«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

TRIPP-ի հայկական տեսլականը՝ որպես տարածաշրջանային կայունության գործիք. Վահե Պողոսյան

17/04/2026

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնությունը, հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվող և ակտիվորեն առաջ մղվող տնտեսական և լոգիստիկ նախագիծ, որի նպատակն է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների վերածումը կայուն և համագործակցային հարթակի։ Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում փոփոխված միջազգային քաղաքական միջավայրում զգալիորեն աճել է բազմազան և անվտանգ առևտրային ուղիների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարող է TRIPP-ը ներկայացնել որպես խաղաղության վրա հիմնված միջանցք, որտեղ տնտեսական փոխկախվածությունը դիտարկվում է որպես տարածաշրջանային լարվածության նվազեցման կարևորագույն գործոն։

Մեր դիտարկմամբ, TRIPP-ը կարող է հիմնվել Հայաստանի աշխարհագրական բացառիկ դիրքի վրա՝ որպես տարբեր տնտեսական և աշխարհաքաղաքական տարածքներ կապող օղակ։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային և էներգետիկ կապերի ամրապնդումը, ինչպես նաև Սև ծովի ուղղությամբ ելքերի զարգացումը, հնարավորություն կտան Հայաստանին դիրքավորվել որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով հոսքերը միավորող կարևոր հանգույց։ Այս մոտեցումը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի տարանցիկ դերը, այլև կնպաստի տարածաշրջանային ներառականության բարձրացմանը՝ առաջարկելով այլընտրանքային երթուղիներ, որոնք չեն սահմանափակվում առկա աշխարհաքաղաքական հակասություններով։

Հանդես գալով TRIPP նախաձեռնության առաջնային ջատագով՝ Հայաստանը կարող է այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և զարգացնել համագործակցությունը հատկապես Եվրոպական Միության հետ։ Նմանօրինակ համահունչ զարգացումը աշխարհաքաղաքական կենտրոնների հետ կբարձրացնի նախաձեռնության վստահելիությունն ու գրավչությունը՝ խթանելով արտաքին ներդրումների մեծ հոսքին և միջազգային մասնակցության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում։ TRIPP-ը որպես բաց և համագործակցային հարթակ ներկայացնելով՝ Հայաստանը կարող է նաև ամրապնդել իր դիրքը որպես կառուցողական դերակատար, որը նպաստում է երկխոսությանը, կապակցվածությանը և տնտեսական ինտեգրմանը, այլ ոչ թե հակամարտությանը։

Վերոնշյալից կարող ենք հանգել այն եզրակացությանը,որ TRIPP նախաձեռնությունը հնարավորություն կտա Հայաստանին անցում կատարել տարածաշրջանային գործընթացների պասիվ հետևորդից դեպի ակտիվ օրակարգ ձևավորող դերակատարի։ Մանրակրկիտ ռազմավարական պլանավորման, ենթակառուցվածքների զարգացման և հավասարակշռված արտաքին քաղաքականության միջոցով Հայաստանը կարող է այս գաղափարը վերածել իր ազգային շահերին ծառայող հիմնական և կարևոր գործիքի։ Լավ մշակված TRIPP նախաձեռնությունը ոչ միայն կուժեղացնի մեր պետության տնտեսական դիմադրողականությունը, այլև կբարձրացնի նրա աշխարհաքաղաքական նշանակությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղությունը և բարգավաճումը խթանող ժողովրդավարական կղզյակ։

Վահե Պողոսյան, «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող