«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԵՎ ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԵՐՁԵՑՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ. Ք․Գ․Դ․, ՊՐՈՖԵՍՈՐ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ

24/06/2022

1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո, չորս տասնամյակից էլ ավելի Իրանի Իսլամական հանրապետության հարաբերությունները Արևմուտքի հետ ճիշտ է, որոշ ժամանակ բարելավման միտումներ են ցույց տվել, բայց ըստ էության մնացել են կոնֆլիկտային և առճակատման տիրույթում: Իրանական ճգնաժամի ազդեցությունը ուղղակիորեն ազդում է հարավկովկասյան երեք երկրների վրա, բոլոր ոլորտներում: Նրանցից յուրաքանչյուրը, ով ինչպես կարող է, փորձել է առավելագույնս նվազեցնել դրա բացասական հետևանքները և պահպանել Իրանի հետ դրական հարաբերությունները: Այս հանգամանքը առավել կարևորվել է Հայաստանում և Ադրբեջանում, կապված կիսապատերազմական վիճակի հետ: Ինձ իրավունք չեմ վերապահի որևէ գնահատական տալ այս ուղղությամբ մեր դիվանագիտությանը, բայց ամեն դեպքում բոլորիս համար էլ մեծ անակնկալ էր 44-օրյա  պատերազմում պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը: Ղարաբաղյան հակամարտության գրեթե բոլոր փուլերում, երբ քննարկվում էր ռազմական գործողությունների վերսկսման սցենարը, լավատեսները միշտ շեշտադրում էին բազում գործոնների հետ նաև իրանական գործոնը, որն ըստ ակնկալիքների թույլ չի տա իր սահմանների մոտ նոր պատերազմներ և կպահպանի սահմանը Արցախի հետ: Նշանակում է, որ  Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն այս ուղղությամբ ունեցել է որոշակի նվաճումներ: Այժմ, այս արհավիրքներից հետո,  անհրաժեշտ է քաղաքական և քաղաքագիտական հետազոտություններում և գնահատականներում լինել առավել օբյեկտիվ և իրատես, անկախ այն հանգամանքից, որ խոսքը վերաբերվում է  բարեկամ և  հակառակորդ երկրներին:
Հետխորհրդային ողջ պատմության ընթացքում Ադրբեջանը ձգտում էր հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը։ Առաջին հերթին, դա վերաբերում էր իրեն սահմանակից երկրներին (իհարկե, բացառությամբ Հայաստանի)։ Հավասարակշռված, պրագմատիկ ու մանրակրկիտ հաշվարկված քայլերով Ալիևին հաջողվեց իշխանության գալուց հետո, 2003 թ.-ից ի վեր, իրականություն դարձնել Թուրքիայի հետ <<մեկ ազգ երկու պետություն>> հայեցակարգն ամբողջությամբ, դառնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը և հաղթահարելով բոլոր խոչընդոտներն ու մարտահրավերները խուսափել Իրանի հետ կոնֆլիկտային իրավիճակներից: Իրոք, հարկ է նշել, որ չնայած խնդիրների և փոխադարձ պահանջների բեռին, Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են։ Նրանց ակտիվացումը հատկապես նկատելի է դարձել Իրանում նախագահ Ռոհանիի իշխանության գալուց հետո: Ադրբեջանի և Իրանի փոխգործակցության ամենակարևոր ուղղություններից մեկը տրանսպորտն ու տարանցումն է, մասնավորապես ՝ Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը։ Կողմերը պայմանավորվել են Աստարայից սկսվող երկաթգծի կառուցման մասին, որը պետք է միացնի Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, իսկ հետագայում նաև Հնդկաստանի երկաթուղային համակարգերը: Միջուկային գործարքի արդյունքում պատժամիջոցների չեղարկման պայմաններում Իրանը խիստ շահագրգռված էր երկաթուղային հաղորդակցության զարգացմամբ՝ նոր շուկաների յուրացման նպատակով։ Բաքուն նաև իր տնտեսական քաղաքականության հիմքն է հռչակել տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը, ենթադրելով ժամանակի ընթացքում վերածվել տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի։ Այսպիսով, այս ոլորտում համագործակցության մեջ շահագրգռված են երկու կողմերը։
