«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գազ և քաղաքականություն.  Եվրոպան պատրաստվում է ձմեռել առանց ռուսական գազի

22/09/2022

Սահմանային վերջին ռազմական բախումները և ՀԱՊԿ-ի իներտ վերաբերմունքը հասարակական լայն շրջանականերում դժգոհության մեծ ալիք են բարձրացրել: Դժգոհության սուր ծայրն ուղղված է բնականաբար Ռուսաստանի դեմ, որը կոլեկտիվ անվտանգության այս կառույցի առանցքն է և միաժամանակ բարեկամության և փոխօգնության պայմանագրով Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը: Այս իրողությունը օբյեկտիվորեն ծնել է նաև հակառուսական բավականին լուրջ ալեկոծվող տրամադրություններ: Ռուսաստանի հետ դաշնակցության պահպանման հարցը այսօր դարձել է ներքաղաքական դիսկուրսի թիվ մեկ թեման: Իհարկե այս դիսկուրսի ծավալման և թեժ բանավեճի բորբոքմանը նպաստեց նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակության այցը Երևան: Այս այցը արևմտամետ լրատվամիջոցներն ու գործիչները մեկնաբանեցին որպես հիմնավոր ուղերձ ռուսական ազդեցության գոտուց պոկվելու համար: 
Հասկանալի պատճառներով հիմա շատ դժվար է արդարացնող հրապարակային խոսքով հանդես գալ ի օգուտ մեր հյուսիսային դաշնակցի, որովհետև վերքը շատ թարմ է և արյունը դեռ հոսում է: Սակայն ստեղծված օրհասկան իրավիճակի  որոշակի օբյեկտիվ վերլուծության և սառը դատողության անհրաժեշտությունը ստիպում է այնուամենայնիվ որոշակի ճիշտ գնահատականներ տալ: Ես կողմնակից եմ այն դիրքորոշման, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է ավելի բարդացնել իրավիճակը և անվտանգային միջավայրը Հայաստանի շուրջ դարձնել ավելի փխրուն և բացասական իմաստով ճակատագրական: Կան իրողություններ, որնք հրամայաբար պահանջում են կտրուկ շրջադարձերից խուսափել: Դրանցից են, օրինակ, հայ-թուրքական սահմանի պահպանման, Արցախում խաղաղապահ գործունեության, ռուսական ռազմաբազայի գոյության և նոյեմբերի 9-ի հայտարարության կենսագործման խնդիրները: Սրանք բոլորն էլ շատ կարևոր են, բայց կա նաև մեկ այլ գերկարևոր գործոն, որը մեզ թելադրում է գոնե այս փուլում ոչ մի կերպ չփոխել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը: Դա երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործոնն է: 
Հայաստանի տնտեսությունն ամբողջովին հենվում է համաշխարհային գների համեմատ շատ ավելի էժան մատակարարվող ռուսական գազի վրա: Տարբեր տարիներին, անկախության ողջ ժամանակաշրջանում Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ գտնվելով սուր ռազմական դիմակայության մեջ, ստիպված են եղել ռուսական կողմի դաշնակցային հարաբերությունները պահպանելու և էներգետիկ համակարգի գործունեությունն ապահովելու համար Ռուսաստանին հանձնել և՛ գազացանցը, և՛ էլեկտրական ցանցերը, որն իհարկե ներառում է նաև ատոմակայանի սպասարկումը, լիցքավորումն ու կառավարումը: Կոպիտ ասած մեզ մոտ ամեն ինչ կախված է գազից ու ատոմակայանից, տրասնպորտի և արտադրության բոլոր ճյուղերն անխտիր այս կախումն ունեն: 
Միտքս լավ պարզաբանելու համար, օգտվելով հրապարակված փորձագիտական վերլուծություններից, կփորձեմ ներկայացնել աշխարհի գերհզոր տնտեսություններից մեկի Եվրոպական Միության քայլերը ռուսական գազի մատակարարումների դադրեցման աղետալի հետևանքներից խուսափելու համար: 
Եվրամիությունը լի է վճռականությամբ հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից, քանի որ կարծում է, որ Վլադիմիր Պուտինը դրանք դարձրել է Եվրոպայի դեմ տնտեսական պատերազմի գործիք: Դա հեշտ չէ և թանկ է: ԵՄ-ն  նոր ծրագրեր է կազմում ձմեռը գազային շրջափակման պայմաններում գոյատևելու և գումարներ է փնտրում բնակչության և բիզնեսի աջակցության համար: Ամենաընդգրկուն Էներգետիկ ճգնաժամն արդեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությանն արժեցել է ավելի քան կես տրիլիոն եվրո: Ձմեռը դեռ չի սկսվել, ջեռուցման սեզոնն առջևում է, իսկ գազի գինը 10 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Գազպրոմը "անջատել է" Հյուսիսային հոսք " հիմնական խողովակաշարը՝ սկզբում պրոֆիլակտիկայի նպատակով, իսկ հետո՝ ընդհանրապես։ Մեղավորը Պուտինն է, վստահ է ԵՄ ղեկավարությունը: Բրյուսելում համոզված են, որ Ռուսաստանն ակտիվորեն շահարկում է էներգետիկ շուկան: Սակայն որքան էլ, որ բարձրագոչ ճառեր հնչեն ապագայի, ազատությունների և արժեքների մասին, ԵՄ երկրների 450 միլիոն քաղաքացիներին հետաքրքրում է իրենց բարեկեցությունն ու կենցաղը, որից երբեք չեն հրաժարվի: Գերմանիայի իշխանությունների էներգետիկ քաղաքականության դեմ արդեն հզոր բողոքի ցույց տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին: Եվրոպան սկսել է պատրաստվել ամբողջական գազային շրջափակմանը և արտակարգ պլաններ մշակել այն մասին, թե, ինչպես գոյատևել առանց ռուսական էներգակիրների:  Եվրահանձնաժողովի ամառային ծրագիրը բաղկացած էր երեք գլխավոր կետերից՝

  • գտնել նավթի, գազի ևածխի այլընտրանքային մատակարարողներ,
  • խնայել գազը ՝ մինչև հոկտեմբեր պահեստարանները 80 տոկոսով լցնելու համար,
  • չխնայել նոր ներդրումները էներգետիկայի վրա:

ԵՄ-ն ահռելի գումարներ ծախսելով կարողացել է առաջ շարժվել բոլոր երեք խնդիրների լուծման ուղղությամբ։ 

Մինչ Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանը էներգառեսուրսների հիմնական մատակարարն էր դեպի Եվրոպա: Ռուսական նավթը, նավթամթերքները, գազն ու ածուխը ծածկել են եվրոպական սպառման գրեթե 25 տոկոսը, ընդ որում գազի բաժինը հատկապես բարձր է եղել ՝ մինչև 40 տոկոս: Այժմ Նորվեգիան ԵՄ-ին ավելի շատ գազ է մատակարարում, քան Ռուսաստանը,  "Գազպրոմի" մասնաբաժինը եվրոպական շուկայում 40 տոկոսից նվազել է մինչև 9 տոկոս: Բրյուսելում համոզված են, որ Պուտինը կպարտվի, իսկ Ուկրաինան ու Եվրոպան կշահեն։ Փորձագետների մի մասը կարծում է, որ Պուտինի դեմ լինելու է պյուռոսյան հաղթանակ: Ձմռանը առանց հովհարային անջատումների ապրելու համար ստիպված պետք է թանկ  վճարեն բոլորը:  Եվրոգոտու  19 երկրներ այս տարի լրացուցիչ  միլիոնններ կծախսեն գազի գնման համար, ինչը նրանց կզրկի ավելի քան 2 տոկոս տնտեսական աճից, հաշվել են Bloomberg-ի տնտեսագետները: Իսկ եթե ձմեռը սառը լինի, իսկ Եվրոպան համաձայնության չգա ճգնաժամի դեմ պայքարի  մոտեցումների շուրջ, վնասը կրկնակի մեծ կլինի։
Մասամբ այդ հաշիվը վճարում են բնակչությունն ու բիզնեսը: Սպասվում են  զանգվածային սնանկություններ ու  սոցիալական ընդվզումներ: Դրա համար էլ իշխանությունները միջամտեցին սուբսիդիաներով, այսինքն՝ փոխհատուցեցին բիզնեսի և բնակչության  կորուստները, բայց հարկատուների գումարներից, որն ավելացնում է կառավարությունների պարտքերը: Ձմեռը դեռ չի սկսվել, իսկ ԵՄ-ում էներգակիրների դեմ պայքարի բյուջետային ծախսերն արդեն գերազանցել են 350 մլրդ եվրոն։ Միությունը լքած Մեծ Բրիտանիան հետ չի մնում և օրերս հաստատել է պետական աջակցության աննախադեպ ծրագիրը, որն առաջիկա երկու տարում կարժենա առնվազն 150 մլրդ ֆունտ:
Ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը քաղաքական առումով մեր վրա շատ ու շատ թանկ է նստում,  ասել է ԵՄ կառավարության ղեկավար ֆոն դեր Լյաենը: Եվրոպայի ղեկավարները նախընտրում են ապրել ավելի աղքատ, բայց ձերբազատվել այդ կախվածությունից։ Իհարկե մեծ հույս կա Ռուսաստանին փոխարինել ավելի հուսալի մատակարարներով, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ալժիրը և այլն ։
Պուտինը նույնպես ձեռքերը ծալած չի նստել: Օրինակ նա տապալեց ռուսական էներգակիրների գների առավելագույն մակարդակի սահմանմանի որոշումը:  Հենց որ ֆոն դեր Լյաենը հնչեցրեց այդ գաղափարը, Պուտինը Ռուսաստանից էներգառեսուրսներ գնելու առաջարկը անվանեց "բացարձակ բութ որոշում" և սպառնաց ի պատասխան անջատել գազն ու մնացած ամեն ինչ։ Նա ասաց, որ ընդհանրապես ոչինչ չենք մատակարարելու, ո՛չ նավթ, ո՛չ ածուխ, ո՛չ վառելիքային մազութ, ո՛չ մի բան, եթե դա հակասում է մեր տնտեսական շահերին և հերթական անգամ կրկնեց, որ վստահ է, որ Եվրոպան այլևս տեղ չունի գնալու։ "Նրանք, ովքեր մեզ ինչ-որ բան են պարտադրում, այն վիճակում չեն, որ այսօր մեզ թելադրում են իրենց կամքը։ Թող մտածեն", - ասաց նա։ Արդյունքում էներգակիրների գների առավելագույն չափ մտցնելու առաջարկին դեմ են արտահայտվել ոչ միայն ռուսական մատակարարումներից կախված Հունգարիան, Սլովակիան և Ավստրիան, այլև Գերմանիան, Նիդեռլանդներն ու Դանիան:
Ինչպես տեսնում ենք, հզոր և հարուստ Եվրոպան հրաժարվելով ռուսական էներգակիրներից չտեսնված և չլսված միլարդներ է ծախսում, որի հետևանքները դեռ հետո են երևալու: Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան տարիների գործընթաց է և հսկայական ռեսուրսներ է պահանջում, իսկ սոցիալական բողոքի արձագանքները, քաղաքական հետևանքները շաբաթների և օրերի ընթացքում իրենց զգացնել են տալիս: ԵՄ օրինակը մեզ ստիպում է յոթը չափել, նոր մեկը ձևել:

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am