Ուրբաթ, Սեպտեմբերի 24, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիսիան-Քաջարան նոր ճանապարհի կառուցումը՝ օրակարգում

02/08/2021

Առաջիկայում կհայտարարվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան Քաջարան հատվածի շինարարության և տեխնիկական հսկողության մրցույթները։  Նախատեսվում է կառուցել մոտ 9 կմ երկարությամբ Բարգուշատի թունելը։ Սիսիան-Քաջարան հատվածը նախագծվել է նոր ծրագծով, այն կարող է այլընտրանք դառնալ գործող ճանապարհին։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի  ծրագրերի կառավարման ու գնումների դեպարտամենտի  պետ Նարեկ Զուլալյանը «Ռադիոլուր»-ին վստահեցրել է, որ նախագիծը պատրաստ էր 2018-ից։ Ավելի քան 10 տարի ձգձգվող ճանապարհային միջանցքն այսօր ավելի քան արդիական ու ռազմավարական է՝ ընդգծում են փորձագետները։

Միայն թե որեւէ ժամկետ չի նախանշվում, թե երբ ի վերջո կավարտվեն Հյուսիս-հարավի՝ արդեն տասը տարուց ավելի ձգվող շինաշխատանքները։

Շուրջ 60 կմ երկարությամբ ճանապարհ, 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ, 12․5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի նոր նախագծով է նախատեսվում․ 4-րդ տրանշի համար ներդրողներ են փնտրվում։ Նոր ճանապարhն այլընտրանք է լինելու գործող Մ2 միջպետական ճանապարհին՝ ասում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի  ծրագրերի կառավարման ու գնումների դեպարտամենտի  պետ Նարեկ Զուլալյանը եւ վստահեցնում՝ Սյունիքի համար նախատեսված ճանապարհային այս նոր լուծումները հետպատերազմյան իրավիճակի հետ կապված չեն։

«Նախագիծը  պատրաստ էր դեռ 2018 թվականին։ Ծրագրի արժեքը պարզ կլինի մրցութային գործընթացներից հետո։ Մենք նախապատրաստական աշխատանք ենք իրականացնում, այս տարի կհայտարարվի մրցույթը»։

Հայաստանի հարավում  կառուցվող Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածն ավելի երկար է ու խոշոր, քան նախորդ տրանշերով կառուցվածները համատեղ վերցված։ Այստեղով է անցնելու կառուցվելիք Բարգուշատի թունելը, որպես այդպիսին դա լինելու է երկրում ամենարկարը՝ 8․5 կմ։ Կառավարությունում հաշվարկել են՝ եթե ծրագիրը կյանքի կոչվի, հյուսիսից հարավ 550 կմ երկարությամբ  ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ «Ճանապարահային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի «Տրանշ 2» և «Տրանշ 4» ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանն արձանագրում է՝

«Ընդհանուր առամամբ, ծրագիրն ունի հինգ տրանշ,  առաջին տրանշն ավարտված է,  երկրորդ տրանշի՝ Աշտարակ-Թալին , Թալին-Գյումրի հատվածների շինարարությունն ընթացքի մեջ է։ 4-րդ տրանշի՝  Սիսիան-Քաջարան հատվածն ենք մանրամասն դիտարկել՝ ընդհանուր առմամբ 60 կմ։ Հիմա ընթացքի է տրվում»։

 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, որի կառուցումը ձգձգվում է ավելի քան 10 տարի, այսօր ավելի քան արդիական ու ռազմավարական է՝ «Ռադիոլուր»-ին ասում է տնտեսագետ, «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի փորձագետ Աննա Փախլյանը։ Սա նոր հնարավորություն է  Հայաստանի համար, եթե ամբողջությամբ գործարկվի, Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր՝ միացնելով Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպային։ Չնայած օրակարգում ճանապարհների ապաշրջափակման հարցն է,  փորձագետն այդուհանդերձ,  ընդգծում է այս ծրագրի կարևորությունը․ նոր ճանապարհը համեմատելի չէ այլ լուծումների հետ։

«Ապաշրջափակման մասով Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումներն ու Հայաստանի տնտեսական շահերը չեն համընկնում։ Այդ տեսանկյունից Հյուսիս-Հարավն իր արդիականությունը չի կորցնում, հատկապես, որ անցնելու է ԻԻՀ տարածքով, այլընտրանքային որոշակի ճանապարհ է, որտեղ նաև գերտերությունների շահերն են խաչվում։ Այս պարագայում լրացուցիչ հետաքրքրվածությունն առավել ևս այս պարագայում չի խանգարի»։

«Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի մարզն ընդգրկող հարավային հատվածի համար Եվրամիությունը շուրջ 600 մլն եվրո է տրամադրելու՝ հուլիսին հայտարարել էր արդեն փոխվարչապետ նշանակված Սուրեն Պապիկյանը։ Բայց թե որքան կարժենա ճանապարհահատվածի կառուցումը՝ պարզ կդառնա տեխնիկատնտեսական հաշվարկների եւ մրցույթի արդյունքում։ Այս պահին որեւէ ժամկետ չի  նախանշվում, թե երբ, ի վերջո, կավարտվեն Հյուսիս-Հարավի արդեն տասը տարուց ավելի ձգվող շինաշխատանքները։ Այս հատվածի կառուցման համար մոտ 6 տարի կպահանջվի։ Մասնագիտական գնահատումներով, նոր ճանապարհտ որքան կարեւոր, նույնքան էլ բարդ իրականացվող է։