Իհարկե կա նաև այլ տեսակետ, ըստ որի՝  ողջ հետխորհրդային շրջանում երկու երկրների հարաբերությունները, որոշ ադրբեջանցի քաղաքագետների արտահայտությամբ, "բացասական-չեզոք" տիրույթում էին:  Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Իրանը մի շարք բնութագրերով (ներառյալ մշակույթն ու կրոնը) շատ մոտ են, նրանց հարաբերությունները միշտ էլ բարդ ու լարված են եղել։ Ի դեպ, կողմերը փորձում էին չհրահրել միմյանց, թեև երբեմն հարաբերությունները սրվում էին մինչև բացահայտ զինված հակամարտության սպառնալիքի առաջացումը, որը մի քանի անգամ բավականին  լրջացել է: Բաքուն և Թեհրանը տարբեր դիրքորոշումներ ունեն շատ կարևոր հարցերի շուրջ։ Իրանը նախևառաջ Իսլամական Հանրապետություն է, որտեղ կրոնը և պետությունը միասնական են, իսկ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է, որտեղ կոշտ ճնշվում է արմատական իսլամի ցանկացած դրսևորում: Դեռևս 2001 թվականին Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, հայտարարեց, որ Ադրբեջանը երբեք չի դառնա Իրանի Իսլամական Հանրապետություն։
Խոչընդոտների հաղթահարումը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իրանի հետ համագործակցող մյուս երկրների համար բավականին դժվար է եղել և այդպիսին մնում նաև այսօր:  Վերջին չորս տարիներին Բաքվի իշխանությունը բախվել է լուրջ արտաքին քաղաքական մարտահրավերների, որոնք պայմանավորված են իրանական ճգնաժամով ։
Իրանի շուրջ իրադրությունը սկսեց թեժանալ  Թրամփի վարչակարգի օրոք,   երբ ԱՄՆ-ն հայտարարեց "միջուկային գործարքից" դուրս գալու մասին,  համաձայնագիրը համարելով անարդար և Թեհրանին լրացուցիչ պահանջներ ներկայացրեց: Այդ ժամանակ էլ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել, որոնք վերաբերում էին Իրանի ազգային արժույթի և պետական պարտքի հետ գործառնություններին, թանկարժեք մետաղների առևտրին, սննդամթերքի ներկրմանը: Բացի այդ, իրանական նավթի ներկրման վրա մասնակի էմբարգո  սահմանվեց։ Գարնանը 2019 ամերիկյան վարչակազմն ընդլայնեց պատժամիջոցների ցանկը, հայտարարելով իրանական նավթի ներմուծման լիակատար արգելքի և SWIFT միջազգային հաշվարկների համակարգից Թեհրանի անջատման մասին, չնայած ԵՄ-ի և Թուրքիայի նախազգուշացումներին, որ նման գործողությունները կարող են վերջնականապես "թաղել" Իրանի հետ միջուկային գործարքը:
Իրանի պատասխան գործողությունները (Օրմուզի նեղուցի վրա ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացում, Պարսից ծոցում օտարերկրյա պետությունների ծովային նավերի ձերբակալություններ) իրավիճակը գրեթե պատերազմի եզրին դրեցին: Եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվի, դա, անկասկած, ցավոտ հետևանքներ կունենա Հարավային Կովկասի անվտանգության ողջ համակարգի համար, որի հետ սահմանակից է Իրանը։ Ինչպես կարծում են փորձագետները, փախստականների հոսքերը կուղղվեն Հարավային Կովկաս, առաջ բերելով նոր բարդություններ։ Հարավկովկասյան երկրներից Իրանի հետ ամենամեծ սահմանն ունի Ադրբեջանը, որն առաջինն է զգալու աղետի հետևանքները:
Իրան-Արևմուտք հարաբերությունների սրացումը սպառնում է  Ադրբեջանի ոչ միայն անվտանգությանը, այլև լուրջ խոչընդոտ կհանդիսանա երկիրը տարածաշրջանային առաջնորդի վերածելու ռազմավարությանը, ինչպես նաև կբարդացնի առաջադրված տնտեսական նպատակների իրականացումը, ինչպիսիք են երկիրը տարածաշրջանային տրանսպորտային հանգույց դարձնելու լոգիստիկ համակարգի ստեղծման նպատակը:

Թեհրանը նաև լրջորեն մտահոգված է, որ Ադրբեջանի և Թուրքիայի (Մերձավոր Արևելքում Իրանի գլխավոր մրցակցի) սերտ հարաբերությունները հանգեցնում են նրան, որ թուրքական խողովակներով շիա Ադրբեջան է սկսում ներթափանցել սուննիզմը: Իր հերթին, ադրբեջանական իշխանությունները մեծ կասկածով են վերաբերվում Իրանի "փափուկ ուժին", նրա մշակութային եւ կրոնական ազդեցությանը, առավել ևս, որ Թեհրանի այդ գործողությունները աջակցություն են գտնում ադրբեջանական հասարակության որոշակի հատվածներում: 
Բացի կրոնական գործոնից, Իրանին չեն բավարարում Ադրբեջանի որոշ արտաքին քաղաքական քայլեր, հատկապես ռազմաքաղաքական ոլորտում ընդլայնվող համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Թեհրանը բազմիցս մեղադրել է Բաքվին արևմտյան, այդ թվում՝ իսրայելական հատուկ ծառայություններին երկրի տարածքը տրամադրելու մեջ։ Իսկապես, Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը սերտ բնույթ ունի և մշտապես զարգանում է։ Ադրբեջանի համար Իսրայելը բարեկամ պետություն է, այն դեպքում, երբ Իրանի համար դա վտարանդի երկիր է (թեև հրապարակավ այդ տերմինը փորձում են չօգտագործել): Սակայն Իրանի ճնշումը չի խանգարում Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացմանը, քանի որ երկու երկրներն էլ շահագրգռված են դրանում։ Իսրայելը անհրաժեշտ էներգառեսուրսների մեծ մասը ստանում է ադրբեջանական "Բաքու–Թբիլիսի–Ջեյհան"խողովակաշարի հաշվին: Ադրբեջանն իր հերթին շահագրգռված է ռազմական տեխնոլոգիաների ոլորտում Իսրայելի հետ համագործակցության ընդլայնմամբ, այդ թվում իսրայելական սպառազինությունների համակարգերի ներմուծմամբ։ Վերջին տարիներին Իսրայելը Բաքվին պաշտոնապես մեծ քանակությամբ սպառազինություն է վաճառել հրաձգային զենքից և զրահատեխնիկայից մինչև անօդաչու թռչող սարքեր, ռադարներ, ՀՕՊ համակարգեր և հրթիռային հրետանային համակարգեր: Ավելին, սպառազինության որոշ համակարգեր ներկայումս Ադրբեջանում արտադրվում են  իսրայելական լիցենզիաներով ։
Թեհրանի ուշադրության կենտրոնում է հատկապես  Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը: ԱՄՆ-ին, ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի, քիչ է հետաքրքրում ադրբեջանական ղեկավարության ներքին քաղաքականությունը և քաղաքացիական իրավունքների պահպանումը երկրում, բայց նրանք Ադրբեջանին տեսնում են հուսալի գործընկեր։ Այստեղ ամերիկյան ընկերությունները էներգետիկ շահեր ունեն, Ադրբեջանը խողովակաշարեր է տնօրինում, որոնք ապահովում են Եվրոպայի էներգոանվտանգությունը (ինչը կարևոր է ԱՄՆ-ի համար)։ Բացի այդ, Պենտագոնն օգտագործում էր Ադրբեջանի օդային տարածքը Աֆղանստան թռիչքների համար և ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության մեջ։ Պատահական չէ, որ ժամանակին Բաքու այցելած ԱՄՆ պետքարտուղար Մ.Պոմպեոն Ադրբեջանն անվանել է "հուսալի ընկեր ու գործընկեր"։ Իր հերթին Բաքուն ակտիվորեն աջակցում և պաշտպանում է Վաշինգտոնի շահերը ամենատարբեր ուղղություններով։ Փորձագետները չեն կասկածում, որ ժամանակին Պոմպեոյի այցը Բաքու պայմանավորված էր իրանական ճգնաժամի հետ կապված խնդիրների քննարկման անհրաժեշտությամբ: Կարիք կար պարզել, թե որքանով  կարող է հնարավոր դառնալ Ադրբեջանի աջակցությունը ԱՄՆ հակաիրանական գործողություններին:  Ադրբեջանը հակաիրանական կոալիցիային մասնակից դարձնելու ցանկությամբ կարելի է բացատրել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Caspian Guard ("Կասպիական պահապան") ծրագրի շրջանակներում Ադրբեջանին ֆինանսական աջակցության ավելացումը։ Դիտորդները համակարծիք են, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ֆինանսական աջակցության այդքան կտրուկ ավելացումը պետք է դիտարկել հենց իրանական ճգնաժամի համատեքստում ։
Սակայն այստեղ բարդություններ են հնարավոր։ Իրանի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը երբեք չի բավարարել Վաշինգտոնին, հատկապես այն բանից հետո, երբ Բաքուն, դառնալով <<Չմիավորման>> կազմակերպության անդամ, հստակ հասկացրել է, որ հակաիրանական կոալիցիայի ստեղծման մեջ նրա վրա հույս դնել պետք չէ ։ Ինչպես կարծում են ադրբեջանցի քաղաքագետները, "Ադրբեջանը երբեք չի եղել ԱՄՆ-ի կամ որևէ մեկի գործիքը իրենց ռազմաքաղաքական ռազմավարության մեջ, բայց հուսալի գործընկեր է եղել արտաքին քաղաքականության այն պահերի իրականացման համար, որոնք համապատասխանում են թե՛ Բաքվի, թե՛ Վաշինգտոնի շահերին: Բացի այդ, փորձագետները պնդում են, որ  Ադրբեջանը երբեք ԱՄՆ-ի համար պլացդարմ չի լինի հարևան պետության դեմ։ Իրանական քեյսում կա իրանցի ադրբեջանցիների գործոնը, որը շատ կարևոր է Ադրբեջանի համար։ Մյուս կողմից, կարևոր է նաև փախստականների հարցը (Իրանից տարածաշրջանում պատերազմի դեպքում), որոնք կարող են շատ խնդիրներ ստեղծել երկրի և նրա տնտեսության համար։ Ասել է թե՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում իրանական հարցով կան որոշակի "կարմիր գծեր", որոնք  Ադրբեջանը չի հատի։ Դա, ի դեպ, հասկանում են Իրանում և Ռուսաստանում, այն երկրներում, որոնք հատկապես ուշադիր հետևում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին։ Դրանով է բացատրվում նաև Բաքվի և ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցող իրադարձություններին նրանց բավականին հանգիստ արձագանքը։ Մոսկվայում և Թեհրանում կարծում են, որ, ավելի սերտ համագործակցություն ակնկալել պետք չէ: Մոսկվայում վստահ են, որ հենց ՌԴ-ն   կմնա Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից մեկը։ Իսկ Իրանում չեն կասկածում, որ Ադրբեջանի անվտանգությունը կապված է Ռուսաստանի և Իրանի հետ, և Բաքվի տարածաշրջանային անվտանգության խնդիրները քննարկելն ավելի շուտ նրանց հետ կլինի, քան Վաշինգտոնի ։
Այսպիսով, Իրանի շուրջ ճգնաժամը շատ երկրների, և առաջին հերթին նրա մերձավոր հարևանների, այդ թվում  նաև Ադրբեջանի առջև լուրջ խնդիրներ է դրել,  բարեկամական հարաբերություններ պահպանելով հակամարտող կողմերի հետ, ապահովել սեփական անվտանգությունը և թույլ չտալ տնտեսական և հումանիտար կոլապս Իրանի շուրջ իրավիճակի սրման դեպքում ։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր Գարիկ Քեռյան  

Generalnews.am