«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տարեցների, հոգեկան առողջության խնդիրներով անձանց համար կստեղծվեն համայնքային փոքր տներ

09/06/2022

Հայաստանում օրենքի մակարդակով ներդրվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ՝ համայնքային փոքր տներ՝ հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող, ինչպես նաև տարեց անձանց համար:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:

Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման և սոցիալական ծառայությունների բարեփոխումների համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծել: Առաջարկվում է մասնավորապես հիմնական հասկացությունների շարքում սահմանել պետական վկայագիրը և աջակցության քարտը, որի միջոցով կապահովվեն որոշակի սոցիալական ծառայություններ՝ սննդի, հագուստի, առաջին անհրաժեշտության այլ գույքի տրամադրման հնարավորություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար: Սահմանվում է նաև բնակչության խնամքի և բազմապրոֆիլ ծառայության տրամադրման կառույցի ևս մեկ տեսակ՝ համայնքային փոքր տները:  Անդրադառնալով համայնքային փոքր տներին՝ Ժամակոչյանն ասաց. «Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող, ինչպես նաև տարեցների համար մասնագիտացված խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ այլ կառույց, ավելի արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովող կառույց է հիմնվում:

Համայնքային փոքր տների ծրագիր այժմ էլ է իրականցվում: Պետական դրամաշնորհային միջոցներով որոշակի ՀԿ-ներ կարողանում են ծառայություններ տրամադրել: Այժմ այդպիսի 4 համայնքային փոքր տներ կան: «Այստեղ պարզապես մարդիկ՝ հոգեկան առողջության, մտավոր խնդիր ունեցող անձինք ապրում են համայնքային կյանքով, ավելի սոցիալական կյանքով: Ներդրված  է ապաինստիտուցիոնալացման գաղափարը»,-ասաց նա:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նկատեց՝ օրենքի նախագծով սահմանվում է, որ բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր օթևան տրամադրվի, հետաքրքրվեց այս կետով:

«Գործող օրենքում նույնպես կա նման դրույթ, նման հնարավորություն: Այս պահին էլ կա նման ծառայություն, որ անօթևան անձանց կացարան է տրամադրվում: Սակայն օրենքում նշված է հստակ ժամանակացույց՝ 90 օրվա ժամկետ, այսինքն՝ անօթևան մնացած քաղաքացին 90 օրից հետո պետք է լքի կացարանը: Այժմ մենք օրենքում հանում ենք 90 օրվա պահանջը»,-ասաց Ժամակոչյանը:

Այսպիսով` նախագծի ընդունման դեպքում հնարավոր է լինելու յուրաքանչյուր դեպքի համար տարբերակված մոտեցում ցուցաբերել: