«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բազմազավակ ընտանիքների խնդիրներն առաջնային լուծման ենթակա են. Արմինե Պետրոսյանը շրջայց է ունեցել

22/10/2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը՝ տեղակալներ Վահրամ Առաքելյանի և Գագիկ Նազլուխանյանի, ինչպես նաև նախարարության միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության պետ Արարատ Բախտամյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 21-ին այցելել է Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում բնակվող բազմազավակ Հայկուշ Յակուբովայի ընտանիքին:

Նախարարը տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ընտանիքի առօրյա խնդիրներով, երեխաներին փոխանցել նվերներ և սնունդ:

Ութ զավակ ունեցող Հայկուշի ընտանիքին պետությունը բնակարան է հատկացրել:

Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը, բազմազավակ մոր դիմումի հիման վրա, կահույք և կենցաղային պարագաներ է տրամադրել նրանց:

Արմինե Պետրոսյանը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել բազմազավակ ընտանիքի առօրյա հարցերն՝ այդ համատեքստում առաջարկելով Հայկուշ Յակուբովային մասնակցել առաջիկայում նախարարության կողմից անցկացվելիք հմտությունների ձեռքբերման դասընթացներին:
♦️Հաջորդիվ նախարարն այցելել է Ստեփանակերտ քաղաքում վարձավճարով բնակվող Սասուն Հակոբջանյանի բազմազավակ ընտանիքին:
Հինգ փոքրիկ ունեցող ընտանիքն ապրում է անմխիթար պայմաններում՝ մեկ սենյականոց տան մեջ:

Արմինե Պետրոսյանն առաջարկել է մինչև սեփական բնակարան ձեռք բերելը, երկրի այլ ոլորտների հետ համագործակցության միջոցով, բարելավել ընտանիքի կեցության ներկայիս պայմանները:

Սասուն Հակոբջանյանի փոքրիկներին ևս նախարության կողմից հանձնվել են նվերներ և պարենամթերք:

Նախարարի կողմից բազմազավակ ընտանիքների փոքրիկներին բաժանված բաճկոնները տրամադրել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը:
Նախարարության պահեստներից դրանք բաժանվել են գրեթե բոլոր տեղահանված ընտանիքների երեխաներին:

Այսուհետ բաճկոններ կստանան նաև սոցիալական այլ խմբերի պատկանող փոքրիկները:

Արցախի սոցիալական ոլորտի գլխավոր պատասխանատուն նոյեմբերի 1-ից շարունակական այցելություններ կունենա բոլոր շրջաններում բնակվող և սոցիալական որոշակի խմբերի պատկանող ընտանիքներին՝ տեղում երեխաներին փոխանցելով մարդասիրական օգնության համապատասխան պարագաները: