«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնն անընդունելի է համարում ընդունելության քննությունների ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը

04/12/2020

Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը: Բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որևէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»:

Կորոնավիրուսի համավարակի և բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, և հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարևորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու և գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռևս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է և պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին:

Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։

Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ:

Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ և մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաև մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է և կա որպես հայերենագիտության զարգացման անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր»: