Շատ բան է խոսվում, մնում է այդ խոսացածը հիմնավորել. Սամվել Շահրամանյան
«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսկել Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի վրա»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա ընդգծեց՝ զինված ուժերն ընդունել են հարածն ու հակահարված տվել, այսօր Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակվածներին։
«Նրանց շնորհիվ հնարավոր է եղել կանխել պատերազմի առավել աղետալի հետևանքները։ Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու հիմքը, այն ինչ կատարվեց 2023 թվականին, ես համարում եմ դրա հետևանքը»,-ասաց Արցախի վերջին նախագահը։
Ինչ վերաբերում է պատերազմում պարտության մեղավորների մասին հարցին, Շահրամանյանն ասաց՝ Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, գործել է ԱԺ-ում համապատասխան հանձնոժողով, որն առաջիկայում երևի կհրապարակի զեկույց, ու համապատասխան եզրակացություններ կարվեն։
«Հանձնաժողովի եզրակացությունն էլ կլինի հիմք, և ոչ միայն դա, մենք ունենք մեր կարծիքը, բայց կան քրեական գործեր, որոնց մասին հայտարարվել է»,-ասաց Արցախի նախագահը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե իրեն ընդդիմությունն է բերել իշխանության և որ հենց նա է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, Շահրամանյանն ասաց, որ շատ բան է խոսվում, մնում է այդ խոսացածը հիմնավորել:
Հարցին էլ՝ ով Շահրամանյանի «գրպանը գցել» այդ ամեն ինչը, նա ասաց. «2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունները, պատասխանատվությունը, այն ժամանակ, երբ գրեթե Արցախից բոլորը հրաժարվել են, և մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»:
Շահրամանյանն ընդգծեց՝ ստանձնել է այդ պարտավորությունը, հասկանալով իրավիճակի բարդությունը՝ չխուսափելով այն պատասխանատավությունից, որով պետք էր այդ ժամանակ վերցներ պետական պաշտոնը:
«Ես շատ լավ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը և ասացի՝ որոշումները կայացրել ենք ստեղծված իրավիճակից ելնելով:
Ոչ ոք չէր կարող կանխատեսել ելքն ինչպիսին է լինելու: Մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը: Մենք բանակցում էինք նաև ադրբեջանական կողմի հետ, որ պահպանենք իրավիճակը կայուն և սկսենք բանակցություններ Արցախի և Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերբերյալ, բայց ադրբեջանի կողմից համապատասխան երաշխքիներ չենք ստացել, որ ժողովուդրը կարող է ապահով ապրել»,- շեշտեց նա: