«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Թուրքիան փորձում է Հայաստանում ավելի սրել իրավիճակը, իսկ որոշ շրջանակներ թուրքական պրովոկացիաներն օգտագործում են Փաշինյանի դեմ». Ստյոպա Սաֆարյան

27/02/2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, Թուրքիայի կողմից արձագանք եղավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հանդես է գալիս ցանկացած հեղաշրջման դեմ, և որ Հայաստանում ժողովուրդը պետք է փոխի իշխանությունը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում թուրքական կողմի այս հայտարարությունը։

– Թուրքիան փորձում է Հայաստանում ավելի սրել իրավիճակը, և, ցավոք, Հայաստանում որոշ շրջանակներ լայնորեն տիրաժավորում են, փորձում են ներքաղաքական գործոն դարձնել Թուրքիայի հայտարարությունը՝ ընդդեմ Փաշինյանի հետ կռվում։ Դա ամոթալի է, և ես հորդորում եմ զերծ մնալ թշնամու կողմից արված ցանկացած գնահատական մեր ներքաղաքական միջավայր բերելուց։

Ակնհայտ է, որ Թուրքիայի մտադրություններն ամենևին բարի չեն։ Եվ Թուրքիան այս իշխանությունների գործընկերը չէ ամենևին, որքան էլ այդպես մեկնաբանեն ընդդիմադիր որոշ փոքրաթիվ խմբակներ։

Պետք է հասկանալ, որ սա Հայաստանում իրավիճակն ավելի խորացնելուն ուղղված հայտարարություն է։ Թուրքիան հենց դա է անում՝ ավելի թուլացնելով Հայաստանի իշխանություններին, որոնք կարծես թե պատերազմից հետո ոտքի կանգնելու նշաններ էին ցույց տալիս։

Մնացածը հասարակությունը պետք է հասկանա, թե ով և ինչ է անում։ Եվ պետք է հասկանան նաև նրանք, ովքեր թուրքական խայծը և այդ պրովոկացիաները բերում են ներքաղաքական կյանք։ Արդյոք իրենք դա անում են գիտակցվա՞ծ, թե՞ ակամա։

– Ադրբեջանի կողմից էլ կան մեր ներքաղաքական կյանքի մասին հայտարարություններ։ Այսինքն՝ այդ երկրները ավելի՞ են ուզում սրել իրավիճակը, դա՞ է այդ հայտարարությունների նպատակը։

– Այո՛, միանշանակ, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն այդ խնդիրն են լուծում՝ ազատվել Հայաստանում ժողովրդի իշխանությունից, ավարտել ժողովրդավարության և ժողովրդի իշխանության վիճակը։

Նրանք պատերազմում հաղթել են, բայց հետ են մնացել Հայաստանից հենց կիսաավտորիտարիզմի և ավտորիտարիզմի պատճառով։ Հիմա, բնականաբար, նրանք չեն ցանկանա, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը շարունակելի լինի։

– Ինչպե՞ս եք տեսնում այս ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը։ Ընդդիմադիր ուժերն արդեն երկու օր է՝ շուրջօրյա ակցիաներ են անում, մյուս կողմից՝ բանակի հայտարարությունը կարծես ավելի սրեց իրավիճակը։

– Բանակը պետք է կտրել այս դավադիր խմբակից, որովհետև ակնհայտ է, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել։

Հանուն արդարության մի փոքրիկ գաղտնիք բացեմ՝ վերջին երեք ամիսների ընթացքում նույնատիպ փորձեր են եղել Հանրային խորհուրդը դեմ հանելու կառավարությանը։

Մենք առնվազն 3-4 ծանր նիստեր ենք ունեցել, և իմ կողմից բացատրվել է որոշ գործընկերների, որոնց անունն այս պահին չեմ տա, որ անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից, մարմնում, որին թույլատրված չէ զբաղվել ներքին քաղաքականությամբ, իշխանության համար մղվող քաղաքականությամբ, և իշխանության ձևավորման հարցերն ամենևին իր տիրույթում չեն, նման բան չի լինի։

Մի քանի այդպիսի ծանր նիստերից հետո, ղեկավարվելով իմ իրավասություններով, ես պատրաստել եմ պաշտոնական դիրքորոշում, որով մեկնաբանվել է ներքաղաքական զարգացումներում չեզոքության խնդիրը և Հանրային խորհրդի՝ բացառապես հանրային հարցերի դաշտում մնալու խնդիրը։ Եվ հարցը փակվել է։ 

Ցավալիորեն ես տեսնում եմ, որ այս գործունեությունը ծավալվել է նաև բանակի ուղղությամբ։ Եվ գլխավոր շտաբի ղեկավարներին ինչ-ինչ ձևերով հնարավոր է դարձել դեմ հանել կառավարությանը։ Ես կարծում եմ, որ բանակը պետք է ուղղակի պահել սահմանադրականության և օրենքների տիրույթում։ Բանակի՝ քաղաքականության մեջ ներգրավվածության հեռանկարը պետք է իսպառ փակել։

– Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը զինված հեղաշրջման փո՞րձ էր, թե՞ ոչ։ Մեկնաբանությունները տարբեր են։

– Ռազմական հեղաշրջումը մեկ տարատեսակ չունի։ Ռազմական հեղաշրջումը, անշուշտ, իրականացնում են ռազմական գործիչները։

Եվ այս առումով ֆիքսենք, որ 19 ռազմական գործիչ հանդես են եկել մի հայտարարությամբ, որն ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը և վերաբերում է քաղաքական իշխանության ձևավորմանը։

Բանակն այն սուբյեկտը չէ, որը կարող է ժողովրդի փոխարեն որոշել, թե ով է կառավարություն և ոչ կառավարություն։ Եթե անգամ բանակում կան հրամանատարներ, որոնք չեն ցանկանում ծառայել տվյալ պահի քաղաքական իշխանությանը, ապա դրա լուծումը ինքնահրաժարականն է։

– Բանակը պետք է լռի անգամ այն դեպքում, եթե տեղեկություն ունի, որ երկրին վտա՞նգ է սպառնում։

– Դրա համար գոյություն ունի Ազգային անվտանգության խորհուրդ, և բանակի ղեկավարությունը այդ ինֆորմացիան ներկայացնում է, և հարցը լուծվում է այդտեղ։

Ըստ էության եկեք արձանագրենք, որ տեղի է ունեցել բացառապես արտառոց բան, և, դա, այո՛, սահմանադրական կարգի հիմունքներից մեկին է վերաբերում՝ բանակը քաղաքականության մեջ չներքաշելուն։

Դա արվել է ռազմական գործիչների կողմից, որի շարունակությունն ակնկալվում է, որ պետք է ավարտին հասցվի ժողովրդի կողմից։

Այսինքն՝ պրոցեսն ունի երկու դերակատար՝ 19 ռազմական գործիչներ և հասարակություն։ Այսինքն՝ հիմա ի՞նչ եք ասում՝ սա չանվանե՞լ ռազմական հեղաշրջման փորձ, եթե նպատակը դա է, որ բանակը դառնում է ներքաղաքական բևեռներից մեկը, և հասարակությանը կտրում են բանակից՝ հավաքելով իրենց շուրջը, ինչպես անում են 17-ը։ Իհարկե, սա ռազմական հեղաշրջման փորձ է։

– Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ մեթոդների դիմելու մասին խոսեց, սպառնաց ձերբակալել ընդդիմադիր գործիչներին, ասաց, որ թավիշին վերջ է դրվելու։ Որքանո՞վ է ընդունելի քաղաքական պայքարում ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ իրականացնելը։ 

– Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում ճկուն գործողություններ են պետք, որոնք լուծում են խնդիրը։ Հարցը կոշտ կամ կտրուկ գործողությունների մասին չէ։

Հարցն ինչ-որ չափով վերաբերում էր բանակին, և իրենց Սահմանադրությունից դուրս դրած 19 ռազմական գործիչների խնդիրները, անշուշտ, պիտի կարգավորվեն օրենքի շրջանակներում։ Ոմանց դեպքում միգուցե ազատման խնդիրները արագ պետք է լուծվեն։

Սա անթույլատրելի է, փաստորեն գլխավոր շտաբի 19 անձինք արդեն երկրորդ օրն է՝ Սահմանադրությունից դուրս վիճակում են: