«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԾԿՀ մշակած գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան կքննարկվի ԱԺ հանձնաժողովում

03/11/2020

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշակված գազի սակագների հաշվարկման նոր մեթոդիկան գտնվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում՝ քննարկման փուլում:

Այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց գազի սակագների վերջին փոփոխմամբ պայմանավորված՝ «Գազպրոմ Արմենիա»-ում սպասվող 1000 աշխատակիցների կրճատմամբ:

Բաղրամյանը տեղեկացրեց, որ գազի սակագնի համար մշակվել է նոր մեթոդաբանություն: Այն գտնվում է ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման փուլում: «Մեթոդիկան նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներով 10-ամյա հաստատուն կարգավորման մեխանիզմներ՝ ընկերության համար: Դա ներառում է տարբեր գնահատականերով շուրջ 195 մլրդ դրամի ներդրումներ, կախված կառավարության իրականացվող ռազմավարությունից, կարող է լինել մինչև 230 մլրդ դրամի ներդրում՝ 10 տարվա ընթացքում»,-ասաց նա:

Մեթոդիկան նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներ: Այսինքն` առաջիկա հինգ տարվա համար ֆիքսվում են մեծություններ, այնուհետև արդյունքներ՝ և աշխատողների թվաքանակի կրճատման, և կորուստների կրճատման, և ծախսերի կրճատման հետ կապված: Անդրադառնալով1000 աշխատակցի կրճատման խոսակցություններին՝ Բաղրամյանն ասաց, որ դա այդ մեթոդիկայի շրջանակներում տասը տարվա ծրագրի ամենաավարտական ցուցանիշն է, այն էլ խոսքը 900 աշխատակցի կրճատման մասին է խոսքը: «Ֆիքսվում է հաստատուն մեծություն: Եվ եթե ընկերությունն առավել արագ է հասնում այն թիրախներին, որ պետք է հասնի հինգերորդ տարվա վերջում, այդ լրացուցիչ եկամուտները մնում են ընկերությանը՝ որպես ավել շահույթ»,-նշեց Բաղրամյանը:

Թե ներկայում «Գազպրոմ Արմենիա»-ում քանի աշխատակից է կրճատվել, Բաղրամյանը դեռ չգիտի: