այն պետք է դիտարկել հասարակական գիտակցության այլ ոլորտներում ՝ կրոն, բարոյականություն և այլն: Այլ խոսքով ասած, պատմական արդարությունը այսպես կոչված «երկակի ստանդարտների» տիրույթ է, ինչում ևս կարելի է համոզվել դարձյալ մեր ազգին պատուհասած վերջին տխուր իրադարձությունների օրինակով:
- Գաղտնիք չէ, որ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են <<արդարությունը>>, <<ճշմարտությունը>> և այլք, ունեն սուբյեկտիվ բնույթ, հետևաբար յուրաքանչյուր հասարակություն ինքն է որոշում ո՞րն է իր համար արդարն ու անարդարը, ճշմարիտը կամ ոչ ճշմարիտը․ այս իմաստով կխնդրեի անդրադառնալ պատմական արդարության գաղափարը ձևավորող հասարակական բարոյական սկզբունքներին (նորմերին) հայ հասարակության օրինակով։
- Արդարության գաղափարը թեև չի նույնանում, բայց հաճախ, իսկ երբեմն էլ աննկատ ձուլված է  լինում ճշմարտության գաղափարին, քանզի այստեղ մենք գործ ենք ունենում որոշակի չափանիշների և մոտեցումների նմանության և գաղափարական ընդհանրությունների հետ: Շատ սրտամոտ են ինձ Հին Աշխարհի պատմությունից հայտնի օրինակները, որոնք բազմաթիվ են և որոնք հաստատում են վերը բերված դրույթը: Անտիկ ժամանակաշրջանի ականավոր ճարտասաններից էր Կատոն Ավագը, ով Հռոմի ու Կարթագենի միջև մղվող անողոք պատերազմի յուրաքանչյուր հերթական ճակատամարտի նախօրեին կայսեր ու ստրատեգի հրահանգով հավաքում էր սպառազինված զորքին ու նրա առջև հանդես գալիս բոցաշունչ ճառով` թվարկելով Հռոմի ու հռոմեացիների անժխտելի առավելություններն ու իրենց երկրի անվերապահ հաղթանակի իրավունքի հիմնավորումները: Իր խոսքի յուրաքանչյուր պարբերության վերջում նա ասում էր`Et ita vero…(Եվ դա ճշմարիտ է…) , և ամբողջ զորքը ոգևորված ամեն անգամ բարձրաձայն աղաղակով կրկնում էր այդ խոսքը, իսկ երբ նա ավարտում էր իր ճառը իր հայտնի մշտական վերջաբանով` Carthagenum esse dilendum. (Կարթագենը պետք է կործանվի), եզրափակում էր իր խոսքը` Et hoc est aequum…(Եվ դա արդար է…), զորքը հրճվանքի աղաղակով կրկնում էր նաև այս դրույթը։ Կատոն Ավագն անշուշտ նկատի ուներ պատմական արդարությունը, որի բովանդակությունն անկասկած տրամագծորեն հակառակն էր հակառակորդ կողմի համար: Այդպես է եղել միշտ, այդպես է և ներկայումս, և համաշխարհային պատմության մեջ նման մոտեցումների օրինակների պակաս դժվարությամբ կարելի է գտնել: Ինչպես տեսնում ենք, պատմական արդարությունը պատմության և հասարարական գիտակցության մեջ  առավել ևս ՛՛պաշտպանված չէ՛՛ սուբյեկտիվիզմից և հարաբերականությունից:
- Տիկին Ղազարյան, ի՞նչ եք կարծում, կարող է արդյո՞ք պատմական արդարության գաղափարը օգտագործվել որպես միջոց քաղաքական պրակտիկայում (եթե կան օրինակներ, 1-2-ը թվարկեք)։  
- Հրաշալի կլիներ, եթե պատմական արդարությունն իրապես օժտված լիներ քաղաքական պրակտիկայում կիրառվելու ուժով և իրավունքով ու առաքելությամբ. այդ դեպքում որքա՜ն տարբեր կլիներ աշխարհի քաղաքական պատկերը, և որքան ավելի արդարացի ու նպաստավոր կլիներ ազգերի ու ժողովուրդների կարգավիճակը: Սակայն, ցավոք, քննարկվող կատեգորիան ոչ միայն գրեթե զուրկ է  չափելիությունից (մենք նկատի չունենք միջազգային  կամ ավելի նեղ մասշտաբներով ընդունված և իբր պարտադիր կատարման ենթակա օրենքների ու ակտերի կարգավորման իմիտացիաները), այլև նրա ձևակերպումն ու  կիրառումը այնքան բազմաշերտ ու բազմաբնույթ գործոններով է պայմանավորված, որ պատմական արդարությունը կարող է վերածվել ֆիկցիայի և ընդհարնապես գնալով զրկվել կոնկրետությունից: Այլ խոսքով ասած, նա  որպես կանոն, ցավոք, ՛՛վատ խորհրդատու՛՛ կարող է լինել` չնայած իր դրական, օգտակար և մարդասիրական էությանը և նրա գոյության բարոյական անհրաժեշտությանը: Այս ամենից ելնելով էլ,  ես խորհուրդ կտայի շատ չգայթակղվել քաղաքական պրակտիկայում նրա կիրառման գաղափարով, քանզի նրա բացահայտումն ու հիմնավորումը սուբյեկտիվ են յուրարանչյուր կոնկրետ պարագայում, և այն շատ դժվար կարող է դառնալ պատմական կամ քաղաքական կարգավորման ՛՛ գործիք՛՛:  
- Գաղափարական կառուցակարգերում, պրոգրեսիվ սոցիալական տեսություններում և ազգային ինքնության հաստատման ճանապարհին ի՞նչ դեր է ունեցել (կամ ինչ դեր կարող է ունենալ) պատմական արդարության գաղափարը։
- Համոզված եմ` վերը նշված հարցում պատմական արդարությունն առանձնապես նկատելի դեր խաղալ չի կարող, քանի որ որևէ ժողովրդի, պետության կյանքում և նրա հաստատման ճանապարհին, երբ առկա է առաջընթաց կամ հետընթաց, և տեսաբանները ՛՛թևերը քշտած՛՛ անցնում են դրանց մեկնաբանման գործին՝ վերլուծելով պատճառներ և հետևանքներ, բերում են գիտական և ոչ այնքան կռվաններ, նկատառումներ, ապացույցներ և փաստեր, նրանց մեջ կարծես թե չի ներառվում պատմական արդարությունն իբրև ՛՛պաշտոնապես հիմնավորելի գործուն  գործոն՛՛, որը  կարող էր նպաստել կամ խոչընդոտել  քննարկվող պրոցեսին. բերվում են տնտեսական, քաղաքական, պատմական, ինչու չէ` աշխարհագրական և բազում այլ գործոններ, սակայն դրանց մեջ բացակայում է պատմական արդարության գործոնն իբրև որոշիչ համգամանք, չնայած այն կարող է հիշատակվել  ինչ-որ սուբյեկտիվ գնահատականի տեսքով: Թեև, պետք է նշել, որ պատմական արդարության գոյությունը և նրա գործառության անհրաժեշտությունը ոչ ոք չի ժխտում: Եվ թերևս այդ է պատճառը, որ պատմական արդարության գաղափարի մեկնությունն ու բնույթի բացահայտումը կարծես իրենց վրա են վերցրել և վերցնում են հասարակական գիտակցության այլ ոլորտները (փիլիսոփայություն, արվեստ, կրոն և այլն):
- Ի վերջո, գաղտնիք չէ, որ պատմական արդարության թեման մշտապես ակտուալ է հասարակագիտական բոլոր տեսություններում, նաև՝ գրականության էջերում է արծարծված․․․ խնդրեմ մեկ-երկու օրինակ ներկայացնել հայ գրականության էջերից, որտեղ քննարկվել է հայ ժողովրդի համար պատմական արդարության հասնելու անհրաժեշտությունը։ 
- Կարող եմ վստահորեն ասել, որ հատկապես հայ պոեզիայում հաճախ են անդրադարձները պատմական արդարության գաղափարին, և դրա պատճառներն այնքան ակնհայտ են, որ այստեղ կարիքը չեմ տեսնում դրանց թվարկման: Նկատենք միայն, որ նշված թեմայի գեղարվեստական մեկնաբանությունը կապված է բացառապես հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ, որի մեջ անթիվ-անհամար են պատմական արդարության ոտնահարման օրինակները` վաղ անցյալից մինչև ներկա օրերը: Սակայն շտապում եմ վստահեցնել Ձեզ, որ տարբեր հայ գրողների ու բանաստեղծների գործերում պատմական արդարությունը կոնկրետ ու խիստ կարևոր գործոն է, որի ընկալումներն են տարբեր: Եվ որպեսզի ասածս շատ ընդհանուր չթվա, կարող եմ հիշեցնել թեկուզ հայ մեծանուն փիլիսոփա ու երգահան Աշուղ Ջիվանու պատկերացումն, ըստ որի աշխարհի հիմքում ընկած է մի անխախտելի արդարություն, որի հիմքը հետևյալ նկատառումն է. ազգերը, որոնք կեղեքել են այլ ազգերի, որոնք չեն ստեղծել մնայուն հոգևոր ու նյութական արժեքներ, որոնք փորձել են խլել ու յուրացնել այլոց ստեղծած նյութական ու հոգևոր բարիքը, դատապարտված են կործանման ու պատմության ասպարեզից դեպի անհետացում ու մոռացություն վտարվելու ճակատագրին։ Կամ հանճարեղ պոետի`Վահան Տերյանի մեկնաբանությունը հայ ժողովրդի ու Հայաստանի գալիքի վերաբերյալ, որը նույն նկատառումով փաստում մեր հզոր ապագայի հավատը.
                 Բաբելոնն է եղել մեր թշնամին, տես,
                  Անհետ կորել է չար մշուշի պես….
                  Ասորիքն է եղել մեր ախոյանն,  ահա
                   Դաշտ է տեղը , չկա քարը քարի վրա…

Պատմական արդարության գոյության ու պարտադիր հաղթարշավի հավատի մեկ այլ առանձնահատուկ դրսևորում է չարենցյան պոեզիան և այդ ամենի`գրեթե գիտականացված գեղարվեստական մարմնավորումը: Եղիշե Չարենցը պատմական արդարության հաղթանակի կայացման հավատը կապում է ոչ թե ֆատալիստական (ճակատագրապաշտական) կամ միստիկական (կրոնական) գործոնների, այլ նրա անխափան գործունեության, ազգերի անկասելի առաջընթացի , Homo Sapiens-ի էության մեջ ազատության ձգտման ու ստեղծագործ բնույթի աճի ու կատարելագործման հետ.
                 Չի ընթանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ,
                  Ինչ որ կյանքում վեհ ու լավ, արդ մեր մեջ է ու մեզ հետ…

Պատմական արդարության կրողն ըստ Չարենցի գիտակից ու պայքարող ժողովուրդն է և նրան առաջնորդող հզոր անհատը, իսկ նրանց ընդառաջ է գնում այսպես կոչված ՛՛համաշխարհային բանականությունը՛՛, ամենակարող ու անխաթար ՛՛համաշխարհային առաջընթացը՛՛, որի հիմքում անկասկած ընկած է պայքարն իբրև ամենայն գոյություն ունեցողի գոյության և զարգացման նախապայման: Այլ խոսքով ասած` չարենցյան փիլիսոփայական աշխարհայացքում պատմական արդարության թեման հավասարվում և գրեթե նույնացվում է համաշխարհային պրոգրեսի հասկացության հետ, որի մի անբաժան մասն է և հայ ժողովուրդը, որի շնորհիվ էլ հանճարեղ բանաստեղծը, ով տեսնում էր իր հայրենիքին ու ժողովրդին բաժին հասած արհավիրքները և ինքն էլ դրանց զոհն էր, հավատում էր պատմական արդարության հաղթանակին, ինչում կարելի է համոզվել` նորից ուսումնասիրելով ՛՛Գիրք ճանապարհի՛՛ հանճարեղ գործերը՝ “Պատմության քառուղիներով”, “Դեպի լյառը Մասիս”, “Մահվան տեսիլ” այլ`ակնհայտորեն լավատեսական միտումով  այլաբանական բնույթի գեղարվեստական  ստեղծագործությունները: 
Չարենցը քննում է հայոց պատմության դժվարին, արյունոտ պարտություններով ու անուղղելի սխալներով լի դրվագները` նույնացնելով ազգի պատմության ընթացքը ճանապարհի խորհրդանիշի հետ (ինչը չինական փիլիսոփայական դաոսիզմի ուսմունքի ազդեցությունն էր, իսկ դաոն համաշխարհային արդարության սկզբունքով աշխարհը կառավարող հիմնական և միակ բացարձակ նախասկիզբն է ) , և դրանով էլ, ինչպես նախորդ նշված և չնշված  բազմաթիվ մտածողները, Չարենցն անվերապահ հավատում է, որ   պատմական արդարությունը կա, պատմական արդարությունը մշտապես ոտնահարվում է, պատմական արդարությունը ի վերջո հաղթում է, քանի որ այն օբյեկտիվ է և համաշխարհային առաջընթացի անբեկանելի պայմանը:
Մենք, անշուշտ, կիսում ենք հանճարեղ բանաստեղծի ու փիլիսոփայի այս լավատեսությունը և հավատում, որ այդ հզոր գործոնը` պատմական արդարությունը, կգործի  ու կհաղթի նաև մե՛ր  ազգի և մե՛ր երկրի պատմական ճակատագրում:

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am