«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ստորագրություններն արդեն դրված են». ՌԴ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագիրը կյանքի կկոչեն փաստաթուղթը ստորագրած բոլոր կողմերը

10/11/2020

Մոսկվան կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված Լեռնային Ղարաբաղում Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կյանքի կոչմանը պետք է հետևեն փաստաթուղթը ստորագրած բոլոր կողմերը։ Այս մասին RTVI հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ այն պետք է կյանքի կոչվի ստորագրած բոլոր կողմերի կողմից, իսկ ստորագրություններն արդեն դրված են»,- նշել է Զախարովան՝ կոչ անելով այս փուլում չքննարկել այս «փաստաթղթի անիրատեսականության սցենարները»։

«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է հարկավոր անել այն կյանքի կոչելու համար, իսկ այժմ քիչ բան չի արվում», - հավելել է նա՝ հիշեցնելով, որ հայտարարությունը կոնսենսուսի արդյունք է դարձել և բոլոր կողմերը ստորագրել են այն կյանքի կոչելու անհրաժեշտության համար։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: