«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լոս Անջելեսի քաղաքային Խորհուրդը եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը. Խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեզ

04/10/2022

Աշխատանքային այցով Լոս Անջելեսում է գտնվում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳ նախարարությունից:

Նրանցից Մոնիկա Ռոդրիգեզը իր ելույթում անդրադարձել է Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակին: Իր խոսքում մասնավորապես ասել է.

«Շնորհակալ եմ տիկին նախագահ, շնորհակալ եմ արտաքին գործերի նախարար պարոն Բաբայան, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ ու դաշնակիցներ, այսօր այստեղ ներկա գտնվելու համար։ Այս Խորհուրդը, ինչպես նշել է պարոն Կրիկորյանը, եղել է Հայաստանի և Արցախի Հանրապետության ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը ոչ միայն երկու տարի առաջ տեղի ունեցած ագրեսիայի ընթացքում, այլև մշտապես իր համերաշխությունն է հայտնել, քանի որ կարծում ենք, որ այս գործողությունները էլ ավելի են մորմոքել դեռևս ցեղասպանությունից մնացած բաց վերքերը։ Իմ ղեկավարած շրջանը մարդասիրական օգնության հավաքագրում ու արշավ էր կազմակերպել, և հարյուրավոր բնակիչներ արձագանքել էին ու ագրեսիայի պահին Արցախի մեր ընկերներին և դաշնակիցներին անհրաժեշտ միջոցներ տրամադրել՝ անվասայլակներ, հագուստ, վերմակներ։ Մենք այդ իրերը հավաքելու կենտրոնն էինք այստեղ՝ Լոս Անջելես քաղաքում, և իմ շրջանում, և աջակցության այդ դրսևորումը շարունակական կլինի ոչ միայն իմ շրջանում, այլև ամբողջ Լոս Անջելեսում։

Եվ այսպես, մենք կանգնած ենք այստեղ՝ ի նշան համերաշխության բոլորիդ հետ և առաջվա պես ձգտում ենք այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի, և ձեզ շարունակեն տեսնել։

Շնորհակալ ենք այսօր այստեղ ձեր ներկայության համար։ Ցանկանում ենք ձեզ բոլորիդ ահռելի ուժ, բազում օրհնություններ, որոնց արժանի է Հայաստանի և Արցախի ժողովուրդը։

Շնորհակալություն»։