«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցնցված ենք անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութից. Հունաստանի ԱԳՆ

04/10/2022

Հունաստանը խստորեն դատապարտում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ անզեն գերիներին գնդակահարելու դեպքը։ Այս հայտարարությունն արել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան իր էջում։

«Խորապես ցնցված ենք ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութերից։ Խստորեն դատապարտում ենք նման բռնության գործողությունները և կոչ անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,– ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։

Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան: