«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Չեմ կարծում, թե կա որևէ արտաքին գործոն, որը կարող է թույլ չտալ Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա». Բենիամին Պողոսյան

27/09/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

 – Պարո՛ն Պողոսյանակնհայտ էոր ռուսուկրաինական պատերազմը նոր փուլ է թևակոխումԻ՞նչ զարգացումներ եք կանխատեսումև որո՞նք են լինելու դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի ու մեր տարածաշրջանի վրա:

– Ակնհայտ է, որ Ռուսաստանը որոշել է այդ չորս մարզը միացնել նույն սխեմայով, ինչ տեղի ունեցավ Ղրիմի հետ, այսինքն՝ տեղի են ունենում հանրաքվեներ, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն արդյունքներ, որոնց համաձայն բնակչության մեծամասնությունը քվեարկած կլինի Ռուսաստանին միանալու օգտին, որից հետո, կարծում եմ՝ ՌԴ նախագահը կձեռնարկի համապատասխան իրավական գործընթացներ՝ ըստ Ռուսաստանի Սահմանադրության, այսինքն՝ կտեսնենք այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում 2014 թվականին:

Հասկանալի է նաև, որ այդ պարագայում մի շարք հարցեր են առաջանալու. նախ՝ ո՞ր սահմաններով են այդ մարզերը ճանաչվելու Ռուսաստանի մաս իրավական տեսանկյունից, որովհետև եթե Լուգանսկի մարզը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է ռուսների կողմից, ապա, օրինակ՝ Խերսոնի մարզը վերահսկվում է մոտ 95%-ով, Դոնեցկի մարզը՝ 60%-ով, մոտավորապես 60-65%-ով էլ՝ Զապորոժիեի մարզը, ընդ որում՝ նույն մարզկենտրոն Զապորոժիեն ռուսական վերահսկողությունից դուրս է:

Անհայտները շատ են, բայց քաղաքական նպատակը հասկանալի է, որ, գոնե Ռուսաստանի տեսանկյունից, այդ տարածքներում գործողությունները կլինեն արդեն ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանողական, ինչը բոլոր առումներով փոխելու է պատերազմի ընթացքը, կրկնում եմ՝ գոնե Ռուսաստանի տեսանկյունից: Հասկանալի է նաև, որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Արևմուտքը այդ հանրաքվեների արդյունքները չեն ճանաչի, հնարավոր է, որ որոշ պետություններ դրանք ճանաչեն, այն, ինչ տեսանք Հարավային Օսիայի կամ Աբխազիայի դեպքում:

Բայց եթե Ուկրաինան շարունակի հարձակումները այդ տարածքներում, ապա Ռուսաստանի տեսանկյունից դա կլինի հարձակում Ռուսաստանի վրա, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանի ռազմավարության համաձայն՝ այդ պարագայում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում առաջինը կիրառել միջուկային զենք: Սա սակայն չի նշանակում, որ կիրառելու է միջուկային զենք, բայց զուտ իրավական առումով դրա կիրառումը դառնում է արդարացված՝ գոնե Ռուսաստանի տեսանկյունից:

Կզսպի՞ սա Արևմուտքին, թե՞ չէ՝ դժվար է ասել, որովհետև ակնհայտ է, որ որոշումները Կիևում չեն կայացվում, այլ՝ Վաշինգտոնում, Լոնդոնում: Ամեն դեպքում Ռուսաստանը սրանով փորձում է ավելի մեծացնել այդ տարածքների վրա Ուկրաինայի հարձակման խնդիրը: Այս ամենը որքանո՞վ կազդի Հայաստանի վրա՝ հիմա շատ բարդ է ասել:

– Հանրաքվեից հետո ռուսուկրաինական պատերազմի ինտենսիվության նվազումգուցե ավարտ սպասե՞նք:

