«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հադրութ քաղաքը գտնվում է Արցախի Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ

12/10/2020

Արցախի Հադրութ քաղաքը գտնվում է Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել: Հադրութ քաղաքը գտնվում է մեր Զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն վերսկսել է ռազմական գործողությունները:

«Ադրբեջանը չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, որ իրենք պատրաստ են եղել կատարելու դրանք, լիովին կեղծիք են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ Ադրբեջանի գրոհները վերսկսվել են երեք-չորս ուղղություններով, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել են ծանր հրետանային միջոցներ, մարտական հարվածային ԱԹՍ-ներ, Թուրքիայի օդուժի աջակցությամբ հակառակորդը կատարել է նաև 36 մարտական թռիչք,  որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է խոցել 1 ՍՈւ-25 գրոհիչ:

Գիշերային ժամերին մարտական գործողությունների որոշակի թուլացումներ են լինում, այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն կատարում է զորքերի վերախմբավորումներ ու համալրումներ, որպեսզի վաղ առավոտյան նորից վերսկսի ռազմական գործողությունները: