«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կաթողիկոսին հեռացնելու համար դժվար թե կարողանան մշակել շատ նուրբ և անխոցելի բեմագրություն. Աշոտ Ներսիսյան

29/07/2025

Երբեմն այնպես է թվում, որ Փաշինյանը կարող է ցանկանալ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ անելով  և խնդիրն օրակարգում պահելով, վերջը հասնել կաթողիկոսի հետ մի փոխզիջման, որից հաստատ բոլոր ապաքաղաքական շերտերը կուրախանան: Թերևս դա դառնությամբ կտանեն այն քաղաքական ուժերը, որոնք ցավոք եկեղեցին ցանկանում են դարձնել բարիկադ`իշխանությունը տապալելու համար: Սա ոչ մի առումով շահեկան չի կարող լինել մեր ժողովրդի համար: Բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե կրակ լցնելով  յուղի վրա և եկեղեցուն օրեցօր ավելի ու ավելի սրացման տանելով, կկարողանան հասնել իրենց բաղձալի աթոռին, չենք կարծում, որ ճիշտ հաշվարկ են անում: Իշխանություններն էլ կաթողիկոսին հեռացնելու համար դժվար թե կարողանան մշակել շատ նուրբ և անխոցելի բեմագրություն: Այս լարվածությունից օգտվել փորձող ռուսաստանաբնակ մեծահարուստները ոչ մի հարց չեն կարող լուծել: Վերջերս ակտիվացած Արա Աբրահամյանն իր քաղաքական մտածողությամբ մնում է 16-րդ դարում: Արտաքին ոչ մի ուժի այսօր չի հետաքրքրում ՀՀ-ում իշխանություն- հոգևորականություն պայքարը: Ռոմանտիզմի դաշտից է այն, որ Ռուսաստանը կօգնի այս իրավիճակում: Նրա օգնության հույսով պետք չէ շարունակի գործել եկեղեցին: Ներքաղաքական ուժերը ևս հիմա ռուսական աջակցություն չեն ստանա: Արդյունքում մնում է օրըստօրե բևեռացնել ներքին կյանքը, լարված պահել հասարակությանը: Երեկ Վարդավառի եկեղեցական արարողակարգից հետո անեծքով էր շաղախված Արշակ սրբազանի խոսքը: Ատելության խոսքը շարունակում է իշխել հոգևոր այրերի բառամթերքում: Աջապահյանի ձերբակալման օրը, երբ հնչեցվեցին զանգերը, պարզ դարձավ, որ ժողովրդով իշխանափոխության գնալու որևէ շանս բացառվում է: Միգուցե եկեղեցին այլ ճար չունի՞: Համենայն դեպս այն ուժերը, որոնք հրահրում են նրան,արջի ծառայություն են մատուցելու: Ով սխալ է, պետք է խոստովանի, որ մեր պետականությունը շահի: Թող քաղաքական ուժերը գնան նախապատրաստվեն ընտրություններին և հաշտության կոչ անեն, թող եկեղեցին հայտարարի, որ այսուհետ հեռու է լինելու քաղաքականությունից և միայն առաջնորդվելու է հավատի և բարոյականության խնդիրներով, իսկ իշխանությունը, որ չի խառնվելու եկեղեցական գործերին և թող ապաշխարեն բոլոր մեղավոր հոգիները: Վազգեն Ա վեհափառը ներեց Տիրան արք. Կյուրեղյանին, որն իր ուխտն Աստծու հետ խախտել էր և նրան նշանակեց Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ: Շատերը կպնդեն,թե Փաշինյանին պետք է հեռացնել, նա ծախել է Արցախը, ուզում է հաշտվել թուրքերի հետ և այլն, որոնք լսում ենք ամեն օր: Դրանց ճիշտ կամ սխալ լինելու հարցը չքննարկելով, շեշտենք`խնդրեմ, հեռացրեք, եթե կարող եք, շարունակեք այն ինչ սկսել եք 2020-ից ու չեք հաջողվել: Բայց դրա ճիշտ ճանապարհն արդեն նշեցինք` ընտրություններն են: Միգուցե հաղթելուն վստահ չեք ևձեր հույսը մնացել է եկեղեցին: Բայց եկեղեցով էլ դուք դժվար թե հաղթեք, իսկ ամոթաբեր հարվածը կհասցնեք նրան: Այս կառույցը եթե գործի, պետք է գործիպետությունից անկախ: Բարձրաստիճան հոգևոր այրերը վեհորեն պետք է մոտենան իշխանությունների քարոզչությանը և դրանց բացասական հետևանքները չեզոքացնեն վեհորեն, եթե պետք է` նաև հեռանան վեհորեն, եթե արդար են և մաքուր: Այս դեպքում մի լավ բանի կհասնենք:Պետք է` անկողմնակալ և ճիշտ մարդկանց մի հանձնաժողով կազմել և այցելել վարչապետին ու կաթողիկոսին` առաջարկելով մի փոխզիջումային լուծում: Ահա այդ ժամանակ լիովին կզատվի ճիշտը սխալից: Սա հրատապ է, թեպետ շատերը դա չեն ուզենա: Բայց այսպես մինչև ե՞րբ:

«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի  ղեկավար, պրոֆեսոր Ա. Ներսիսյան