«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մի շարք կազմակերպությունների մուտքերը տեսահսկելու պահանջ կսահմանվի. Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա

07/06/2024

Հայաստանում հանցագործությունների կանխման և բացահայտման նպատակով մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար կսահմանվի պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով: Ոստիկանությունը հասանելիություն կունենա տեղադրված տեսահսկման համակարգերին 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

 «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով: Այդ տնտեսավարողներն են բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, դեղատները, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերը, փոստային կապի օբյեկտները, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքները, ուսումնական հաստատությունները և այլ կազմակերպություններ, 100 քառ. մետրից ավել մակերեսից ունեցող առևտրի օբյեկտները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը և 50 քառ. մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտները»,-ասաց Սարգսյանը:

Երկրորդ կատեգորիան շարժական միջոցներն են: Նա նշեց շտապօգնության ավտոմեքենաների, նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները տեսահսկման համակարգերով ապահովելու պարտականությունը:

Ըստ նախագծի՝ Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի վերոնշյալ կազմակերպություններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:  

Փոխնախարարը վստահեցրեց, որ որևէ միտում չունեն 24/7 ռեժիմով հսկելու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: «Այսինքն՝ տեսահսկման համակարգերի ներդրումը օրենքով նախագծային լուծմամբ հստակ սահմանում է այն նպատակադրումը, որի նպատակով այս հասանելիությունը տրվելու է Հայաստանի ներքին գործերի նախարարությանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով մտահոգությանը, թե այս տեղեկատվության հավաքագրումը մարդկանց մասնավոր, ընկերական, անձնական կյանքին միջամտություն է՝ փոխնախարարը վստահեցրեց, որ այս կարգավորման մասով որևէ խնդրահարույց իրավիճակ չկա:

 «Խոսքը հանրային տիրույթի մասին է, որևէ մեկը նպատակադրում չունի դիտելու կառույցի ներսը: Վերահսկում ենք մուտքը և դրա հարակից տարածքը, որը հանրային վայր է: Այս տարածքները ընդհանուր վերահսկողության տակ կարող են գտնվել, եթե կա իրավաչափ նպատակ: Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է: Եթե կա հանցագործության կամ վարչական իրավախախտման մասին որևէ տվյալ կամ հանցագործին հետապնդելու և մնացյալ գործընթացների կազմակերպման հարց, այսպիսի միջոցները կօգնեն, որ կարողանանք կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ կերպով իրականացնել»,–ասաց նա:

Հանձնաժողովում երկար քննարկումից հետո նախագիծը քվեարկությամբ հավանություն ստացավ, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: