«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արաբ առաջնորդները մտավախություն են հայտնել տարածաշրջանում նոր հակամարտության կապակցությամբ

24/09/2020

Արաբ առաջնորդները մտավախություն են հայտնել Իրանի եւ ԱՄՆ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին տարածաշրջանում նոր հակամարտության կապակցությամբ, փոխանցում է AP-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի վրա ճնշումը սաստկացնելուց 2 օր հետո Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում զարգացումների հետ կապված։

«Մենք չենք ցանկանում, որ Իրաքը ուրիշ ուժերի համար դառնա յուրատեսակ հարթակ, որոնք մեր տարածքում սպանելու են միմյանց»,- ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում իր ուղերձում։ «Մենք եղել ենք պատերազմների եւ  մեր ինքնիշխանության վրա հարձակումների վկաները»,- ասել է նա։

Հունվարին Դոնալդ Թրամփը հրամայել էր անօդաչուից հարված հասցնել Բաղդադում, որի հետեւանքով սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաեւ Իրաքի շիա աշխարհազորայինների առաջնորդը, որը հանգեցրել էր ամերիկյան զորքերին վտարելու կոչերի։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանն իր ուղերձում մտահոգություն է հայտնել Իրանի կապակցությամբ եւ նշել անցյալ տարի թագավորության նավթային հանքավայրերի վրա դրոններով հարձակումը, որոնք, Վաշինգտոնի խոսքով, իրականացվել են Թեհրանի կողմից՝ զենքի մատակարարումների էմբարգոյի խախտմամբ։

«Թագավորությունը ձեռք մեկնեց Իրանին դրական եւ անկեղծ հարաբերությունների համար, բայց ապարդյուն»,- ասել է Սալմանը։ «Թագավորությունը ողջունել է Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարում միջազգային ջանքերը, բայց աշխարհը դարձավ այն բանի վկան, թե իրանական ռեժիմն ինչպես օգտագործեց այդ ջանքերը իր զավթողական գործունեությունն ուժեղացնելու համար»,- ասել է նա՝ Իրանին մեղադրելով «ահաբեկչության» մեջ։

Փոխանցում է News.am-ը: