«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սուրբ Էջմիածնի տաճարի նախնական տեսքը վստահաբար եղել է գմբեթավոր․ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյան

06/10/2022

Generalnews.am-ի հյուրն է Մայր Աթոռի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, ով «Սուրբ Էջմիածին քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» մենագրության հեղինակն է։

- Քրիստոնեության ընդունումից ի վեր հայոց մայր եկեղեցին է եղել Սուրբ Էջմիածինը։ Դրա պատմության, ճարտարապետության, կրած փոփոխությունների հարցը միշտ էլ հետաքրքրել է լայն հանրությանը։ Հայր Թովման 2021 թ․ գրեց և լույս ընծայեց մի շատ արժեքավոր մենագրություն, որի մասին էլ այսօր կխոսենք։ Հայր Սուրբ, ինչպե՞ս ծնվեց այդպիսի մի ուշագրավ աշխատություն գրելու միտքը։  
- Դեռևս 2010 թ․ Գևորգյան ճեմարանում պաշտպանվեց նույն վերնագրով ավարտաճառս, ապա տարիների ընթացքում կատարած հետազոտություններս փորձեցի ամփոփել մի այսպիսի մենագրության շրջանակներում։ Ճարտարապետության մասին կանոնները, Լուսավորչի տեսիլքի ուսումնասիրությունը և հայ գիտնականների վերլուծությունները համադրելով՝ փորձեցի հիմնավորել տաճարի գմբեթավոր լինելու փաստը։ Գմբեթավոր եկեղեցիների տեսակի ներկայացումը կարևոր է, քանի որ գմբեթը խորհրդանշում է երկինքը։ Այսինքն, հայ մարդը, հայ միտքն է քրիստոնա աշխարհում առաջինն ընդգծել երկնքի հետ մշտական կապը հենց գմբեթի միջոցով։
Գիտեք, իմ ուսումնառության տարիներին եկեղեցական արվեստ առարկայի շրջանակներում նմանատիպ հարցեր ուսումնասիրվում էին, և դասախոսի կողմից առաջարկ եղավ խորությամբ ուսումնասիրել որոշ թեմաներ, և թեմաներից մեկը դա էր։ Ինձ համար սա չափազանց կարևոր էր, քանի որ մայր աթոռը դեռևս իր պաշտոնական, գիտական կարծիքը տաճարի ճարտարապետության մասին չէր ներկայացրել և կարիք կար ստեղծելու գիտական մի աշխատություն, որը հենց կլիներ Մայր Աթոռի պաշտոնական տեսակետը։ Նաև սա էր պատճառը, որ հանձն առա կատարել այս աշխատանքը։

- Հայր Սուրբ, կխնդրեի անդրադառնալ այն հարցին, թե, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է եղել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի նախնական տեսքը․ արդյո՞ք այն բազիլիկ տաճար էր, որը հետագայում է գմբեթավորվել, թե՞ ի սկզբանե ներկայացել է որպես կենտրոնագմբեթ եկեղեցի։
- Սուրբ Էջմիածնի տաճարի նախնական տեսքը վստահաբար կարելի է ասել, որ եղել է գմբեթավոր։ Այսօրվա Մայր Տաճարը, որ տեսնում ենք, բացի թանգարանից և զանգակատնից, մնացած ամբողջ հատվածները, բուն կենտրոնագմբեթ եկեղեցական շինվածքը, ինչպես նաև աբսիդները (խորանները) եղել են ի սկզբանե հիմնադրված Գրիգոր Լուսավորչի կողմից։ Անշուշտ, Մայր Տաճարը կրել է բազմաթիվ փոփոխություններ, այսօր էլ նրա որոշ թաղերից ներքև երևում են վաղմիջնադարյան և միջնադարյան թաղերը։ Այս իմաստով պետք է հասկանալ Մայր Տաճարի ճարտարապետության փիլիսոփայությունը։ Դրա համար պետք է ուսումնասիրել Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությունը>>, որտեղ մանրամասն շարադրված են պատգամները, և ըստ այդ փիլիսոփայության ու նաև աստվածաբանության, Մայր Տաճարի հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է։ Նա է տվել ճարտարապետության ձևն ու կաղապարը։ Այս մասին մենք կարդում ենք նաև Ագաթանգեղոսի մոտ, ով նկարագրել է Լուսավորչի տեսիլքը։ Շատ կարևոր էր այդ տեսիլքի ճարտարապետական վերլուծությունը, որն ուսումնասիրելու մի քանի փորձեր կատարվել են (օրինակ ֆրանսահայ ճարտարապետության պատմաբան Արմեն Խաչատուրյանի կողմից)։ Սակայն այս կարծիքը տիրապետող չէր։ Նշեմ, որ Ձեր հարցն էլ բավական դիպուկ է, քանի որ երկար տարիներ հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրություններն այն մասին էին խոսում, որ Մայր Տաճարն ի սկզբանե եղել է բազիլիկ տաճար՝ նկատի ունենալով խորանի ներքևում եղած այդ կարասը։ Ինչու եմ ասում կարաս, քանի որ այն ատրուշան չի եղել․ ատրուշանները լինում էին երկաթից, բարձր տեղում էին տեղադրվում, որոնցում կրակ էր վառվում։ Կրակն էլ եղել է պարսկական զրադաշտական կրոնի պաշտամունքի առարկան իսկ կարասը եղել է սրբազան մոխիրը պահպանելու վայր, բայց վստահաբար մեհյան այդտեղ չի եղել։ Տեկորի, Երերույքի տաճարները, որոնք ևս վաղ միջնադարում են կառուցվել ու իսկապես բազիլիկ էին, ահա դրանց նմանությամբ փորձել են Մայր Տաճարը որակել որպես բազիլիկա։ Ստեփանոս Օրբելյանի մոտ մենք տեսնում ենք, որ կա Շաղատի եկեղեցին, որը գմբեթավոր է եղել ՝ մոտ 335 թվականին կառուցված, և էլի շատ այլ եկեղեցիներ կլինեն, որ  սկզբանե կարող էին գմբեթավոր լինել։ Ի վերջո, մեզ համար կարևոր է, որ հայոց առաջին եկեղեցին կամ Մայր Տաճարը եղել է առաջին քրիստոնեական գմբեթավոր տաճարը։ Գմբեթը երկինքն է խորհրդանշում՝ ի տարբերություն հեթանոսական բազիլիկի, որը բնութագրվում է երկրի վրայի ճանապարհ, մինչդեռ գմբեթը հաղորդակցություն է երկնքի հետ։

- Հարգելի՛ հայր Թովմա, գիրքը շարադրելիս յուրաքանչյուր հեղինակ լավ պատկերացնում է, թե ում է այն հասցեագրված։ Ո՞վ է Ձեր ընթերցողը, ո՞ր լսարանին է ուղղված մենագրությունը։
- Գիրք դառնալուց առաջ այս աշխատանքը եղել է գիտական ավարտաճառ Գևորգյան ճեմարանում, ապա վերածվեց մենագրության, որի լսարանը ողջ քրիստոնյա աշխարհն է։ Կոնկրետ մեր երկրում այն ուղղված է ընթերցող լայն հանրությանը, իսկ մասնագիտական իմաստով այն կարող է օգտակար լինել աստվածաբաններին, կրոնագետներին, պատմաբաններին, մշակութաբաններին, ճարտարապետներին, արվեստաբաններին և այլն։

- Լինելով աստվածաբան-հայագետ՝ դժվար չէ՞ր արդյոք խորանալ  ճարտարապետական գիտության մեջ և արդեն այդ գիտության դիրքերից հիմնավորել  Էջմիածնի՝ ի սկզբանե գմբեթավոր կառուցված լինելու հանգամանքը։
- Անշուշտ դժվար էր ճարտարապետության մեջ խորանալ, ահա թե ինչու 2-3 տարի տքնաջան աշխատանք է կատարվել իմ կողմից ճարտարապետության ուսումնասիրության բնագավառում։ Արդեն Մայր Տաճարի չափագրումներն անելու եզրին էի (ծիծաղում է), որը ևս չափազանց կարևոր էր։ Շատ հեշտ է Մայր Տաճարի գմբեթավոր հորինվածք լինելու մասին պատմական և կանոնական փաստերը համադրել։ Կանոնական փաստերից հիշատակեմ այն, որ մեր ծիսակատարությունը, ըստ որի եպիսկոպոսը կամ օրվա կաթողիկոսը պետք է գծեր կառուցվելիք եկեղեցու հատակագիծը, կանոնն ասում էր <<բրով գծեալ>>, այսինքն բահով գծյալ․ այսօր էլ 16 քարեր են օրհնվում և տեղադրվում եկեղեցու 16 մասերում իբրև հիմնարկեք, այն ժամանակ կաթողիկոսը գծել է հատակագիծը հենց հողի վրա։ Ես ուզում եմ հարցնել՝ կլինե՞ր գեթ մեկ կաթողիկոս կամ մասնագետ-ճարտարապետ, ով կփոփոխեր Գրիգոր Լուսավորչի դրած հիմքերը։ Հարցը կանոնական է, հետո նոր ճարտարապետական ըստ իս։ Գիտական կողմից ճարտարապետության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն լիովին համապատասխանում է գմբեթավոր տաճարի տիպին, իսկ վերջին տարիների ռեստավրացիաների արդյունքում ամբողջովին բացահայտվեց այդ թեզի իսկությունը։ Իմ գրքում այն ենթադրություն եմ արել, որ խորաններն են ավելացվել հետո, քանի որ տաճարը կենտրոնագմբեթ վիճակով Լուսավորիչն է հիմնադրել, սակայն   վերակառուցումների ընթացքում բացված փաստերը եկան ապացուցելու, որ ի սկզբանե, խորաններն ու աբսիդները եղել են Մայր տաճարի հետ կառուցված։ 

- Տվյալ մենագրությունը, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, այսօր հայապահպանության տեսանկյունից ունի մեծ կարևորություն․ այն, ինչը մեզ մոտեցնում է մեր արմատներին, միշտ պետք է բարձրաձայն պրոպագանդվի․․․ այս համատեքստում, ո՞րն է գրքի ուղերձը․․․․
- Հայ հանճարի պրոպագանդան ողջ աշխարհում պետք է միշտ հնչի։ Գրքում շարադրել, եմ, որ Մայր Տաճարի գմբեթավոր տիպը տարածվել է Բյուզանդիայում, օրինակ Նեայի Սուրբ Թեոդոսիայի տաճարը, ապա Եվրոպայում են տարածվել, օրինակ  Միլանի սուրբ Սատիրո եկեղեցին, որը խաչաձև կենտրոնագմբեթ է /8-րդ դար/։ Կարծում եմ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն, որ Մայր Տաճարի օրինակով զարդարված Եվրոպան կրում է հայկական հետք, ուստի սա կարող էր շատ մեծ պրոպագանդա լիներ մեր և մեր երկրի համար։ Ժամանակին Արմեն Զարյանը գրել է հայ-իտալական ճարտարապետության առնչությունների մասին, կարևոր ներդրում է այդ ճանապարհին, բայց նմանատիպ աշխատանքները պետք է շարունակվեն և ծավալվեն։

Հարցազրույցը վարեց «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ, պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյանը                                                                                                                                                                                                      

Generalnews.am