«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թեհրանը Բաքվից պարզաբանում Է պահանջել Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցության» վերաբերյալ

31/03/2023

Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի առնչությամբ և պարզաբանումներ է պահանջում Բաքվից: Նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Ըստ Քանաանիի՝ այդ համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։ Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում, արտաքին  քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Բաքվից  պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների առնչությամբ, որի նպատակն, ինչպես պնդում Է նա, «միասնական հակաիրանական ճակատի» ստեղծումն է: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մատնանշել է «անքակտելի պատմական և կրոնական կապն Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև»։

Մարտի 29-ին Իսրայելի արտգործնախարարության ղեկավար Էլի Քոհենը, ամփոփելով Իսրայելում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ ջանքերով դիմակայեն Իրանին։ «Մենք պետք է գործենք միասին, որպեսզի կանխենք Իրանի կողմից (ռազմական) միջուկային ներուժի ստացումը: Դա կարելի է անել՝ օգտագործելով քաղաքական և տնտեսական միջոցներ՝ միաժամանակ ստեղծելով հուսալի և շոշափելի ռազմական սպառնալիք», – հայտարարել էր Քոհենը: