«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցավալի է, որ այդպես էլ մեր գլխի տերը չենք դառնում. Աշոտ Ներսիսյան

11/11/2024

Թրամփի կողմից պատերազմներն ավարտելու հնարավորության հարցն այսօր գրեթե համաշխարհային քննարկման առարկա է: Բայց շատ հետաքրքիր է,որ նա ավելի շատ խոսում է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման մասին, քան իսրայելա-պաղեստինյան: Բայց այստեղ կարևոր է, որ նա եթե փորձի երկուսի դադարեցման փորձերի գնալ, ապա պարզ տրամաբանությունը թելադրում է, որ առաջինի դեպքում նա, ուզի-չուզի, պետք է պաշտպանի ռուսներին, երկրորդի դեպքում` հրեաներին: Փորձենք հիմնավորել այս տեսակետները:

Առաջին: Ինչպես արդեն նշել ենք այլ առիթով, Թրամփը չի կարող ստիպել ռուսներին կանգ առնել, որը կնշանակի շարունակություն այն քաղաքական ուղեգծի, որն իրականացնում է Բայդենի վարչակարգը`այսինքն շարունակել զինել Ուկրաինային: Բայց նա դրան դեմ է արտահայտվել և հաստատ ուկրաինացիներին չի աջակցի: Նա չի կարող ռուսներին ինչ-որ բան պարտադրել: Վերջիններս կանգ կառնեն, եթե Ուկրաինան իրականացնի իրենց պահանջները` հրաժարվել իրենց գրաված տարածքներից, համաձայնվել դառնալ փոքրիկ չեզոք պետություն, չանդամակցել ՆԱՏՕ-ին և այլն: Ուկրաինան, բնականաբար, չի համաձայնվի: Այս դեպքում Թրամփը ոչ մի օգնություն նրան չի տա, որն աստիճանաբար կտանի նրա վերջնական կապիտուլյացիային: Արևմուտքն այս դեպքում կշարունակի օգնությունը, բայց մինչև ե՞րբ: Թրամփը նույնիսկ կարող է նրանց էլ ստիպել գնալ իր հետևից, քանի որ չի բացառվում, որ դնի ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց: Իսկ դա մահացու հարված կլինի Եվրոպային: Պատահական չէ, որ BBC-ին Թրամփի ավագ խորհրդական Բրայան Լանզան հետևյալն է ասել.««Թրամփի վարչակազմը Զելենսկիին կխնդրի արտահայտել խնդրի լուծման իր տարբերակը։ Եվ դա ոչ թե հաղթանակի, այլ խաղաղության տեսլական պետք է լինի»:

«Եթե Ուկրաինայի առաջնահերթությունն է հետ վերցնել Ղրիմը և ստիպել ամերիկացի զինվորներին կռվել դրա համար, այդ դեպքում թող ինքնուրույն գործեն»: Սա նշանակում է փաստացի Ուկրաինայի կործանում: Չենք կարծում, որ Ուկրաինան կամ Ռուսաստանը կհամաձայնվեն ապառազմականացված գոտի ստեղծելու տարբերակին, որը նույնպես շրջանառվում է: Ինչպես ասել է Բիսմարկը, ռուսներն ինչ էլ որ լինի միշտ մինչև վերջ կգնան իրենց կորցրած փողերի հետևից: Չենք կարծում, որ Արևմուտքը կգերադասի Ուկրաինայում կռվի շարունակությունը, քան ՆԱՏՕ-ի փլուզումը: Չմոռանանք, որ նրան Ստալինից մասամբ փրկեց ԱՄՆ-ը` ՄԹ հետ, որոնք հիմա էլ շատ հարցերում համախորհուրդ են: Այնպես, որ չէինք նախանձի Զելենսկուն, որի շեն երկիրը «մայդաններով» քանդողներն էլ մեր կարծիքով նրան կզոհաբերեն:

Երկրորդ: Իսրայելի պարագայում Թրամփը երբեք չի գնա ընդդեմ նրա, քանի որ այս երկիրն ԱՄՆ-ի հետ փոխկապակցված է գործում և ավելին, ԱՄՆ-ում շատ առանցքային պաշտոններ հրեաների ձեռքում են: Այս առումով Թրամփը չի կարող շեղվել իր երկրի ավանդական քաղաքականությունից: Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությունը գրեթե չի տարբերվի Բայդենի քաղաքականությունից: Մենք այդպես ենք կարծում:

Իսկ թե ինչ կտա Թրամփն Հայաստանին, ապա, ինչպես գրել ենք, այս առումով ոգևորվել պետք չէ: ԱՄՆ-ը մեզ մարդասիրական առումով է օգտակար եղել, բայց ոչ երբեք քաղաքական: Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ Ռուսաստանը լիովին առաջիկայում կվերադառնա այս տարածաշրջան, կպահանջի, որ այստեղից հեռանան արևմտյան դիտորդները և մեր պայմանագիրն Ադրբեջանի հետ կկնքվի այնպես, ինչպես նա կուզենա: Այս առումով պետք է ռուսների հետ շատ նուրբ խաղալ: Երբ գրում էինք, որ ռուսներն այս տարածքը եթե զիջեն, իզուր են Ուկրաինայում կռվում, թերևս տարօրինակ էր հնչում: Կամ, որ ռուսներն այստեղից չեն գնա,իսկ եթե գնան, էլի գալու են: 1918-ին գնացին, 20-ին հետ եկան: Այս ընթացքում կորցրեցինք Կարսը, Նախիջևանը, Իգդիրը, Բայազետը և այլն: 2022-ից հետո մասամբ գնացին, կորցրեցինք Արցախը և այլ տարածքներ: Ցավալի է, որ այդպես էլ մեր գլխի տերը չենք դառնում: Եթե ապավինում ես, կռվի առարկա ես դառնում: Սա է դարերի խորքից եկած ճշմարտությունը: Ահա թե ինչու են գնալով թախծոտ երանգ ստանում այսպես կոչված արևմտամետների <<երգերը>>
Աշոտ Ներսիսյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