«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Աշտարակի խճուղին

23/01/2023

Մի խումբ քաղաքացիներ այսօր փակել են Աշտարակի խճուղին: Նրանք Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած արցախցիներ են, որոնք պահանջում են միացնել շենքի հոսանքը:

Քաղաքացիներից մեկը նշեց, որ երեք օր է՝ լույսն անջատած է, տարածքում 200 բնակիչ է ապրում՝ ազատամարտիկներ: ՛՛Տուն չունեցող մարդիկ են, եկել ենք, բնակություն ենք հաստատել, ՊՆ-ի շենքը քանդվում էր, վերանորոգել ենք: Ասում են՝ շենքը տվել են ՊԵԿ-ին, հիմա էլ լույսն անջատել են: Հիմա դվիժոկ ենք բերել: Մանկահասակ երեխաներ կան: Մենք պահանջում ենք, որ լույսը միացնեն: Եթե մեկ ժամում լույսը չեղավ, նորից ենք դուրս գալու, կրկնվելու է նույնը: Մեզ չեն կարող ահաբեկել՛՛,-նշեց նա:

Քաղաքացիները նաեւ ասում են, որ չեն ցանկանում, որ գան շենքը սարքեն, իրենք ամեն ինչ արել են իրենց ուժերով, բայց թող իրենց միջի ՛՛գազանին էլ չարթնացնեն՛՛: ՛՛Բոլորն էլ էստեղ գազան տղերք են: Թող ՊԵԿ-ին ուրիշ տեղ հող տան, էնտեղ իրենց համար շենք կառուցեն: Այստեղ մարդիկ անտուն են՛՛,-նշեց բնակիչներից մեկը:

Խոսելով այն մասին, թե արդյոք իրենք հոսանքի համար վճարու՞մ են, քաղաքացիներն ասացին, որ իրենք առաջարկել են, որ հաշվիչներ դնեն, իրենք դառնան բաժանորդ, վճարեն հոսանքի համար, բայց հաշվիչներ չեն դրվել:

Նշենք, որ, այնումենայնիվ, որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ բերման ենթարկելով երեք քաղաքացիների. նրանք ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար տարվել են ոստիկանություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեռ ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։

Վերջերս էլ ՊԵԿ-ը դիմել է պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: