«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. Աշոտ Ներսիսյան «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար

27/09/2020

Ադրբեջանն, ըստ պաշտոնական հաղորդագրության, լայնամասշտաբ գրոհ է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, առավոտյան 7 անց 15 րոպեից: Դատելով նույն հաղարդագրություններից և Ջալալ Հարությունյանի կոչից՝ այս անգամ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, իսկ այն, որ հայկական կողմը արդեն ոչնչացրել է թշնամու տանկերից, նշանակում է, որ թշնամին օդային գրոհը զուգորդում է ցամաքային ուժերի հարձակմամբ: Ադրբեջանի գրոհը, դատելով տեղեկատվությունից, փաստորեն այս անգամ չունի տեղային բնույթ, որն այն եզրակացության է բերում, որ առավել հուժկու է, քան 2016թ. ապրիլյան գրոհը: Ինչպիսի պատճառներով կարելի է պայմանավորել այս ոչ անականկալ հարձակումը: Կարծում ենք, որ հետևյալներով.

1. Վերջին շրջանում վարվող բանակցությունների ձևաչափի նրա համար ոչ հստակ լինելը, հուլիսյան մարտերում կրած պարտությունը և հայկական կողմի այն ճիշտ դիրքոոշումը, որ Արցախը պետք է նորից դառնա բանակցող կողմ: Արցախի նորընտիր նախագահ Ա. Հարությունյանի կողմից Արցախի հանրապետության ապագայի համար որդեգրած ռազմավարության և մարտավորության հավատո հանգանակի կետ առ կետ մատուցումը պարզ է, որ ցավով պետք է տաներ Ալիևը, որը հասկացավ մի պարզ ճշմարտություն՝ հայկական կողմը չի գնալու ոչ մի զիջումների: Այս առումով պետք է դատապարտելի համարել այն սպասվելիք կոչերը, թե Փաշինյանը ձախողեց բանակցությունները, փորձել մեղքը գցել նրա վրա և այլն: Իսկ ի°նչ է, երբ նախորդ նախագահը գնում էր բանակցությունների, ռազմական գործողություններ չէին լինո՞ւմ: Այս հարցի պատասխանը նույնիսկ մանկապարտեզում գիտեն:

2. Բանակի ամրապնդման առումով վերջին շրջանում տարված այն արդյունավետ աշխատանքները, որոնք ավելի բարձրացրեցին նրա մարտունակությունը, այնպիսի անձանց հրամանատարներ նշանակելը, որոնք փորձված զինվորականներ են, արի և առաջնորդվում են միայն մեկ գլխավոր սկզբունքով՝ ուժեղացնել բանակը, բարձրացնել զգոնությունը սահմանին: Այս առումով, ըստ երևույթին, փորձեց զգոն լինել Ալիևը՝ ելնելով այն համոզմունքից, որ հետագայում առհասարակ դժվար կլինի խոսել զիջումներից և բանակցությունները նախկին ձևաչափերով օրակարգից դուրս կգան, թեև գործնականում արդեն դուրս էին եկել: Ըստ երևույթին նա խորհել է, որ հայկական կողմին կստիպի բերել բանակցությունների դաշտ՝ զիջումների հիմքով: Եթե այդպես է խորհել, կրկին չարաչար սխալվել է:

3. Ադրբեջականի ներքաղաքական իրավիճակի բարդությամբ, որից շեղումը կլիներ պատերազմն էր: Բայց եթե այս գործոնը կա, այս դեպքում Ադրբեջանի անխուսափելի պարտությունը կարող է բերել Ալիևի տապալմանը: Պետք է մատնանշել, որ Ալիևը երբեք չի եղել իրապաշտ և դեպքերից առաջ խորը կշռադատող գործիչ, ինպես իր հայրը, այնպես, որ այս համակողմանի գրոհն էլ չի կարելի պայմանավորել խորը վերլուծությամբ: Նա վաղուց պետք է հասկանար այն պարզ ճշմարտությւոնը, որ «կռիվ կռվելու համար» կարգախոսը իրեն սպառել է: Միգուցե ապրիլյան մարտերում մեր տարածքային որոշ կորուստները նրան որոշ առումով մխիթարել էին, բայց հուլիսյան դեպքերը պետք է դաս լինեին:

4. Հնարավոր է, որ նրան այս հարձակմանը դրդել են այլ ուժեր: Այսպիսի հարցադրման դեպքում բոլորի մտքով արագորեն անցնում է Թուրքիան, բայց վերջինս ինչքան էլ ադրբեջանամետ հայտարարություններ անի և օգնի նրան, ապա երբեք չի մտնի պատերազմի մեջ: Նախ, նա դրան պետք չէ, և երկրորդ, Էրդողանը լավ է հասկանում, թե դա ինչի կհանգեցնի տարածաշրջանում: Կարելի է այլ ուժերի հետ կապված էլ ենթադրություններ անել, բայց այս պահին կարևորը դա չէ: Գրոհն սկսվել է, և մենք հաղթելու են, որն անվարան կարելի է պնդել՝ ելնելով նաև ողջ արցախյան պատերազմի պատմության փորձից: Մեզ մնում է առաջնորդվել պաշտոնական ցուցումններով, չքաղաքականացնել խնդիրը և համախմբված կռվել՝ դուրս գալով պաշտպանողական փուլից և անցնել հակագրոհի: Եթե կրկին խոցված Ադրբեջանը նորից միջնորդներ մեջտեղ բերի զինադադարի համար, մենք չպետք է անսանք դրանց խորհրդին և առաջ գնանք այնքան, մինչև կպարզի սպիտակ դրոշակը, մինչև հետ բերենք ապրիլյան կռիվների օրերին կորցրած տարածքները, մինչև նորից Արցախը ճանաչվի բանակցող կողմ: Հակառակ դեպքում, կստացվի, որ մենք նորից արյուն ենք տալու՝ նույն վիճակը պահելու համար: Ոչ մեկն էլ ի սրտե մեր կողմից չէ այսօր, միայն հաղթանակով կամրապնդենք մեր շահերը: Վե՛րջ միջնորդավորված բանակցություններին: Ե°րբ պետք է հասկանանք, որ դրանք անպտուղ են: Աստված մեր ժողովրդի և նրա արի զավակների ու հրամանատարների հետ: