«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ քաղաքական ցնցման նախօրեին. Պուտինին թռոլինգի են ենթարկում տարբեր կողմերից

07/09/2021

Համաձայն ՌԻԱ, համացանցի Yandex ռուսական խոշորագույն ընկերությանը որոշ պահից արգելել են «խելացի» եւ «քվեարկություն» բառերի համադրությամբ որոնողական գործողութան կատարումը: Բացի այդ, Ռոսկոմնադզոր-ի պահանջով արգելափակվել է ՌԴ ՊԴ ընտրությունների հետ կապված «Խելացի քվեարկություն» ընդդիմադիր կայքը: «Խելացի քվեարկություն» տեխնոլոգիան ապշեցուցիչ արդյունքներ էր տվել 2019-2020 թվականներին, հատկապես ՌԴ հեռավորարեւելյան մասում: Իշխանության դեմ արդյունքները չեղարկելու համար Կրեմլը ստիպված է եղել շատ տեղերում դիմել ստանդարտ գործողության:

Պուտինի կուսակցության թեկնածուների համար անբարեհաջող քվեարկության կասկածանքով ընտրական տեղամասեր են ուղարկվել հրշեջ խմբեր, որորնք բառի բուն իմաստով ջրել են ընտրական տարածքը իբր հրդեհներ կանխելու նպատակով: Նոր ընտրություններ նման տեղերում չեն անցկացվել ֆորս-մաժորի պատրվակով: Մոսկովյան կենտրոնի նման վերաբերմունքը ցասման ալիք է բարձրացրել Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի շրջաններում, որը մինչ այժմ չի մարել:

Ալեքսեյ Նավալնու առաջարկած «խելացի» քվեարկությունը ենթադրում է ընդդիմության դաժան ճնշման պայմաններում նախապատվություն տալ Եդինայա Ռոսիա իշխանության կուսակցությանը հակադիր առավել մրցունակ որեւէ ախոյանի, օրինակ կոմունիստներին: Այս մեթոդի կիրառությունն է համարվում մահափորձի հիմնական դրդառիթը, երբ նա այդ գաղափարով շրջագայում էր սիբիր-ուրալյան խոշոր քաղաքներով 2020-ի օգոստոսին:

Սեպտեմբեր 19-ին կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Սելիվերստովը Էխո Մոսկվի կայանին ասել է, թե ինքը «խելացի քվեարկությունը» համարում է անազնիվ մեթոդ: Այս կարծիքը ծաղրուծանակի է արժանացել Ռուսաստանում:

Ռուսական մթնոլորտն էլ ավելի է «զավեշտացրել» խնդրի առիթով նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին ուղղված հետեւյալ հարցը [մջբ. RIA, 2]. «Ինչ է մտածում պետության ղեկավարը: Արդյոք նա կապու՞մ է «Խելացի քվեարկություն» կայքի հասանելիության սահմանափակումը և կենդանիների առևտրի ընկերության համար «Խելացի քվեարկություն» ապրանքանշանի գրանցումը: Դրանք կապվա՞ծ են Պետդումայի առաջիկա ընտրություններին Եդինայա Ռոսիայի արդյունքների վերաբերյալ մտահոգության հետ»: Նշենք, որ հանրության կարծիքով կայքը փակել պահանջած «կենդանիները» իբրեւ բրենդակիր հապշտապ մեջ են ընկել հենց Կրեմլի թեթեւ ձեռքով:

Լրագրողների հարցին Պեսկովը պատասխանեց՝ ոչ: «Խելացի քվեարկություն» կայքի արգելափակման թեման չի վերաբերում նախագահին, ընտրական քարոզչությամբ զբաղվում է ԿԸՀ-ն, նրան հարցրեք», ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը: Միաժամանակ նա հաստատեց, որ Պուտինը, այո, սատարում է Եդինայա Ռոսիային, և գլխավորը նրա համար «արդար և մաքուր ընտրություններն են՝ օրենքի ոգուն և տառին համապատասխան»:

Պառլամենտական ընտրությունները, որոնք կայանալու են իրական ընդդիմության գրեթե լիակատար ճնշման պայմաններում, համարվում են Ռուսաստանի համար լինել-չլինելու հարց, նկատի ունենալով Վլադիմիր Պուտինից իշխանության սպասվող անցումը: Իշխանության վերին էշելոններում տիրող շփոթը տեսնելով, երբ այնտեղ վախ կա նույնիսկ սեփական ստվերի հանդեպ, շատ դիտորդներ գտնում են, որ Պուտինի հետնորդի դիրքը գրավելու համար դաժան պայքար է ընթանալու նույնիսկ ինքնահռչակ նախաձեռնողների մասնակցությամբ: Առաջին հերթին տրվում է անձնագրով Սերգե Կյուժուգեթ-օղլու Շոյգու քաղաքացու անունը, որ քաջ հայտնի է հայ հանրությանը որպես Արցախում ռուս-թուրքական «համատեղ բարդ օպերացիայի» [Tengrinews, 2] զինվորական պատասխանատու:

Տեղի որոշ դիտորդներ իշխանությունների՝ մեկը մյուսից զավեշտալի գործողությունների մեջ եւ դրանց պատճառաբանություններում հակված են տեսնել հակապուտինյան բաղադրիչ, որի էլիտար շահառուների լրիվ ցանկը առայժմ հստակ չէ:

Ezerk.am