«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսլամական ահաբեկչության առանձնահատկությունները․ պ․գ․թ․, դոցենտ Մարինե Գևորգյան

23/10/2021

         Աշխարհը սառը պատերազմից հետո թևակոխել է «հակաահաբեկչական պատերազմի» փուլ։ Ահաբեկչության դեմ պայքարը գերակշռող աշխարհա­քաղաքական նշանակություն է ձեռք բերել, ուստի ուսումնասիրություններն այս ոլորտում այսօր ավելի քան արդիական են։

Ահաբեկչությունը համարվում է ամենավտանգավոր, անկանխատեսելի հետևանքներով լեցուն հասարակական-քաղաքական և բարոյական խնդիրներից մեկը, որին բախվել է մարդկությունը դեռևս վաղ ժամանակներից, սակայն այն սուր դրսևորումներ ստացավ XXI դարում: Այդ երևույթը այս կամ այն չափով վերաբերվում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին: Ներկա իրականությունն այն է, որ ահաբեկչությունն ավելի ու ավելի է սպառնում բազմաթիվ երկրների անվտանգությանը` հանգեցնելով ահռելի քաղաքական, տնտեսական և բարոյական կորուստների: Ահաբեկչությունն իր հետ բերում է մարդկային զանգվածային զոհեր, ոչնչացվում են հոգևոր, նյութական, մշակութային արժեքները: Այն ծնում է ատելություն և անվստահություն սոցիալական և ազգային խմբերի միջև: Այստեղ տեղին է հիշատակել 2020 թ Արցախյան պատերազմում աննախադեպ մեծ քանակի զինված ահաբեկիչների ներգրավվածությունը թուրք-ադբեջանական տանդեմի կողմից, որոնց գործունեությունը և պատճառած վնասները դեռևս միջազգային հանրության կողմից լիարժեք գնահատականի չեն արժանացել։

Ահաբեկչության յուրահատուկ տեսակ է իսլամական ահաբեկչությունը: Իսլամական ահաբեկչության հատկությունը հիմնականում սահմանվում է իսլամի՝ որպես կրոնի, առանձնահատկությունների վրա: Միջազգային ահաբեկչությունն այսօր ավելի հաճախ աչքի է ընկնում իր կրոնական, ավելի ստույգ՝ իսլամական բնույթով:

Իսլամական հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրագործման միջոցառումները պետություններում, միջազգային կազմա­կերպություններում ու դաշինքներում իրականացվում են տարբեր կառույցների համատեղ ուժերով: Դրանց ընթացքում անհրաժեշտություն է առաջանում կիրառել հատուկ զինատեսակներ, տրանսպորտային, կապի և այլ տեխնիկական ու նյութատեխնիկական միջոցներ։

Իսլամական, և ընդհանրապես միջազգային հակաահաբեկչական ռազմավարության մշակման և իրագործման միջոցառումները տարբեր պետություններում, միջազգային կազմակերպություններում ու դաշինքներում իրականացնում են հետևյալ կառույցները.

  • ԱՄՆ-ում` Ազգային անվտանգության խորհուրդը, Ներքին անվտանգության խորհուրդը, Ազգային հակաահաբեկչական կենտրոնը, Ահաբեկչական ակտիվության վերահսկման կենտրոնը, Ներքին անվտանգության, Արդարադատության և Պաշտպանության նախարարությունները, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Դաշնային հետախուզության բյուրոն, Միջազգային միացյալ օպերատիվ  խումբը և Ահաբեկչության դեմ պայքարի միացյալ միջգերատեսչական կոորդինացիոն խումբը։
  • Եվրոպական պետություններում` Եվրոպոլը, Ահաբեկչության դեմ պայքարի հատուկ հանձնաժողովը, Ահաբեկչության դեմ պայքարի  փորձագետների կոմիտեն, Ահաբեկչության դեմ պայքարի համակարգող խորհուրդը, հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության վեր­լուծության միավորված կենտրոնը, ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, ոստիկանության հակաահաբեկչական ստորա­բաժանումը, ահաբեկչության ֆինանսավորման կանխման բրիգադը։

Տարածաշրջանային և պետական կառույցներից բացի, իր առանձին մասնագիտացված բաժինն ունի Ինտերպոլը (միջազգային ոստիկանությունը), որը հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնում է ամբողջ աշխարհում:

       Ահաբեկչության հիմնախնդիրներով զբաղվում էին քրեական օրենսդրության բարելավմանն առնչվող գրեթե բոլոր միջազգային կոնֆերանսներում: Օրինակ, դեռևս 1927 թ. Վարշավայի կոնֆերանսի ընդունած  26-րդ Բանաձևը տալիս է ահաբեկչության հետևյալ սահմանումը. <<Այն ընդհանուր վտանգ առաջացնող միջոցների օգտագործում է, որի ժամանակ մեղադրյալը կկատարի մարդու կյանքին, մարմնի անձեռնմխելիությանը, առողջությանը սպառնացող արարք, կամ այնպիսի արարք, որը կարող է քանդել արժեքավոր բարիքները`

ա/ կանխամտածված հրկիզում, պայթեցում, հեղեղում, ջրածածկում, հեղձուցիչ և մահացու նյութերի տարածում, հրդեհի կամ փրկվելու համար նախատեսված ազդանշանների, լապտերների, կառույցների փչացում;

բ/ տրանսպորտի, հաղորդակցման միջոցների, երկաթուղային գծերի, հեռախոսի, փոստի աշխատանքի ինքնակամ դադարեցումը, հիդրավլիկ սարքավորումների, լուսավորության, ջեռուցման համակարգերի կանխամտածված փչացում;

գ/ խմելու ջրի կամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի աղտոտում կամ թունավորում, հողագործության և անտառաբուծության համար առաջնային նշանակություն ունեցող բույսերի դուրս հանումը և ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակների տարածումը:

Վերոհիշյալ կետերի թվարկումը նպատակ ունի համեմատության մեջ դնել այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են Արցախյան վերջին պատերազմին մասնակցած իսլամիստ ահաբեկիչների կողմից հիշենք միայն մի փաստ ֆոսֆորի կիրառմամբ Արցախի անտառային տարածքների հրկիզումը թշնամու կողմից։

Ինչպես երևում է, այս բանաձևը <<ահաբեկչություն>> ասելով՝ հասկանում էր արարքների լայն շրջանակ, որպես որակավորող հատկանիշներ առանձնացնելով դիտավորությունը և օգտագործվող միջոցների ընդհանուր վտանգավորությունը:

Միջազգային շատ կազմակերպություններ ներգրավված են միջազգային, հատկապես իսլամական ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Դրանց թվին են պատկանում ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն,  ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը, միջազգային բազմաթիվ այլ կազմակերպություններ:

Տարածաշրջանային մակարդակում Ահաբեկչության դեմ պայքարի առաջին միջազգային կոնվենցիան ընդունվել էր 1971 թ. փետրվարի 2-ին։  ­1972 թ-ից ՄԱԿ –ի Գլխավոր Ասամբլեան դիտարկում էր ահաբեկչության և անմեղ մարդկանց կյանքին սպառնացող բռնության այլ ձևերը կանխարգելելու ուղղված միջոցառումների մասին հարցը: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի XXVIII – րդ նստաշրջանին հավանություն ստացավ միջազգային պաշտպանություն ունեցող անձանց դեմ հան­ցագոր­ծությունների կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիան:

1973 թ. Կոնվենցիայի ներածականում հղում է արվում ՄԱԿ – ի նպատակներին և սկզբունքներին, որոնք վերաբերվում են միջազգային խաղաղության պահպանմանը և պետությունների միջև ընկերական հարաբերությունների և համագործակցության զարգացմանը (կետ, որը կրկին խախտվեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմով և որին հենց նույն ՄԱԿ-ի կողմից չտրվեց համապատասխան արձագանք)։

Միջազգային իսլամական ահաբեկչության դեմ պայքար իրականացնող կառույցները տարբեր են, սակայն դրանց հիմնական նպատակները նույնն են՝

1. ահաբեկչական գործունեության նախազգուշացումը, բացահայտումը, կանխումը, խափանումը և դրա հետևանքների նվազեցումը,

2. ահաբեկչությունից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը,

3. ահաբեկչական գործունեությանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտումը և վերացումը։

               Խոսելով միջազգային ահաբեկչության ոլորտում ԵԱՀԿ գործունեության մասին՝ նշենք, որ ԵԱՀԿ-ն անվտանգության ռազմաքաղաքական ոլորտի նկատմամբ գոնե իր փաստաթղթերում որդեգրել է լայն մոտեցում` առանձնակի ուշադրություն դարձնելով սպառազինությունների վերահսկողությանը, սահմանների վերահսկմանը, ահաբեկչության դեմ պայքարին, հակամարտությունների կանխարգելմանը, բանակի բարեփոխմանը և ոստիկանության գործունեությանը: Կազմակերպությունը ձգտում էր նաև բաց և թափանցիկ մոտեցումների և համագործակցության միջոցով ամրապնդել ռազմական անվտանգությունը: ԵԱՀԿ փաստաթղերում հստակորեն կարդում ենք, որ միջազգային ահաբեկչություն հասկացության սահմանում տալը բարդ է և ոչ միանշանակ: Միգուցե սա էր պատճառը, որ Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներմուծումը հակամարտության գոտի, չարժանացավ որևէ գնահատականի ԵԱՀԿ-ի կողմից, որը դեռևս 1992 թ սկսած՝ զբաղվում էր հակամարտության միջնորդական առաքելությամբ։

Միջազգային ահա­բեկչության դեմ պայքարը կարող է լինել արդյունավետ միայն տարածաշրջանում միասնական մոտեցման և համընդհանուր ներդաշնակ գործողությունների ապահովման պարագայում։ ՀՀ-ն կարևոր տեղ էր հատկացնում  ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ՀԱՊԿ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվող գործողություններին: Սակայն կյանքը ցույց տվեց, որ մեր պարագայում Հայաստանը մնաց միայնակ հակաահաբեկչական պայքարում , քանի որ այստեղ հենց <<տարածաշրջան>> ասվածում առկա են ահաբեկչությունը սնող ու կերակրող գոնե 2 պետություններ՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Մարինե Գևորգյան

 

<<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի փորձագետ