«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Կասկածում եմ, որ բացի հայտնի համաձայնագրից, կա նաև գաղտնի պայմանագիր, որի հիման վրա ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած մարդը պայմանավորվել է GPS-ով հողեր հանձնելու մասին». անվտանգության մասնագետ

01/12/2020

«Համաշխարհային պրակտիկայում ես այդպիսի որևէ դեպք չեմ հիշում, որ GPS-ով սահման գծեն, այդպիսի բան երևի հնարավոր էր միայն Հայաստանի Հանրապետությունում վարչապետի աթոռը զավթած մարդու երևակայության մեջ պատահեր, ինչին էլ մենք հիմա ականատես ենք լինում, -ասում է անվտանգային հարցրով մասնագետ Արմեն Մանվելյանը, «Փաստինֆո»-ի զրուցում անդրադառնալով հետպատերազմյան զարգացումների ֆոնին Հայաստանում և Արցախում տեղի ունեցող աննախադեպ իրողություններին՝ նոր սահմանների գծմանը, որը, ըստ Փաշինյանի հայտարարության, կատարվում է GPS-ով։

«Առաջին հերթին սա նշանակում է, որ ՀՀ-ում այս պահին իշխանություններն ապօրինի կերպով զավթած մարդիկ չեն պատկերացնում, թե դեռ ինչ կարող է պատահել իրենց կողմից ստորագրված խայտառակ կապիտուլացիոն ակտից հետո, մասնավորապես այն առումով, որ հողեր հանձնելու գործընթացը միայն Արցախով չի վերջանալու: Այս ամենը հստակ խոսում է նաև այն մասին, որ Հայաստանից նույնպես հողեր են հանձնվելու Ադրբեջանին:Այնպիսի տպավորություն է, որ վարչապետի աթոռը զավթած մարդը միտումնավոր գնում է հայկական հողերը Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ: Իր կողմից կատարվող բոլոր գործողությունները հենց դրան են հանգեցնում: Նորմալ տրամաբանություն ունեցող անձը շատ լավ հասկանում է, որ սահման հնարավոր չէ գծել մի պետության հետ, որի հետ, որի հետ դու գտնվում ես պատերազմական գործողությունների մեջ, որովհետև պատերազմն, ըստ էության, ավարտված չէ, ընդամենը զինադադար է կնքվել: Բացի այդ, Ադրբեջանը մի պետություն է, որի հետ մենք չունենք և չենք էլ կարող ունենալ որևէ տեսակի հարաբերություն, էլ չեմ խոսում այսպիսի իրավիճակներում JPS-ով սահման գծելու մասին, որն ուղղակի անհեթեթություն է, նորից եմ կրկնում, նման բան ուղղակի գոյություն չունի համաշխարհային պրակտիկայում: Սա միջազգային բոլոր տեսակի իրավունքների կոպտագույն խախտում է, այդպես սահմաններ չեն գծվում»,- նշել է փորձագետը:

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է ռացիոնալ և հնարավորինս խելամիտ որևէ բացատրություն տալ Նիկոլ Փաշինյանի այսօրինակ վարքին՝ անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը պատասխանում է. «Ես կասկածում եմ, որ բացի կնքված արդեն հայտնի համաձայնագրից, կա նաև գաղտնի պայմանագիր, որը սակայն մեզ հայտնի չէ, որի հիման վրա էլ ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած մարդը պայմանավորվել է GPS-ով սահմանազատման և հողեր հանձնելու մասին: Այս ամենի հետևանքներն ուղղակի սարսափելի են լինելու: Ստացվելու է այնպես, որ Վարդենիսն ու Ջերմուկը դառնալու են այն քաղաքներից, որոնք ուղղակիորեն կարող են հայտնվել Ադրբեջանի հրթիռակոծման տակ: Այս սցենարով կտրվելու է նաև կապը՝ Հայաստանի հյուսիսից հարավ և Գորիս – Կապան միջպետական նշանակության ճանապարհն անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Արդեն խոսվում է այն մասին, որ Սյունիքում որոշ բնակավայրեր կորցել են իրենց արոտավայրերը, ինչն ուղիղ ու ծանր հարված է գյուղատնտեսությանը և այսպես շարունակ»:

Արդյո՞ք Փաշինյանի հեռացումը գլոբալ առումով իրավիճակ կփոխի և հայկական կողմը հնարավորություն կստանա որոշակիորեն բարելավել ստեղծված իրավիճակը: Անվտանգային հարցերով մասնագետը համոզված է՝ վարչապետի աթոռը զավթած մարդն օր առաջ պետք է հեռանա՝ հնարավորություն տալով հայկական կողմին դուրս գալ իր ստեղծած այս անելանելի վիճակից.«Եթե նույնիսկ մենք որոշակիորեն ուշացրել ենք հայտարարության որոշ կետեր կատարելու գործընթացը, գոնե Հայաստանի Հանրապետության սահմանագծման գործընթացը հրատապ կերպով կասեցվի, որովհետև սա որեւէ տրամաբանության չի ենթարկվում: Սա կարող է իրականացնել միայն նոր իշխանությունը: Եկեք անկեղծ լինենք և ինքներս մեզ խոստովանենք, որ մենք ծանր փորձ ունենք՝ երբ 90-ականներին սահմաններ էին գծվում, ոչ ոք չէր շարժվում Սովետական միությունից մնացած քարտեզով: Օրինակ, Տավուշի սահմանները գծվեցին՝ ելնելով Հայաստանի անվտանգությունից և այնտեղ գտնվող շատ թուրքական գյուղերի առաջարկվեց ուղղակի հեռանալ և վերջ: Այս գործելաոճը պետք է լիներ առաջնային մեզ համար, սակայն, ինչպես տեսնում ենք՝ տեղի է ունենում ճիշտ հակառակ պրոցեսը»:

Արմեն Մանվելյանը նկատում է՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները հայտարարում էին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց առանց Լեռնային Ղարաբաղի: Քանի որ Լեռնային Ղարաբաղի մի զգալի հատված այս պահին օկուպացված է, ապա, ըստ զրուցակցի, թեկուզ ուշացում, բայց մենք պետք է հայտարարենք, որ ճանաչում ենք Արցախի անկախությունը. «Նախկին սահմանների պայմաններում Քարվաճառով, Լաչինով սահմանազատումները դեպի հարավ անընդունելի էին: Հայկական Զինուժն այդ սահմանները պետք է գծի այնպես, ինչը կնպաստի հայկական կողմի՝ գոնե Հայաստանի Հանրապետության տարածքային անվտանգությանը: Հարցերը պետք է լուծվեն Հայաստանի անվտանգության թիվ մեկ կարևորության խնդիրները լուծելու ճանապարհով: Այլ կերպ մեր առջև ծառացած խնդիրներն ուղղակի անհնար կլինի լուծել»,-ասում է Արմեն Մանվելյանը:

Հարցին՝ ի՞նչ վտանգ են սպառնում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար Մեղրիում զիջված հողերը, Արմեն Մանվելյանը պատասխանում է՝ այս պահին Հայաստանի Հանրապետության անվտանգություն ասվածը շատ հարաբերական և փխրուն հասկացություն է.«Իմ խորին համոզմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգություն այս պահին առհասարակ գոյություն չունի: Հայաստանը վտանգված է ամբողջ հարավով: Ողջ անվտանգային համակարգը, որ գործում էր վերջին 30 տարիներ ընթացքում, ամբողջությամբ ոչնչացված է, և մենք ստիպված ենք փաստել, որ դա արել է ոչ թե ադրբեջանական բանակը, այլ այսօրվա տխրահռչակ իշխանությունները՝ հանձինս վարչապետի աթոռը զավթած անձի: Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգում Մեղրիի զիջում ընդհանարապես չի եղել: Սա բերելու է անվտանգային ողջ համակարգի վերջնական փլուզման, հետևաբար այս կետը հայկական կողմը բանակցությունների ընթացքում ոչ մի կերպ չի կարող թույլ տալ»,- եզրափակում է զրույցը անվտանգային հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը:

Աղբյուր` Փաստինֆո