 – Չէ՛, պատերազմի ավարտ, եթե նկատի ունենանք խաղաղության պայմանագրի ստորագրում, ապա վախենամ, որ դա տարիների հարց է: Ինչ վերաբերում է կոնկրետ առաջին ակտիվ փուլի ավարտին, որը սկսվեց փետրվարի 24-ին, կարծում եմ՝ ամեն դեպքում գործողությունների ինտենսիվությունը կշարունակվի մինչև նոյեմբերի կեսեր-նոյեմբերի վերջ՝ զուտ եղանակային իմաստով:

– Պարո՛ն ՊողոսյանՀարավային Կովկասում այս պահին ի՞նչ է կատարվում:

– Եթե վերցնենք Հայաստան-Ադրբեջան դինամիկան, որը, կարծում եմ՝ ավելի շատ պետք է հետաքրքրի մեզ, առայժմ մի իրավիճակ է, երբ Ադրբեջանը գտնում է, որ ինքը ունի ռազմական առավելություն ու կարող է պարբերաբար ռազմական էսկալացիաների միջոցով կա՛մ ստիպել Հայաստանին ստորագրել այն, ինչ ինքը ցանկանում է, կա՛մ առնվազն Հայաստանին լուրջ կորուստներ պատճառելու, այդ թվում նաև՝ տարածքային:

Ադրբեջանի կողմից ներկայացված երկու պահանջը՝ խաղաղության պայմանագիր, որտեղ բառ անգամ չի լինելու Արցախի մասին, և միջանցքի տրամադրումը հայտնի են շատ վաղուց, ու Ադրբեջանը համոզված է, որ ինքը հնարավորություն ունի անընդհատ ռազմական ճնշում կիրառելով՝ ստիպել Հայաստանին ստորագրել այդ թղթերը, կամ գուցեև մտածում է, որ ֆիզիկապես կկարողանա այդ միջանցքը բացել, այսինքն՝ ադրբեջանական զորքն ինչ-որ պահի իքս կետից առաջ կգնա դեպի Նախիջևան, ու Հայաստանը փաստացի կկիսեն երկու մասի:

– Իսկ վերջին օրերին Ադրբեջանին ուղղված կոչերըհնչած հայտարարությունները ինչոր չափով չե՞ն ճնշի Ադրբեջանին:

– Առայժմ չեմ տեսնում որևէ արտաքին գործոն, որն ի վիճակի է կանխելու ադրբեջանական նոր հարձակումը: Նոր հարձակումը դադարեցնել, օրինակ՝ 24 ժամ կամ 48 ժամ հետո՝ հնարավոր է տարբեր քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, բայց չեմ կարծում, թե կա որևէ արտաքին գործոն, որը կարող է թույլ չտալ Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա:

 - Այսինքն՝ մինչև Ադրբեջանը չստանա իր համար ցանկալի բովանդակությամբ խաղաղության պայմանագիրը ու այսպես կոչված միջանցքըայդ հարձակումները լինելո՞ւ են:

– Հարձակումները շարունակական են լինելու, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել իր ուզածը: Բայց եթե հերթական հարձակման ժամանակ Ադրբեջանն ունենա զրո տարածքային առաջխաղացում, ավելին, եթե մենք կարողանանք որոշ կորցրած տարածքներ հետ բերել, խոսքս Հայաստանի տարածքների մասին է, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից, ապա այս դինամիկան կփոխվի:

– Պարո՛ն Պողոսյան, այսինքն՝ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չէ՞ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումները կանխել՝ նկատի ունենալով նաև այն, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից պետությունն է:

– Դիվանագիտական ճանապարհով հնարավոր է, եթե մենք ընդունում ենք Ադրբեջանի բոլոր պահանջները, բայց դա էլ երկարաժամկետ խաղաղության երաշխիք չէ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա քանի դեռ Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են, Ռուսաստանն Ադրբեջանի հետ ուղղակի ռազմական առճակատման մեջ չի մտնի, որովհետև դա շատ արագ կարող է վերածվել ռազմական առճակատման Թուրքիայի հետ, ինչը կնշանակի երկրորդ ճակատի բացում՝ այն էլ ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ:

Ռուսաստանը հիմա ի վիճակի չէ իրեն թույլ տալ երկրորդ ճակատ բացելու: Քանի դեռ չեն ավարտվել ակտիվ ռազմական գործողությունները, Ռուսաստանը կարող է կիրառել դիվանագիտական նույն քայլերը՝ զանգել Ադրբեջանի նախագահին, համապատասխան գերատեսչությունների զանգեր ադրբեջանցի իրենց գործընկերների հետ, բայց բուն ռազմական գործիքակազմ, օրինակ՝ Գյումրիում տեղակայված ռուսական ուժերի ներգրավում ռազմական գործողություններին կամ Ռուսաստանի տարածքից Ադրբեջանի տարածքին հարվածների հասցնում, առայժմ Ռուսաստանը իրեն թույլ տալ չի կարող:

– Որոշ ժամանակ առաջ ՀՀ ղեկավարությունը մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ իր տրամադրվածությունը հայտնեց: Կկնքվի՞ այդ պայմանագիրը ի վերջո:

– Շատ բարդ հարց եք տալիս, դրան կարող են պատասխանել միայն Հայաստանի իշխանությունները: Եթե դիտարկենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վարչապետի ելույթը, երբ հայտարարեց, թե որ պահին Ադրբեջանը ճանաչի Խորհրդային Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրը, ինքը հաջորդ օրը պատրաստ է ստորագրելու խաղաղության պայմանագիրը, ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Բայց պարզ չէ, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրելու խաղաղության պայմանագիր, որում «Լեռնային Ղարաբաղ» բառ չկա, ու դրանով համաձայնվել Ադրբեջանի տեսակետին, որ ԼՂ վարչատարածքային միավոր գոյություն չունի, թե՞ Հայաստանը պատրաստ է ստորագրելու պայմանագիր, ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանն էլ ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը 29800 քառակուսի կիլոմետրով, բայց Հայաստանը պնդելու է, որ այդ պայմանագրում ինչ-որ մի կետ լինի, որ Ղարաբաղի հարց դեռևս կա, ու կողմերը դեռևս պետք է շարունակեն բանակցությունները: Պարզ է, որ Ադրբեջանը երկրորդ տարբերակին դեմ է ու այդ մասին հստակ հայտարարել է:

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմա ի՞նչ ուղղությամբ է ընթանում, որովհետև Ադրբեջանի վերջին հարձակումից հետո ներհայաստանյան հուզումներ առաջացան, ու հանրությունը, նաև քաղաքական դաշտը բաժանվեց երկու խմբի: Մի մասը կոչ է անում րոպե առաջ դուրս գալ ՀԱՊԿ-ից ու հարաբերությունները խորացնել ԱՄՆ-ի հետ, մյուսը մասը շարունակում է պնդել, որ պետք է համագործակցել Ռուսաստանի հետ:

– Որքան ես եմ հասկանում, հիմա Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունի երկու խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի ջախջախում ու Ղարաբաղի կործանում: Բոլորս ենք հասկանում, որ եթե Հայաստանն իրավաբանորեն ընդունում է Ադրբեջանի ասածը ու հայտարարում, որ ԼՂ գոյություն չունի, դա նշանակում է ԼՂ-ի վերջ՝ դրանից բխող շատ վատ հետևանքներով Հայաստանի համար:

– Իսկ այդ ուղղությամբ տարվող քայլեր տեսնո՞ւմ եք:

– Ինչ-որ քայլեր արվում են, բայց դրանց մեջ չկա հետևողականություն, չի հասկացվում, որ մենք ունենք ռազմավարություն: Ավելի շատ ես տեսնում եմ ինչ-որ քաոտիկ քայլեր, այսինքն՝ Ադրբեջանը հերթական հարձակումն է անում, ու մենք փորձում ենք ինչ-որ բաներ անել, բայց հետևողականորեն, որ մենք ցանկանում ենք Ա կետից գնալ Բ կետ չկա: Հետևաբար ունենք ոչ հետևողական ու քաոտիկ արտաքին քաղաքականություն:

MediaLab.am