«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր Ադրբեջանը բավական ագրեսիվ է գործում. Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ

11/07/2022

Ստեփանակերտի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում միանգամից երեք շնորհանդես էր՝ Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» www.monumentwatch.org կայքի։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կայքից։ 

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել հեղինակներին՝ նշելով, որ գրքերն ու կայքը կարևոր զենք են լինելու մեր մշակութային ժառանգության պահպանման համար տարվող պայքարում. «Արցախի մշակութային ժառանգությունը  հայտնվել է ոչնչացման վտանգի մեջ:  Մեր վանքերը, հնամենի խաչքարերը, մեր հուշարձաններն Արցախի դարավոր գոյության պատմական վկաներն են:  Ժողովրդին զրկել իր  մշակույթից, կնշանակի զրկել ապագա ունենալու հնարավորությունից: Մենք պետք է պայքարենք ցանկացած միջոցով»։

«Լավ թիմ է ձևավորվել՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյան, պ.գ.թ. Նժդեհ Երանյան, պ.գ.թ. Հայկուհի Մուրադյան և ուրիշներ, որոնք  լուրջ աշխատանքներ են կատարել:  Կարծում եմ՝ դրանք  ավելի շատ պետք է ներկայացնենք գիտական շրջանակներում, քանզի այսօր Ադրբեջանը բավական ագրեսիվ է գործում»,- իր խոսքում նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Համլետ Պետրոսյանն, ով ծնունդով արցախցի է, վստահեցրել է, որ այսուհետ անելու է առավելագույնը՝ իր մասնագիտական կարողություններով ու պաշարով ծառայելով Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը.  «Ես համեստ աշակերտի պես փորձել եմ կատարել իմ աշխատանքը, երբեք իմ պատկերացումներին համապատասխան չեմ գրել ինչ որ բան: Մեր ուժը, առաջընթացը կայանում է թիմային աշխատանքի մեջ:  Մենք ոչինչ չենք հնարել, ոչինչ չենք ավելացրել, արձանագրել ենք փաստեր՝ հերքելով ադրբեջանցի գործընկերների մոտեցումները»։

«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքույկը ստեղծվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ: Աշխատանքների իրականացմանն աջակցել է նաև ՀԲԸՄ-ը:

«Մշակութային անվտանգությունը  ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է, հատկապես փոքր ազգերի  համար, մասնավորապես մեր ժամանակներում: Մի կողմից համահարթեցումը, մշակութային ուծացումը, մշակութային էքսպանսիան, մյուս կողմից  էլ պատերազմներն իրական սպառնալիք են մշակութային ժառանգության պահպանման համար: Այս դեպքում ելքը մեկն է. երկրի սահմաններն անձնազոհաբար պաշտպանելուն զուգահեռ պաշտպանել քո դարավոր պատմության ու քաղաքակրթության վկա հանդիսացող հոգևոր ու նյութական մշակութային ժառանգությունը:

Մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանման խնդիրներով մտահոգ մի խումբ գիտնականներ, հավաքվելով այս  գաղափարի շուրջ,  ստեղծել  են այդ մարտահրավերներին դիմակայելու միջոցներ, գործիքներ»,- նշված է նախարարության կայքում: