ՀՅԴ–ն փակելու իմաստը ո՞րն է, դուք ամեն օր փակում եք. սենց մի քիչ էլ կձգի ու հավերժ կփակվի. Փաշինյանը՝ Վարդանյանին
Ինչո՞ւ եք ջղագրգիռ, կարո՞ղ է նրանից, է որ երեք միջազգային հարթակներում ելույթ եք ունեցել ու երեքում էլ ստիպված եք եղել խոստովանել, որ այն օրակարգը, որ ուզում եք ժողովրդի վրա ծախել, տապալված է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ստիպված եք եղել վախվորած ասել՝ թող Ալիևը պարզաբանի, թե ինչ նկատի ունի այս տերմինաբանություն օգտագործելով։ Մուննաթ եք գալիս ԵԽԽՎ պատվիրակի վրա, ասում եք՝ դատապարտում եմ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործումը։ Էդ մարդը Ալիևի տերմինն է օգտագործում, կարո՞ղ է Ալիևին դատապարտեք։
Ինչ անում ենք, դուրներդ չի գալիս։ Կկողմնորոշվե՞ք՝ մենք հիմա սրտի ընդդիմություն ենք, թե՞ սպառնացող վտանգ, որին պետք է ոչնչացնել։Եթե սրտի ընդդիմությունն եք, ինչո՞ւ եք հետապնդում, ինչի՞ է իմ գործընկերը նստած, բա սրտի ընդդիմության հետ տենց են վարվո՞ւմ։ Հասմիկ հակոբյանն արդեն ասել է, որ ՀՅԴ–ն փակելու եք, պետք չի ծածկադմփոց անեք։ Ձեզնից առաջ է ընկել։
Հիմա հարցս. երբ ԵԽԽՎ–ում գլուխ եք գովում, որ Հայաստանն այնքան ժողովրդավար է, որ ՀՀ–ում կան ընդդիմադիր համայնքապետեր, որոնք ընտրվել են։ Մի հատ կասե՞ք, էդ ո՞նց է լինում, որ էդ ընդդիմադիր համայնքապետեը հենց ընտրվում են, իրենց դեմ քրեական գործ է հարուցվում։ Ո՞նց է լինում, որ ընդդիմադիր համայնքապետերը համ հետապնդվում են, կամ սպանվում են, ոնց որ սպանվեց Վալոդյա Գրիգորյանը։ Ո՞նց է ստացվում, որ էս երկրում պաշտպանված եք դուք, բայց ընդդիմադիր համայնքապետը, որի շուրջ կա լարվածություն, պաշտպանված չէ»,–ասաց նա։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Էդ որ տենց ա, դուք ավելի լավ է խոսեք Պռոշյանի դաշնակցական համայնքի ղեկավարի սպանության մասին։ Ավելի լավ է խոսեք դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության մասին։ ՀՅԴ–ն փակելու իմաստը ո՞րն է, դուք ամեն օր դաշնակցությունը փակում եք։ ՀՅԴ–ն փակելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ Դաշնակցությունն ամենօրյա ռեժիմով փակվում է, սենց մի քիչ էլ կձգի ու հավերժ կփակվի։ Դա այնքան կանխատեսելի բան է։
Ինչ վերաբերում է օգոստոսի 8–ի օրակարգին, էդ դուք եք ուզում, որ այդ օրակարգը տապալվի, բայց դա բացառված է։ Խաղաղությունն իրականություն է եւ դառնալու է ավելի ու ավելի ինստիտուցիոնալ»։
Քրիստինե Վարդանյանն ասաց. «ՀՅԴ–ի վերաբերյալ ձեր կանխատեսումներն իրականություն կդառնան ճիշտ այնպես, ինչպես ձեր նախընտրական խոստումները։ Էդ ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, որ չեն բացահայտվել սպանությունները։ Բացահայտեք եւ դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունը, և պատժեք մեղավորներին, եւ մարտի 1–ը վերջիվերջո բացահայտեք։ Եվ Պողոս Պողոսյանի սպանությունը բացահայտեք, եթե չբացահայտված հանգամանք կա։
Հիմա գնացել եք թշնամական երկրի հետ պայմանավորվում եք, թշնամական երկրի գլխավոր շտաբից աջակցություն ստանում եք, ինչ ուզում են՝ տալիս եք, հետո ասում եք՝ դե տղա եք, հեղափոխություն արեք։ Վստահ եմ՝ կանենք, դուք մի քիչ էլ էսպես շարունակեք, ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ամեն ինչում կհամոզվի»։
Վարչապետն էլ արձագանքեց. «Փարաքարի համայնքապետի սպանության առնվազն կատարողները բացահայտված են։ Որեւէ կասկած չունեմ, որ կբացահայտվի ամբողջությամբ։ Պողոս Պողոսյանի գործը դատարանում է, ենթադրում եմ, որ դա էլ կբացահայտվի։ Վահրամ Խորխոռություն սպանությունը բացահայտվում է։ Բոլոր հիմքերը կան, որ դա էլ կգնա դատարան ու կբացահայտվի։ Մարտի 1–ի գործը բացահայտված է, մնում է, որ պատասխանատուները ենթարկվեն արժանի պատասխանատվության։
Մուննաթ դուք եք գալիս, բայց նույնիսկ դա չի փրկի դաշնակցությանը։ Ինչ վերաբերում է մեր նախընտրակիան ծրագրին, կառավարության 2021-2026 թթ ծրագրում գրված է, որ Հայաստանի ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելն է։ Մենք այդ պարտավորությունը կատարել ենք»։