«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ատոմակայանի աշխատանքների 141-օրյա կանգը էներգիայի գնման ծախսն ավելացնելու է 16 մլրդ դրամո

02/12/2020

2021թ. մայիսի 21-ից մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) վերանորոգման և վերազինման աշխատանքները: Իրականացվող աշխատանքների նպատակն այն է, որպեսզի կայանի գործունեության ժամկետը երկարացվի մինչև 2027թ:

Ստացվում է, որ ՀԱԷԿ-ի աշխատանքները կանգնելու են 141 օրով: Այդ ժամանակահատվածում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ արտադրությունը կապահովեն ջերմակայանները՝ «Հրազդան-5» էներգաբլոկը և «Հրազդանի» ՋԷԿ-ը: 

Քննարկվում են տարբերակներ, թե ինչպես սպառողների համար մեղմել սակագնի բարձրացումը, քանի որ մյուս աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիան ՀԱԷԿ-ի արտադրածի համեմատ՝ ավելի թանկ է: Մեղմելու տարբերակներից մեկն էլ միջազգային վարկն է: Քանի որ քննարկումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են, առայժմ պարզ չէ՝ վարկի անհրաժեշտությունը կլինի՞, թե՞ ոչ:

Նշենք, որ էլեկտրաէներգիայի հաջորդ տարվա սակագինը որոշվում է գործող սակագնի նախորդ որոշումից մեկ ամիս առաջ: Փետրվարին լրանում է որոշման ժամկետը, ուստի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոր սակագնի մասին որոշում պետք է կայացնի ամենաուշը այս տարվա դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը գրավոր հարցմանն ի պատասխան, «Հետք»-ին տեղեկացրել է, որ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերջնական սակագների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ունենալ ինչպես դրական, այնպես և բացասական ազդեցություն: Դրանց գնահատումը և հաշվարկները ընթացքի մեջ են, ուստի դրանց արդյունքներն ամփոփելուց հետո միայն կարելի է ունենալ հստակ պատկեր և առկա հնարավորություններից ելնելով՝ կիրառել անհրաժեշտ լուծումներ։

Նշենք, որ 2020թ. փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական համակարգի գործող սակագների հաշվարկներում, երբ 2020թ. նախատեսված էր 77-օրյա կանգառ ՀԱԷԿ-ի պլանային նորոգման համար, ՀԱԷԿ-ից էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը կազմում է 2501,7 մլն կՎտժ։ 2021թ. համար ՀԱԷԿ-ի հիմնական պլանային նորոգման համար նախատեսված է առավել երկարատև՝ 141-օրյա կանգառ, որի պարագայում ՀԱԷԿ-ից էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը կանխատեսվում է 1942,2 մլն կՎտժ, այսինքն՝ գործող սակագների հաշվարկներում ներառված էլեկտրական էներգիայի քանակի նկատմամբ 559,5 մլն կՎտժ-ով պակաս։ Ուստի ներքին շուկայի սպառողների պահանջարկի բավարարման համար նշված էլեկտրական էներգիան պետք է փոխարինվի առավել թանկ՝ ջերմաէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայով, ինչն էլ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վրա ազդեցության տեսանկյունից առաջացնում է լրացուցիչ ֆինանսական բեռ։

Հանձնաժողովի անդամի փոխանցմամբ՝ գործող սակագների պարագայում, եթե ՀԱԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2,593 դրամ/կՎտժ՝ (առանց ԱԱՀ-ի) փոխարինվի «Հրազդանի» ՋԷԿ-ից առաքվող էլեկտրական էներգիայով, որի դրույքը կազմում է 32,993 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ-ի), ապա նշված գործոնով պայմանավորված՝ էլեկտրական էներգիայի գնման ծախսն ավելանալու է շուրջ 16 միլիարդ դրամով (առանց ԱԱՀ-ի)։ 

Դեկտեմբերի վերջին արդեն պարզ կլինի, թե ինչ քայլեր է ձեռնարկվելու սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու համար:
 

hetq.am