«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Դրամի արժեվորումը պայմանավորված է նաև օտարերկրացիների ներհոսքով, որոնք հետաքրքրված են մեր արժույթով». տնտեսագետ

27/04/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը

 Պարո՛ն Սարգսյան, արտարժույթի փոխարժեքների ի՞նչ պատկեր ունենք այս փուլում, ինչո՞վ է պայմանավորված դոլարի ու եվրոյի փոխարժեքի անկումը:

– Դոլարի ու եվրոյի փոխարժեքի անկումը պայմանավորված է մի քանի գործոնով: Առաջինը Հայաստանի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոշտացումն է, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որի հիմնական նպատակը գնաճի զսպումն էր, որը, այնուամենայնիվ, ազդում է նաև երկրի արժույթի փոխարժեքի վրա, այսինքն՝ արժևորման է տանում, փողի թանկացման: Առհասարակ, դրամավարկային քաղաքականության ցանկացած կոշտացում հանգեցնում է ազգային արժույթի արժևորմանը, իհարկե այլ հավասար պայմաններում:

Երկրորդ գործոնը Հայաստան ժամանած ոչ ռեզիդենտների մեծ հոսքն է, որոնք մեր ազգային արժույթի նկատմամբ պահանջարկ ներկայացրեցին, քանի որ իրենց մոտ եղած արտարժույթը փոխանակեցին դրամի: Սովորական զբոսաշրջային հոսքի մասին չէ խոսքը, որովհետև մարդիկ ավելի երկար ժամանակով են եկել, ու ըստ այդմ դրամի պահանջարկը կմեծանա այդ անձանց կողմից, հետևաբար, սա նույնպես այլ հավասար պայմաններում հանգեցնելու է մեր դրամի արժևորմանը: Խոսքը 249 հազար մարդու մասին է, ինչը զգալի թիվ է:

Երրորդ գործոնը ռուսական արժույթի արժևորումն է, քանի որ մեր տնտեսություններն ու ֆինանսական համակարգը խիստ փոխկապակցված են, դա հանգեցրեց մեր ազգային վճարամիջոցի՝ դրամի արժևորմանը:

Նկատելի է, որ ռուսական ռուբլին բավական արժևորվել է, ինչը հիմնականում պայմանավորված է տնտեսության ապադոլարացմամբ ու նաև ռուսական բանկի կողմից կիրառված խիստ սահմանափակումներով, ինչը հանգեցրեց, որ դոլարի ու եվրոյի պահանջարկ չլինի տնտեսության մեջ: Պահանջը նաև, որ ներկայացվեց Արևմուտքի երկրներին, որ ռուսական էներգակիրների դիմաց վճարեն ռուսական ռուբլով, ինչը ևս բարձրացրեց ռուբլու պահանջարկն ու փոխարժեքը:

Չորրորդ գործոնը ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական գործընթացներում ապադոլարացման գործընթացով է պայմանավորված: Իհարկե նման մտահղացում վաղուց կար, որ մինչև 2025 թվականը անցում կատարվեր ազգային արժույթներով առևտրի իրականացմանը, սակայն գործընթացն ավելի արագացավ՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված:

Վերջերս ԵԱՏՄ-ի հանձնաժողովի նիստում արդեն իսկ որոշում է կայացվել, որ այդ գործընթացներն ավելի ակտիվանան, ու հիմնականում այսօր որպես վճարամիջոց օգտագործվի ռուսական ռուբլին, քանի որ անդամ պետություններից ամենահզոր տնտեսությունն ու հիմնական էներգակիրն այդ երկիրն է:

Այնուհետև անցում կկատարվի ազգային արժույթներին, երբ արդեն ազգային արժույթներով համապատասխան ապրանքների գնանշումները ներդաշնակեցվեն, ինչը ևս նպաստելու է ռուսական ռուբլու արժևորմանը, նաև ԵԱՏՄ միութենական տարածքում դոլարի ու եվրոյի նկատմամբ պահանջարկի նվազմանը, ինչը, ըստ երևույթին, ազդելու է նաև այդ երկրների ազգային արժույթների արժևորման վրա:

Հիմնական այս չորս գործոններն են, որոնք նպաստում են դոլարի ու եվրոյի արժեզրկմանը:

 Պատերազմական այս իրավիճակում ռուսական ռուբլին սկզբնական շրջանում աննախադեպ անկում գրանցեց, բայց կարճ ժամանակ անց հասցրեց կայունանալ: Սպասելի՞ էր նման պատկեր:

– Սկզբնական շրջանում բազմաթիվ կոշտ պատժամիջոցների հետևանքով, այո՛, ռուսական ռուբլին գահավիժեց, բայց հետագայում Կենտրոնական բանկի կողմից կիրառվող սահմանափակումները ու նաև ռուսական տնտեսության ներքին ռեսուրսների ապահովվածության բարձր մակարդակը նպաստեցին, որ ռուբլին արժևորվի: Չմոռանանք նաև, որ գոյություն ունի ԵԱՏՄ ինտեգրացիոն տարածք, որի շրջանակներում ևս բազմաթիվ ապրանքների առևտուրը ներդաշնակեցվում է ու լրացնում է նաև արևմտյան երկրներից ներմուծվող ապրանքների բացը: Այսինքն՝ ճիշտ քաղաքականության արդյունքում ռուսական ռուբլին կարճ ժամանակահատվածում արժևորվեց:

 Պարո՛ն Սարգսյան, փոխարժեքների այս տատանումներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության ու բնակչության կյանքի վրա:

– Դրամի արժևորումը նպաստել է, որ ներմուծվող ապրանքների գները նվազեն, ու, կարծում եմ, մոտ ժամանակներս պետք է շուկայում ականատես լինենք զգալի գնանկման՝ հատկապես այն ապրանքների պարագայում, որոնք արտերկրից ներմուծվել են Հայաստան:

Բայց դրամի արժևորումը միաժամանակ բացասական ազդեցություն է ունենալու մեր արտահանման վրա, այսինքն՝ մեր ազգային արժույթի չափից ավելի արժևորումը կարող է կրճատել արտահանումը, քանի որ մեր արտադրանքը դրսում այլ հավասար պայմաններում ավելի բարձր կարժենա, քան նախկինում կար:

Հատկապես կարևոր է, թե ո՛ր երկիր արտահանման մասին ենք խոսում: Եթե ռուսական շուկան դիտարկենք, քանի որ ռուսական ռուբլին ևս արժևորվել է, այս պայմաններում այդ ազդեցությունը չեզոքացվելու է:

Այլ խնդիր է Եվրամիության շուկան, որոնց հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց չեմ կարծում, թե դա էապես կխանգարի արտահանման գործընթացին: Սա, իհարկե, կարծում եմ, ժամանակավոր երևույթ է, ի վերջո, այդ ազդեցությունները չեզոքանալու են, որովհետև որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ լինելու են՝ կապված ռուսական ռուբլու փոխարժեքի, Հայաստան ժամանած անձանց գնալու հետ:

 Այսինքն՝ դրամի արժևորումն ունի և՛ դրական, և՛ բացասակա՞ն ազդեցություն մեր տնտեսության վրա:

– Այո՛: Կոնկրետ այլ հավասար պայմաններում դրամի արժևորումը, քանի որ մենք ավելի շատ ներկրող երկիր ենք, քան արտահանող, ապա ներմուծման առումով՝ դրական է, իսկ արտահանման մասով, ես ռիսկերն ասացի, բայց քանի որ արտահանման մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, այս պայմաններում չեմ կարծում, թե լուրջ խնդիրներ ունենանք:

 Գնանկման մասին ասացիք, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք՝ ե՞րբ սպառողները այն կզգան:

– Գնանկում կլինի, որովհետև եթե նախկինում ապրանքը գնվել էր, ենթադրենք, 3 դոլարով, որն արժեր, դիցուք, 520 դրամ, հիմա դա արդեն հաշվվում է 463 դրամով, էական տարբերություն կա: Բայց այդ գնանկումը մենք արագ կարող ենք չնկատել, որովհետև ապրանքն արդեն թանկ գնվել է, ու դրա համար արդեն դրամով գնանշումը կա, իսկ էժան ապրանքը բերելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դա բերես շուկա, այսինքն՝ որոշակի ժամանակային ճեղքվածք, այնուամենայնիվ, կա:

 Պարո՛ն Սարգսյան, մեր տնտեսության այսօրվա վիճակն ինչպե՞ս կգնահատեք: Աշխարհաքաղաքական այս շրջափուլում ոլորտին հաջողվո՞ւմ է անկայունություններից խուսափել:

– Քանի որ այսօր բավականին դրական միտումներ առկա են, նախ՝ ռուսական ռուբլու արժևորումը, ռուսական տնտեսության կայունացումը նպաստեցին, որ նաև Հայաստանի տնտեսությունը մեծ դիսոնանսների չենթարկվի, ընդ որում՝ մեր տնտեսությունը շահեց այն առումով, որ այլ երկրներից, հիմնականում Այ Թի ոլորտում աշխատող անձինք տեղափոխվեցին Հայաստան, որպեսզի այստեղ գործունեություն իրականացնեն, ինչը կնպաստի բնականաբար թե՛ այդ ճյուղի արտադրանքի ծավալի մեծացմանը, թե՛ տնտեսական շրջանառության ծավալների մեծացմանը:

Այսինքն՝ տնտեսության մեջ դրական միտումներ կան, ու Համաշխարհային բանկի կանխատեսումն առ այն, որ Հայաստանում կսպասվի բավական ցածր՝ 1,2%-անոց տնտեսական աճ, կարծում եմ՝ այնքան էլ իրատեսական չէ, որովհետև այդ դրական ազդեցություններն ավելի ազդեցիկ են, քան գնահատվել էր Համաշխարհային բանկի գարնանային զեկույցում: Այս դիտարկումներով կարող ենք ասել, որ շատ մեծ բացասական ազդեցություններ տեղի չեն ունենա, եթե այս միտումներն իհարկե պահպանվեն: