«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Էլեկտրաէներգիայի թանկացումը, որը էներգետիկ ճգնաժամի հետևանք է, չի կարող արդարացված լինել». փորձագետ

03/12/2021

«Մեդիալաբի» զրուցակիցն է էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը

– Պարո՛ն Դավթյան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել է Հայաստանում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին՝ ընդգծելով, որ դա պայմանավորված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատանքի կանգնեցմամբ, ատոմակայանի վարկի սպասարկմամբ: Ինչ եք կարծում, արդյոք արդարացվա՞ծ է էլեկտրաէներգիայի թանկացումը մեր երկրում:

– Ո՛չ, չի կարող արդարացված լինել, որովհետև էլեկտրաէներգիայի թանկացումը երկրում տիրող էներգետիկ ճգնաժամի ուղիղ արգասիքներից մեկն է: Երբ ասում եմ ճգնաժամ, գույները ամենևին չեմ խտացնում:

Մենք պետք է հասկանանք, որ վերջին 2-3 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները ամբողջությամբ ձախողել են էներգետիկ անվտանգության ռազմավարությունը և, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտահանման քաղաքականությունը, ինչի արդյունքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի սեփականատեր «Գազպրոմ Արմենիան» որոշել էր անժամկետ կանգնեցնել այդ խոշորագույն օբյեկտի գործունեությունը: Ինչու: Որովհետև Հրազդանի 5-րդ էներգաբլոկի կառուցումը ի սկզբանե հիմնված էր էլեկտրաէներգիայի արտահանման սկզբունքի վրա, ու, մասնավորապես, կապված էր Իրանի հետ կառուցվող Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի շրջանակներում իրականացվող Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման հետ:

Մենք գիտենք, որ այս նախագիծը այսօր գրեթե ձախողված է, կաթվածահար վիճակում է: Մենք չենք ավելացրել էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան: Եվ այս պայմաններում, հաշվի առնելով նաև այն հսկայական պարտքը, որը ձևավորել է այդ օբյեկտը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի հետագա շահագործումը նպատակահարմար չէ: Սա իշխանությունների ապիկար էներգետիկ քաղաքականության իրականացման ուղիղ հետևանք է:

Այսինքն՝ այն, ինչ ՀԾԿՀ նախագահը ներկայացնում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառ, իրականում առաջացած ճգնաժամի հետևանք է:

Դուք նաև նշեցիք ատոմակայանի վարկի խնդիրը: Այո՛, ատոմակայանի արդիականացման համար վարկի ներգրավման արդյունքում սակագնային բեռի ձևավորումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. արդիականացման աշխատանքների գրաֆիկը խախտվել էր, ինչի արդյունքում ատոմակայանը աննախադեպ երկար ժամանակով՝ 141 օրով կանգնեցվեց, և հայկական կողմը ՌԴ-ից վերցրած վարկը ստիպված եղավ մարել ավելի շուտ, քան ատոմակայանը կաշխատեր, այսինքն՝ այն ժամանակ, երբ ատոմակայանը կանգնած էր: Սա նույնպես իշխանությունների վարած հակահամակարգային և դիլետանտ քաղաքականության հետևանք է:

– Ներեցեք, իսկ կարո՞ղ էր Հայաստանն այլընտրանք ունենալ այդ թանկացմանը, գուցե նաև Արցախում ՀԷԿ-երի կորուստն է հանգեցրել այդ որոշմանը:

– Արցախի հետ կապված իրավիճակը ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, քան ռեալ էներգետիկ, տնտեսական: Մենք այնտեղից էլեկտրաէներգիա չենք ստանում, այո՛, բայց պետք է համադրենք ծավալները:

Գիտենք, որ 30 ՀԷԿ անցել է թշնամուն, և այս տարի մենք Արցախից նախատեսում էինք 330 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա ներկրել: Հայաստանում արտադրվում է մինչև 7 մլրդ կվտ/ժ էներգիա, որից 1.5 միլիարդը գնում է Իրան: Հիմա այս մեծ ծավալի մեջ Արցախից եկող էլէներգիայի ծավալը այդքան մեծ չէ, որ համակարգային ազդեցություն ունենար:

Եթե խոսենք ավելի մեծ խնդիրներից, որոնք ինձ թույլ չեն տալիս ասել, որ կա ռեալ հնարավորություն սակագինը նվազեցնելու, այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգում տարիներ շարունակ կուտակվել է հսկայական վարկային բեռ, որոնք ուղղվել են տարբեր ցանցերի արդիականացմանը:

Երկրի ներսում ունենք սպառման բացասական դինամիկա, գնալով նվազում է էլեկտրաէներգիայի սպառումը՝ պայմանավորված ժողովրդագրական տվյալներով, տնտեսական անկմամբ: Արդյունքում՝ համակարգը արդյունավետ չի աշխատում, այսինքն՝ ներգրավել ենք հսկայական միջոցներ, որպեսզի համակարգը արդիականացվի, դա տեղի է ունենում, բայց այդ համակարգի օգտակար գործողության գործակիցը չափազանց ցածր է:

Հետևաբար վարկային պայմանագրերի շրջանակներում առաջացած հսկայական տոկոսները մարելու համար ստիպված են գնալ սակագների բարձրացման ճանապարհով:

– Պարո՛ն Դավթյան, քանի՞ տոկոսով սակագնի բարձրացման մասին խոսք կարող է լինել:

– Ես կարծում եմ՝ կարող է լինել նույն ծավալի բարձրացում, ինչ եղավ այս տարվա փետրվարից, երբ 400 կվտ/ժամից ավելի սպառող բաժանորդների համար գինը թանկացավ: Իմ կարծիքով՝ այս պարագայում թանկացումը կարող է լինել 3-5 տոկոսի չափով:

– Իսկ դա ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել սոցիալական և տնտեսական առումով:

– Էլեկտրաէներգիայի և գազի սակագնային համակարգի կարգավորումները մեր երկրի տնտեսական վիճակի ինդիկատորներից են: Ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել զգալի գնաճի, թեպետ այսօր էլ այդ խնդրին առերեսվում ենք, ինչի հետևանքով աղքատությունն ավելի է խորանալու:

– Ի վերջո, պարո՛ն Դավթյան, ստեղծված իրավիճակը ոչ պրոֆեսիոնալ կառավարմա՞ն, թե՞ սուղ հնարավորությունների հետևանք է:

– Խնդիրը նախևառաջ արտահանման քաղաքականության ձախողման մեջ է: Բայց, ընդհանուր առմամբ, ես կարող եմ ասել, որ 2018 թվականից ի վեր մենք հետևում ենք դիլետանտական ու ոչ հեռանկարային մոտեցման մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների կառուցման տիրույթում, որը մեր էլեկտրաէներգիայի թիվ մեկ ներկրողն է:

Բայց 2018 թվականից ի վեր հետևողականորեն թիրախավորվել է հայ-իրանական օրակարգը, պարալիզացվել են միասնական օրակարգի շատ ծրագրեր՝ Մեղրիի հիդրոէլեկտրակայան, ազատ տնտեսական գոտի և այլն:

Սա աշխարհաքաղաքական դիլետանտիզմ է: Արդեն մտածում եմ՝ սա հետևողական քաղաքականության արգասիք է, որովհետև հնարավոր չէ, որ բարձրագույն իշխանությունը չգիտակցի Իրանի հետ էներգետիկ հարաբերությունների զարգացման ռազմավարական կարևորությունը: