«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Երևանի քաղաքապետի խոսնակը՝ մանկապարտեզում երեխաների ծեծի վերաբերյալ լուրերի մասին

04/12/2020

Հիշեցնում եմ լրագրող գործընկերներիս, որ Երեւանի քաղաքապետարանը մասնավոր մանկապարտեզների կառավարման հարցում որեւէ լիազորություն չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավանաբար նկատի ունենալով ավելի վաղ տարածված տեղեկությունները:

Ավելի վաղ Օnnet.am կայքը գրել էր. «Ծնողներն ահազանգում են, որ «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզում երեխաների հանդեպ բռնություն են կիրառում։ Մանկապարտեզի աշխատողներից մեկը մոտ չորս ժամանոց ձայնագրություն է ուղարկել բոլոր ծնողներին, որտեղ լսվում է, թե ինչպես է դայակներից մեկը ծեծի ենթարկում երեխաներին, վախեցնում, որ եթե խելոք չմնան, կփակի մութ սենյակում։ Ծնողներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ, մեզ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, խմբի ծնողներից մեկը Viber մեսենջերում առանձին խումբ է բացել, որտեղ ներառել է բոլոր ծնողներին ու հենց այդ խմբին էլ ուղարկել է ձայնագրությունը։

Աշխատողը, ով արել է այս ձայնագրությունը, այն ծնողին տրամադրել է անանունության խոստումով, որ իր անունը չպետք է հրապարակվի, այլապես կարող է տնօրինության հետ խնդիրներ ունենալ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ծնողներից երկուսն այս պահին գտնվում են ոստիկանությունում։ Ծեծի ենթարկող դայակն աշխատում է փոքրերի խմբում, որտեղ ընդունում են երեխաներ 40 օրականից սկսած։ Դայակի անունը Գայանե է, ազգանունը ճշտել չհաջողվեց։

Մանկապարտեզը քաղաքում ունի երեք մասնաճյուղ։ Դեպքը տեղի է ունեցել Զեյթունի (Կ․ Ուլնեցի, Կամարակ նրբանցք 15) մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանում։

Կից ներկայացնում ենք ձայնագրությունից հատվածներ, ամբողջական ձայնագրությունը 4 ժամ է»:

Analitik.am