«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եղիսաբեթ II-ը մարտից ի վեր առաջին անգամ երեւացել է հանրության առաջ

13/05/2022

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ներկա է գտնվել ձիասպորտի մրցումներին, որոնք անցկացվել են Վինձորում: Այդպիսով, նա առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ մարտի սկզբից ի վեր: Նորին Մեծությամբ մասնակցությամբ կադրերն ուրբաթ հրապարակել է Sky News հեռուստաալիքը:

Միջոցառմանը, որն անցկացվել է Վինձորի ամրոցի տարածքում, 96-ամյա միապետը ժամանել է Range Rover մակնիշի ամենագնացով: Ավտոմեքենան կանգնեցրել են շքերթի հարթակի մոտ, որտեղ հեծյալները նախապատրաստում են ձիերին: Նորին Մեծությունը հնարավորություն է ունեցել մոտ տարածությունից հետեւելու իր ձիերին: Թագուհին բացել է ամենագնացի պատուհանն ու ակտիվ կատակներ արել իր պալատականների հետ: Ակնկալվում է, որ մրցումներին, մասնավորապես, կմասնակցեն մի քանի ձիեր, որոնց պահում է ինքը թագուհին:

Մինչ օրս վերջին անգամ Նորին Մեծությունը հանրության առաջ երեւացել էր մարտի 29-ին՝ հանգուցյալ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ, որը մատուցվել էր Վեստմինստերյան աբբայությունում: Էդինբուրգի դուքսը կյանքից հեռացել էր նախորդ տարվա ապրիլի 9-ին՝ 99 տարեկանում: