«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուրկրաինական պատերազմը և միջուկային աղետի սպառնալիքը 

02/10/2022

1945 թ. օգոստոսից ի վեր, երբ ԱՄՆ միջուկային ռմբահարումների ենթարկեց ճպոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքները, սկիզբ առավ նոր՝ միջուկային իսկ հետո նաև ջերմամիջուկային զենքի թելադրանքի դարաշրջանը: Այդ դիկտատի տակ հայտնվեցին մարդկային քաղաքակրթության գոյության և զարգացման բոլոր ոլորտները, հատկապես միջազգային կարգն ու միջպետական հարաբերությունները: Նախորդ՝ երկբևեռ աշխարհակարգը ձևավորվելով միջուկային զենքի դարաշրջանում, միջազգային գործընթացներում կրում էր միջուկային գործոնի կնիքը: Իրենց զինանոցներում ունենալով ատոմային և ջրածնային ռումբեր և դրանց տեղափոխման և կիրառման ավիացիոն/հրթիռային միջոցներ, երկու գերտերությունները՝ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը իրենց առճակատային հարաբերություններով սպառնալիքներ էին ստեղծում քաղաքակրթության գոյության համար: 

Շատերն են գրել Արևելք-Արևմուտք բևեռների բախման և գլոբալ աղետի սպառնալիքների մասին, երբ դեռ կար ԽՍՀՄ-ը և սառը պատերազմը: Սակայն տաք պատերազմներով հարուստ և պայթունավտանգ հետսառըպատերազմյան մեր ներկա դարաշրջանը պարզվեց, որ ավելի վտանգավոր է և ավելի մոտ Apocalypse-ին, քան նախկին սառըպատերազմյան աշխարհը: Միաժամանակ, զանգվածային ոչնչացման ջերմամիջուկային զենքերը, որքան էլ, որ տարօրինակ չհնչի, փրկեցին մարդկությունը ոչնչացումից: Պատահական չէր, որ ջրածնային ռումբի հեղինակ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը ստացավ խաղաղության նոբելյան մրցանակ: Հասկանալով, որ ատոմային և ջրածնային ռումբերով պատերազմում կգործի երաշխավորված գլոբալ ինքնաոչնչացումը, հակամարտող բևեռները պահպանեցին խաղի կանոնները և չհաշված մանր տեղային/վերահսկվող տաք պատերազմների, մարդկությունը խուսափեց նոր համաշխարհային պատերազմից: 1960-ական թթ. ձևավորվեց  համաշխարհային միջուկային պատերազմի կանխարգելման մեխանիզմը՝ որը միջազգայնագետներն  անվանում են  «առճակատային կայունության» մոդել:  

Ճգնաժամերով հարուստ նախորդ երկբևեռ աշխարհակարգում և հատկապես Կուբայի շուրջ առաջացած 1962 թ. Կարիբյան ճգնաժամի ժամանակ, ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն «առճակատային կայունության»  մոդելի շնորհիվ կարողացան խուսափել այն իրավիճակներից, որոնք ունակ էին հանգեցնել միջուկային զենքի կիրառման: Ձևավորվեց  փոխադարձ միջուկային-ուժային զսպման հայեցակարգը, որի հիման վրա էլ մշակվեցին ռազմավարական կայունության ուսմունքները: Միջուկային պատերազմը սկսեց համարվել միջազգային խնդիրների լուծման ամենածայրահեղ միջոց: Երկբևեռ Յալթա-Պոտսդամյան համակարգն առանձնանում էր միջազգային գործընթացների կառավարելիության բարձր աստիճանով և հիմնվում էր երկու տերությունների կարծիքների համաձայնեցման վրա, ինչը հեշտացնում էր բանակցությունները: ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը գործում էին ոչ միայն որպես առանձին պետություններ, այլ նաև երկրների խմբերի՝ ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի առաջնորդներ: Բլոկային կարգուկանոնը հնարավորություն էր տալիս ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին երաշխավորել ընդունված պարտականությունների «սեփական» մասի կատարումը:

1962թ.-ից հետո, 60 տարի անց,  առաջին անգամ աշխարհը կրկին հայտնվել է միջուկային պատերազմի միանգամայն իրական սպառնալիքի առջև։ Մինչդեռ պատերազմը, որը Ռուսաստանի իշխանությունները վարում են Ուկրաինայի դեմ սովորական սպառազինությամբ, հետ դարձով մտել է ռուսաստանցիների տունը՝ երկրում շարունակվում է մասնակի զորակոչը և բողոքի ակցիաները նրա դեմ:

Ռուսաստանի նախագահը միջուկային ռումբով է սպառնում, ինչպես կպատասխանի Արևմուտքը?: 1962թ. հոկտեմբերին, Կարիբյան ճգնաժամի ամենավտանգավոր օրերին, երկրագնդի ճակատագիրը որոշել էին երկու մարդ՝  ԽՍՀՄ այն ժամանակվա առաջնորդ Նիկիտա Խրուշչովը և ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին։ Արժանին պետք է մատուցել նաև Վաշինգտոնում գերլարված ու ծանր բանակցություններն հաջողությամբ ավարտին հասցրած մեր հայրենակից Անաստաս Միկոյանին: Հայտնվելով միջուկային պատերազմի միանգամայն իրական հեռանկարի առջև, նրանք կարողացան պայմանավորվել և փոխզիջումների միջոցով վերացնել մարդկության համար մահացու վտանգը։ Արդյոք Պուտին-Բայդեն զույգը կկրկնի Խրուշչով-Քենեդի զույգի սխրանքը, փրկելով քաղաքակրթությունը ոչնչացումից:
Ուղիղ 60 տարի անց աշխարհը կրկին բախվել է միջուկային ապոկալիպսիսի սպառնալիքին, բայց այս անգամ հնարավոր է, ավելի բարդ լինի: Չէ որ խոսքը գնում է ոչ միայն աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունների շահերի մասին, այլ նաև Եվրոպայի ամենամեծ երկրի ՝ Ուկրաինայի գոյության մասին ։

Անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը, հայտարարելով գրավյալ ուկրաինական տարածքները ՌԴ կազմի մեջ մտցնելու և զորահավաքի պատրաստակամության մասին, աներկբա ակնարկեց նաև միջուկային զենքի մասին, որպես երկրի "տարածքային ամբողջականության" պաշտպանության միջոց: "Դա բլեֆ չէ", - ասել է ՌԴ նախագահը։ Բոլորին հասկանալի է, որ ուկրաինական գրավյալ շրջաններում անցկացված հանրաքվեներից հետո Ռուսաստանը պատրաստ կլինի դրանք հռչակել իր տարածքի մի մասը, որն էլ իրականացվեց սեպտեմբերի 30-ի որոշումներով: Այսուհետ,  Կրեմլը հավանաբար, պաշտպանելու է իր այս գործողությունը բոլոր հնարավոր միջոցների օգնությամբ:

Կիևը պնդում է, որ օկուպացված շրջանների անեքսիայի ցանկացած փորձ վերջ կդնի Ռուսաստանի հետ բանակցություններին, քանի որ տարածքի մոտ 20 տոկոսի կորուստը Ուկրաինան արդարացիորեն գնահատում է որպես պետականության փաստացի կորուստ նրա ներկայիս տեսքով: Ռուսաստանի համար Ուկրաինայի բանակին սովորական միջոցներով հաղթելը շատ դժվար է, ոմանց կարծիքով, անհնար: Ռուսները կռվում են հավաքական Արևմուտքի հզոր ռազմական մեքենայի դեմ: Խարկովի մերձակայքում ռուսական զորքերը նահանջեցին, հիմա  ռազմաճակատի այլ մասերում  հարձակման են անցնել: Ընդ որում, արևմտյան փորձագետները կարծում են, որ զանգվածային մոբիլիզացիան հազիվ թե օգնի արագ լուծել ՌԴ ռազմական խնդիրները, քանի որ ռուս պահեստազորայինները ակնհայտորեն լավ պատրաստված չեն լինի և հազիվ թե աչքի ընկնեն բարձր բարոյական ոգով, իսկ դրանք ցանկացած բանակի մարտունակության երկու կարևորագույն բաղադրիչներն են:

Այս հանգամանքները ստիպում են մտահոգվել, որ չլինի թե հանկարծ որոշվի կիրառել միջուկային զենքը: ,,Ռուսաստանը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել,,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
«Ռուսաստանն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում միջուկային զենք կիրառել… Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքներին խիստ համապատասխան»,- գրել է Մեդվեդևը։ Նա պարզաբանել է, որ նման արձագանքը կհետևի Ռուսաստանի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում։ Մոսկվան նաև իրավունք ունի օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան երկրի կամ նրա դաշնակիցների կողմից այս տեսակի զենքի օգտագործմամբ հարձակման դեպքում։ Կարևոր տարբերությունը Կարիբյան ճգնաժամի և ներկայիս սրման միջև այն է, որ այս անգամ դիմակայության լուծման համար շատ ավելի տարբեր սցենարներ կան:

1962թ.–ին ամենահավանական և ամենասարսափելին թվում էր ԱՄՆ–ի և ԽՍՀՄ-ի միջև զանգվածային միջուկային հարվածների փոխանակումը, որն արագ տանում էր դեպի քաղաքակրթության ոչնչացմանը։ Այժմ, ինչպես կարծում են Արևմուտքում, Ռուսաստանը կարող է սահմանափակվել ուկրաինական բանակի դեմ տակտիկական միջուկային լիցքերի կիրառմամբ, այսինքն՝ համեմատաբար փոքր հզորության մարտագլխիկներով հարվածելով: Այն մասին, թե ինչ է մարտավարական միջուկային զենքը և ինչումն է Ռուսաստանի կողմից դրա կիրառման վտանգը, դեռևս լրիվ պարզ չէ:

Արևմուտքում Պուտինի միջուկային սպառնալիքներին ամենայն լրջությամբ են վերաբերվում և Կրեմլին "աղետալի հետևանքներ" են խոստանում ։ Բայց թե ինչպիսին կլինի Արևմուտքի արձագանքը, հրապարակավ չի հաղորդվում։ Հնարավոր տարբերակների ցանկը այստեղ շատ մեծ է: Օրինակ՝ Կիևին ռազմական օգնության կտրուկ ուժեղացումից և Մոսկվայի լիակատար միջազգային մեկուսացումից մինչև ՆԱՏՕ–ի ուժերի ուղղակի հարվածն Ուկրաինայում ռուսական զորքերին, կամ նույնիսկ ռուսական տարածքում։ Արևմուտքին  Ռուսաստանի պատասխանը կարող է էսկալացիայի նոր փուլ լինել և այդ ժամանակ աշխարհն ավելի մոտ կլինի միջուկային ապոկալիպսիսին: Միաժամանակ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն չեն միջամտի հակամարտությանը, եթե խոսքը միջուկային զենքի մասին է։ Նրա կարծիքով՝ Արեւմուտքը շատ ավելի անհանգստանում է իր անվտանգության համար, քան «մահացող Ուկրաինայի ճակատագրով, որը ոչ մեկին պետք չէ»։
Արտասահմանյան և եվրոպացի դեմագոգները չեն պատրաստվում կործանվել միջուկային ապոկալիպսիսում։ Ուստի նրանք կուլ կտան ներկայիս հակամարտությունում ցանկացած զենքի կիրառումը։

Կարլ Մարքսի հայտնի արտահայտությամբ՝ առաջին անգամ պատմական իրադարձությունները տեղի են ունենում որպես ողբերգություն, բայց կրկնվում են որպես ֆարս։ Չի կարելի բացառել, որ իրականության մեջ կարող է տեղի ունենալ ֆարսից անսահման հեռու մի բան։ Առավել ևս, որ Ուկրաինայի համար, որտեղ պատերազմ է ընթանում արդեն յոթ ամիս, ողբերգությունն դարձել է ամենօրյա իրականություն։

Հեղինակ ՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան, ք․ գ․ դ․, պրոֆեսոր  Գարիկ Քեռյան  

Generalnews.am